Սփյուռքի ձայնը

Ամենահեռու, բայց ամենամոտ ամերիկահայ համայնքը․ «Սփյուռքի ձայնը»

Ամերիկահայությունը պառակտված չէ, սակայն ունի տարբեր հայացքներ և դիրքորոշումներ Հայաստանի ներքաղաքական, ինչպես նաև ներհամայնքային հարցերի շուրջ։ Նման կարծիք է ձևավորվել օրերս ԱՄՆ-ից վերադարձած «Հայկական գաղթօջախներ» և «Հայկական ներուժ» հեռուստանախագծերի հեղինակ Արևիկ Օրբելյանի մոտ։

Որոնք են այն առանձնահատկությունները, որոնք ունեն ամերիկահայերը, արդյո՞ք կուսակցական և գաղափարական տարբեր հայացքները խանգարում են Հայաստանի կողքին լինելուն:

Նախագծերի հեղինակ Արևիկ Օրբելյանը նշում է, որ 25-օրյա հանդիպումների ընթացքում հայության տարբեր շերտերի հետ է զրուցել, եղել են նաև տարբեր քաղաքական թեմաներով բանավեճեր, հայացքների բախումները։

«Ամերիկահայությունը կայուն է իր գործողությունների մեջ։ Հենց այս հանգամանքն է այն կարևոր խարիսխը, որը լավ արդյունք է գրանցում՝ այս կամ այն հայանպաստ ծրագիրն իրականացնելիս։
Զարմացած և հիացած եմ հայ ընտանիքների՝ իրենց երեխաներին հայեցի դաստիարակելու մղումի համար»,- նշում է։

Արևիկ Օրբելյանը հիշեցնում է, որ թեև իր նախագծերը քաղաքական չեն, սակայն վերջին շրջանում քաղաքական հարցեր հաճախ են քննարկվում։

«Այս անգամ ևս նման մի իրավիճակ եղավ, երբ ամերիկահայ կազմակերպությունների հետ պետք է հանդիպեր ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։ Զարմանալի և տհաճ իրավիճակ էր, քանի որ հանդիպման առաջին հատվածը ՝ Ամերիկայի ՀՅԴ-ի շնորհիվ վերածվեց խառնաշփոթի, սակայն հետո հանդիպումը սպասվածից երկար և արդյունավետ դարձավ»,- պատմում է զրուցակիցս։

Իսկ արդյո՞ք հանձնակատարի հանդիպումների ընթացքում բարձրացված թեմաները Սփյուռքի պառակտման միտում ունեին, ինչպես նշում են որոշ սփյուռքահայեր, Արևիկ Օրբելյանը պատասխանում է․

«Ոչ, ես նման բան չնկատեցի։ Հակառակը, բազմաթիվ հարցերի անդրադարձան, որոնց շնորհիվ նախանշվեցին ապագայի ծրագրերը»։

«Հայկական գաղթօջախների» հեղինակը նաև հանդիպումներ է ունեցել Գլենդելի քաղաքապետի, ամերիկահայ գործարար և ստեղծագործող շրջանակների հետ։ Առանձնացնում է հատկապես հայ կանանց, որոնք, ըստ նրա, կարողանում են իրացնել իրենց գիտելիքները և հմտությունները, կիրառել մասնագիտական տարբեր ոլորտներում։

Ի դեպ, այստեղ էլ կուսակցական և այլ հայացքները չեն խանգարում, որ նրանցից շատերը Հայաստանի հետ ծրագրեր իրականացնեն։

Ամերիկահայ համայնքը տարբերվում էր մյուս համայնքներից` ասում է զրուցակիցս։ «Որևէ երկրում կամ քաղաքում լինելով՝ նման գործուն և Հայաստանին մոտ համայնք չեմ տեսել։ Թեև ամենուր կան և գործում են հայկական կառույցներ, սակայն ամերիկահայ համայնքը շատ ավելի հավաք է, գործուն և հայապահպան»,- շեշտում է Արեւիկ Օրբելյանը։

Back to top button