Վերնատուն

«Խուդոժնիկ» քաղաքը․ Գյումրիի մերօրյա կերպարը․ «Վերնատուն»

Գեղեցիկ շենքերը Երևանից դուրս են, հասցեն էլ Գյումրին է` ասում է մշակութային մեկնաբան, արվեստաբան, գեղագետ Լևոն Լաճիկյանը: Գյումրեցու համար քաղաքը կարևոր դեր ունի․ «Եթե ուզում ես գյումրեցուն վիրավորել, վիրավորիր քաղաքը»։

Լևոն Լաճիկյանը ծնունդով Գյումրիից է։ Ասում է՝ ապրում է Գյումրիով, բնակվում՝ Երևանում։ Գյումրին մի քանի պատմական շրջափուլեր և քաղաքակրթություններ է անցել, մի քանի անգամ փոխվել է քաղաքի անունը, սակայն իր նախնական կերպարն ու էությունը պահպանվել է։

Պատմական անցուդարձը ի՞նչ ազդեցություն է ունեցել Գյումրիի մշակութային կերպարանքի վրա․ «Գյումրիում կարելի է տեսնել արևմտյան և արևելյան հայաստանների ճարտարապետական, ազգագրական հաջողված խառնուրդը, մյուս կողմից՝ տեղական, հայկական–ավանդականի ու դրսեկ միջազգայինի խառնուրդը, քանի որ այն եղել է Հայաստանի ամենաբազմազգ քաղաքը», – ասում է Լաճիկյանը:

«Գյումրիում մեկտեղված են հին ու նոր ժամանակները, մշակութային կյանքը չի հենվում միայն անցյալի վերհուշների վրա, այո, այսօր կարելի է շեշտել, որ նա արվեստների մայրաքաղաքն է։ Մերկուրովը Գյումրիի մասին ասում էր «էս քաղաքը «խուդոժնիկ» քաղաք է»։

1980 թվականին ստեղծվել է Կումայրի պատմա –ճարտարապետական արգելոց –թանգարանը, որն իր մեջ ներառում է շուրջ 1200 շենք ու շինություն: «Հինը պահպանվել է ու չի քանդվել՝ նորը ստեղծելու համար, իսկ նորը ստեղծվել է հնի ոճավորմամբ՝ այստեղ է Գյումրիի այսօրվա գեղեցկության գաղտնիքը», – ասում է Լաճիկյանը։

Մի շարք ճամփորդությունների ընթացքում, տարբեր քաղաքների տեսարժան վայրերից բազմաթիվ գծանկարներ ունի արված։ Ասում է՝ իրեն գրավում են «հին քաղաքները», որոնք գրեթե բոլոր երկրներում կան, դրանցից մեկն էլ Գյումրին է։

Լաճիկյանի մատիտանկարներում հին Գյումրին է՝ դրանցից շատերը տպագրվել են բացիկների և օրացույցների տեսքով։ «Այս քաղաքի շնորհիվ է, որ ես նկարում եմ։ Ես ստեղծեցի իմ Գյումրին՝ ավելի պոետիկ ու ազնվական Գյումրին, որը հաճախ զբոսաշրջիկները չեն նկատում», – ասում է արվեստաբանը։

Back to top button