ԿարևորՀասարակություն

Լոռու մարզի 6 բնակավայրերից 3-ում հանրային լսումները չեղարկվել են

Հուլիսի 11-ին Լոռու մարզում երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման թույլտվության նպատակով «Սագամար» ընկերությունը հանրային լսումներ էր հրավիրել: Դրանք նախատեսված էին 6 բնակավայրերում՝ Ստեփանավանում, Ուրասարում, Պուշկինո,Արջուտ,Նոր Խաչակապում և Արևաշողում։ 3 բնակավայրերում, սակայն, հանրային լսումները չեղարկվել են։

Լոռու մարզի 6 բնակավայրերում նախատեսված լսումներից առաջինն Ուրասարում էր:  Ծանոթանալով երկրաբանահետախուզական աշխատանքների ծավալներին՝ ուրասարցիներից մեկն ասաց՝ «եթե մեր բնությանն ու ջրերին չեք վնասելու, եկեք հետախուզեք, հանք բացեք»: «Իսկ ի՞նչ է շահելու դրանից մեր գյուղը, գյուղի խնդիրներին լուծում տվեք»,- մյուսն է հարցնում: Բանակների բաժանված գյուղացիների մի մասը կողմ է հանքին, թող բացվի, ասում են խոպան գնալու տեղը, գոնե հանքում կաշխատենք, մյուս մասի համար էլ հանքի հեռանկարն անհամատեղելի է գյուղատնտեսական պլանների հետ.

 «Ես դեմ եմ, էս քիմիան եղավ մեղուները վաբշե բերք չեն բերի»:

«Ոչ մեկս էլ չենք ուզում, որ բացվի, ստիպված, որ ժողովուրդը սովի չմատնվի: Ոչ մեկս էլ չենք ուզում, որ մեր բնությունը փչանա: Ամենաճիշտը հանգստյան գոտի սարքելն ա: Վերջի  վարիանտ, դանակը հասել ա ոսկորին, ստիպված պտի թույլ տանք, որ ժողովուրդը ապրի»:

«Եթե անհրաժեշտ ա պետությանը, օգուտ կլնի, թող մի գյուղին էլ մի թեթև վնաս լինի»:

Ուրասարի վարչական ղեկավար Գևորգ Մանուկյանի խոսքով՝ գյուղում խնդիրները շատ են, կհամաձայնեն հանքին՝ սոցիալական պատասխանատվության դեպքում:

Գևորգ Մանուկյան՝ Ուրասարի վարչական ղեկավար․

«Մեծ խնդիրներ ունի գյուղը. ջրագիծ, որը մեծ գումարների հետ է կապված, գազ չունի գյուղը: Ուզում ենք նախօրոք ամեն ինչ իմանանք, որ սխալներ թույլ չտանք»:

Ստեփանավանում իրավիճակն այլ էր: Համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինության, գյուղաատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Սամվել Ֆրանգյանն ասում է՝ ձեր քարտեզներն ու մեր հողային հաշվեկշիռն իրար հակասում են, լսումներն անիմաստ են․

«Սա Ստեփանավան համայնքի հողային հաշվեկշիռն է, որի մեջ պետական սեփականության հողը 0 է, այսինքն մեր բնակավայրը չունի վարչական տարածքում հող»:

Ճշտումներ կանենք քարտեզներում ու կրկին կվերադառնանք,- հակադարձում է նախագծող «Էկոմենեջմենթ» ընկերության ներկայացուցիչ Արթուր Մինասյանը: Ստեփանավանում լսումները չեղարկվեցին: Համայնքի ՀԱԿ խմբակցության ավագանու անդամ Վանո Հակոբյանի խոսքով՝ առնվազն տարակուսելի է, ինչո՞ւ է պարապուրդի մատնված Արմանիսի հանքավայրը շահագործող “Սագամար” ընկերությունը որոշել ընդերքի նման մասշտաբներով ուսումնասիրություն անել, հիշատակում համայնքին ունեցած պարտքերի մասին:

Վանո Հակոբյան՝ Ստեփանավան խոշորացված համայնքի ՀԱԿ խմբակցության ավագանու անդամ․

«Իրանք համայնքին պարտքեր ունեն, արդյունքում իրանց որոշ միջոցներ սառեցվել են, ոչ մի նորմա չի պահպանվում, էդ փոշին խայտառակություն է, միանշանակ դեմ եմ»:

