Կյանքին ասել այո՛

Մեկին տեսնում ես՝ վայ, ընկերոջս է նման, ուզում ես մոտենալ, հասկանում ես, որ ընկերդ զոհվել է․ Էդիկ Նադիմյան․ «Կյանքին ասել այո՛»

«Պատերազմի օրերին հատուկ նկարվում էի, որպեսզի զոհվելու դեպքում գոնե նկարներս տուն հասնեն»,-պատմում է 44-օրյա պատերազմի մասնակից Էդիկ Նադիմյանը։ Բարեբախտաբար, տուն հասավ, իսկ բջջայինում պահպանված նկարներն էլ այսօր վկայություններ են պատերազմի ծանր ու մռայլ օրերից։ Առաջին լուրջ հարվածը ընկերոջ՝ Էդգարի մահն էր, սեպտեմբերի 27-ին։

Հենց այդ օրից էլ սկսեց ծխել։ Պատերազմի ամբողջ ընթացքում չվիրավորվեց, բայց պատերազմից հետո՝ նոյեմբերի քսանին կոտրեց ոտքը։ Ծառայակից ընկերները հաճախ են կատակում այդ առիթով, երբ հավաքվում են։ Հավաքվելիս, որքան էլ խուսափեն, մի քանի բառից հետո թեման անպայման պատերազմն է։

Առօրյայում էլ հեշտ չէ․ «Մեկին տեսնում ես՝ վայ, ընկերոջս է նման, ուզում ես մոտենալ, հասկանում ես, որ ընկերդ զոհվել է»…

Էդիկ Նադիմյանը ծնվել է 2001 թվականի փետրվարի հինգին Աբովյան քաղաքում։ Զորակոչվել է 2019-ի հուլիսի 13-ին։ Այժմ աշխատում է որպես հաշվապահ, ունի հավանած աղջիկ։

Back to top button