ԿարևորԿյանքին ասել այո՛

Հոգեբանը՝ պատերազմի դաշտում․սպիտակ շապիկով, սպորտային պայուսակով՝ մեջն էլ համակարգիչ. Արթուր Տոնոյան․ «Կյանքին ասել այո՛»

Ծնունդով Գյումրեցի, մասնագիտությամբ հոգեվերլուծաբան Արթուր Տոնոյանը պատերազմին առնչվել էր դեռևս 2016-ի քառօրյայից։ 44-օրյային Զինված ուժերի Գլխավոր շտաբի թիմի հետ պիտի մեկներ Գորիս՝ որպես հոգեբան տեղի հոսպիտալում աշխատելու, բայց հասավ մինչև Ջրական՝ սպիտակ բոթասներով, սպիտակ շապիկով, սպորտային պայուսակով՝ մեջն էլ համակարգիչ։

«Ընկեր, պատերազմ է, տրաքացնում են, ի՞նչ պիտի անի այստեղ հոգեբանը իր սպիտակ շորերով»,-արձագանքում են զինվորականները, երբ սպիտակ բոթասներով ու Սալվադոր Դալիի արտաքինով հյուրերը իջնում են համատարած ցեխի ու քաոսի մեջ հայտնված վիլիսից ու ներկայանում որպես հոգեբաններ։ Ընդամենը մեկ ու կես օր անց տղաները հասկացան՝ ինչ կարող են անել հոգեբանները պատերազմի դաշտում։ Քառասունյոթ օրվա ընթացքում շուրջ 2800 հոգեբանական խորհրդատվություն՝ ծառի, թփի տակ, բաց դաշտում, և որևէ օր Արթուր Տոնոյանը զինվորական համազգեստ չի կրել, որովհետև տղաների համար նրա քաղաքացիական հագուստը պարզապես հույս էր։

«Շատ դժվար է, երբ օրական քեզ մոտենում է մոտ երկու հարյուր տղա, գրկում ու ասում՝ դու երևի վերջին մարդն ես, որին մենք տեսնում ենք քաղաքացիական հագուստով»։ Հոգեբանը հուսադրում էր, թե՝ անպայման դեռ հանդիպելու և միասին քայլելու են Հյուսիսային պողոտայում։ Պատերազմից հետո հանդիպումներ եղան, բայց չկայացած հանդիպումները շատ էին։

Արթուր Տոնոյանը պատերազմին մասնակցել է հոկտեմբերի 3-ից մինչև նոյեմբերի 14-ը։ Ծնվել է 1989 թվականի մայիսի 9-ին Գյումրիում, ավարտել տեղի Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի հոգեբանության ֆակուլտետը, ապա՝ «Ուրարտու» գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի համալսարանը։ 2015-ից կրթությունը շարունակել է Փարիզի հոգեվերլուծական ինստիտուտում: Որպես պատոհոգեբան վերապատրաստվել է Ռուսաստանի Ուրալ քաղաքում։ «Հոգեբանի, հատկապես հոգեվերլուծողի ուսումը, կարելի է ասել, վերջ չունի»,-ասում է Արթուր Տոնոյանը։

Մասնագիտականը գործունեությունը սկսել է 2012 թվականից, կուտակել հարուստ փորձ տարբեր կառույցներում։ Այժմ հիմնականում աշխատում է «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում», ինչպես նաև «Հայկական հոգեվերլուծական ասոցիացիայի» գործադիր տնօրենն է։

Back to top button