Գյուլագարակ խոշորացված համայնքի Պուշկինո բնակավայրում հանրային լսումների ժամանակ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Խաչիկ Վարդանյանը կոչ արեց բնակիչներին տեղում պարզել բոլոր հարցերը՝ հետո փաստի առաջ չկանգնելու համար: Տեղի երիտասարդներին հանքի հեռանկարն ու վտանգներն էին հուզում,  գյուղի խնդիրներն էլ չմոռացան.

«Գյուղի համար ինչ որ լավ բան անելու եք, ասֆալտապատում, օրինակ, գյուղի ճանապարհը վատ վիճակում է, ծառատնկում գոնե»:

Խաչիկ Վարդանյան՝ Գյուլագարակ խոշորացված համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար․

«Էգուց որ հանկարծ ինչ որ մի բան եղավ, պիտի գան  ինձ ասեն: Ժողովուրդ ջան, դուք եք էստեղ ապրողը, դուք ասեք՝ձեզ օգուտ ա, վնաս ա, հարցեր տվեք»:

Արմանիսի հանքավայրը շահագործող “Սագամար” ընկերության գլխավոր տնօրեն Ստանիսլավ Մարոզովը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշեց, որ 1 տարի է՝ ինչ ստանձնել է ընկերության ղեկավարումը: Նրա խոսքով՝ «Սագամար»-ը վերագործակման է պատրաստվում: Առաջիկա  տարիների համար նոր պաշարներ են պետք: Լիակատար գործարկման պարագայում կունենան շուրջ 400 աշխատատեղ՝ ներկա 60-ի փոխարեն:

Ուշագրավ էր, որ բոլոր բնակավայրերում հանրային լսումներին բնակիչներից ավելի շատ էին “Սագամար” ընկերության աշխատակիցները: Փամբակ խոշորացված համայնքի Արջուտ բնակավայրում բնակիչների դժգոհությունն ակնհայտ էր: «Հնար ունենամ՝ եղած ոսկու հանքն ու աղբավայրը կփակեմ»,- Արջուտի ջրբաշխ Արտյոմ Հովհաննիսյանն է ասում,- գյուղի վերջում եմ ապրում, ամեն առավոտ վառած աղբի ծխից շնչահեղձ լինում: Եղածը մեզ հերիք է, նոր հանքի մասին մտածել չենք ուզում»

Արտյոմ Հովհաննիսյան՝ Արջուտի բնակիչ․

«Թողեք մենք էս աղբի ծխի հարցը լուծենք, հանքի հարցը լուծենք, նոր դուք կգաք ստեղ, 3-րդ հանքի մասին կմտածենք: Գյուղի ամենամաքուր տեղն եմ ապրում օդի տեսակետից, առավոտը խեղդվում եմ էդ հոտից, մի հատ էլ ապագայի համար խնդի՞ր ենք ստեղծում մեզ համար, իմ ուժն ինչքան պատի, դեմ եմ լինելու»:

Իրավապաշտպանները հարցեր են բարձրացնում. ինչպե՞ս են պատրաստվում տուրիզմը գերակա ուղղություն հայտարարած մարզում անվնաս հանք շահագործել, արդյո՞ք հաշվարկվել են բոլոր բնապահպանական ռիսկերը: Հանքարդյունաբերողի ներկայացուցիչները մատնանշում են սուբվենցիոն ծրագրեր համաֆինանսավորելու պատրաստակամությունն ու օրենսդրական փոփոխությունը, որով ընկերության շահույթից պարտադիր մասնաբաժին է տրվում համայնքին:

Ըստ  նախագծող «Էկոմենեջմենթ» ընկերության ներկայացուցիչների՝ երկրաբանահետախուզական աշխատանքները նախատեսված են 3 տարի՝ 2022-2025 թվականներին՝ ավելի քան 400 մլն. դրամ բյուջեով: Հանրային լսումները, Ստեփանավանից բացի, չեղարկվեցին նաև Նոր Խաչակապ ու Արևաշող համայնքներում:

Back to top button