Ծովահայեր

Վանա կատուներ. առասպելազրույցներից մինչև կենսաբանական առանձնահատկություններ. «Ծովահայեր»

  • Կենսաբանական ինչպիսի՞ առանձնահատկություններ ունեն Վանա լճի՝ այս փափկամազ ձկնորսները,
  • ինչո՞վ են գրավել միջազգային հանրության ուշադրությունը,
  • արդյո՞ք այդ տեսակը սկսեց վերանալ հայերի՝ Վանից դուրս գալուց հետո,
  • Վանից մինչև Երևան, հայ գրողների անդրադարձից մինչև միջազգային կառույցների բնութագրիչներ, տեսակի առանձնահատկություններ ու պահպանման խնդիրներ։

Վան քաղաքում զբոսաշրջային պահանջված հասցեներից մեկը՝ Վանա կատուների բուծարանն է։ Վարդաշատ բակով, երկհարկանի ապակե կոնստրուկցիաներով գեղեցիկ կառույցում քմահաճ փափկասուններն են ապրում ու բազմանում։ Նրանց կարելի է տեսնել ապակիներից այն կողմ, եթե ցանկություն կա սիրելու կամ կերակրելու կատվին, ապա պետք է մուտքավճար տալ և ներս մտնելու թուլատրություն ստանալ։ Կատուների մասին հոգ տանող Ֆաթիհ Բինիջին ասում է, որ կատուների տունը կամավոր հիմունքների վրա է ստեղծվել և մուտքավճարները ոչ թե շահույթ ստանալու, այլ նրանց կարիքները հոգալու համար են։

«Ես 12 տարի կամավոր հիմունքներով ջանքեր եմ գործադրում Վանա կատուների սերունդը փրկելու համար»,-ասում է Ֆաթիհ Բինիջին։- Վանա կատուները 3 դասակարգման են բաժանվում։ 1-ին կարգի Վանա կատուների աչքերը գունավոր են լինում, այսինքն՝ 2 տարբեր գույների, հիմնականում մի աչքը կապույտ, մյուսը կանաչ կամ մեկը՝ կապույտ, մյուսը՝ դեղին:

Ֆաթիհ Բինիջի

Սակայն կան նաև այնպիսինները, որոնց մի աչքը կապույտ է մյուսը՝ սրճագույն. դրանք ավելի քիչ են հանդիպում: 1-ին դասի մեջ կա նաև այնպիսի համադրություն, որին գուցե ամբողջ կյանքում չհանդիպեք, դա կապույտի ու սևի համադրությունն է: Դա միլիոնից մեկ է հանդիպում, ես ինքս կյանքումս մեկ անգամ եմ հանդիպել։ 2-րդ կարգի Վանա կատուների 2 աչքերն էլ կապույտ են,  իսկ 3-րդ կարգի Վանա կատուների աչքերը սաթի գույն ունեն»։

  • «Ախթամար» տուրիստական ընկերության զբոսավար, թուրքագետ Ռաֆայել Սահայկանի օգնությամբ իմանում ենք, թե քանի՞ կատու ունեն այս պահին։
Ռաֆայել Սահակյան

«Փոքր թվաքանակի պատճառը հետևյալն է. այս կատվի տունը (բուծարան) նոր է, մեկ ամիս է՝ ինչ կառուցել ենք, նախկինը փոքր էր, մոտ 10 մ/ք.,- պատմում է Սահակյանը։- Այդտեղ ցավոք կարող էինք 10-15 կատու պահել ընդամենը։ Քանակը չէինք կարողանում մեծացնել, քանի որ փոքր տարածքում թվաքանակը մեծացնելուն զուգահեռ կմեծանար նաև ինֆեկցիաների ռիսկը։ Այս նոր կառուցված տեղում կատուների քանակը 1 ամսում 15-ից հասցրել ենք 70-ի։ Այս պահին ձագերի հետ միասին այդքան կատու կա»։

  • Հետաքրքրվում ենք, թե արդյո՞ք հնարավոր է դրսում, քաղաքի փողոցներում հանդիպել Վանա կատուների:

«Վերջին անգամ 1 ամիս առաջ եմ հանդիպել։ Քանի որ, եթե 1980-ականներին Վանում և շրջակայքում Վանա կատուների քանակը 30.000 էր, ապա հիմա 300-400 է,- ցավով նշում է Ֆաթիհը։ -Մոտ 70 կատու այստեղ կա, Վանի համալսարանի բուծարանում 100-150 կատու կա, 100-150 հատ էլ տներում կա։ Այս պահին թիվը շատ է նվազել։ Համաճարակից առաջ մի փոքր մեծացել էր, սակայն համաճարակը Վանա կատուների թիվը ցավոք կրկին նվազեցրեց, քանի որ նյութական անբավարարությունը, չաշխատելը, կատուներին դրսում չկերակրելը թվաքանակի նվազման պատճառ դարձան։ Համաճարակից առաջ կատուների թիվը հասել էր շուրջ 1200-ի, հիմա նորից իջել է 300-400-ի»։

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Կարեն Մանվելյանն ասում է, որ Վանա կատուները սկսեցին հետզհետե նվազել Ցեղասպանությունից հետո, երբ հայերը լքեցին քաղաքը։

Կարեն Մանվելյան

Մանվելյանի հետ զրույցից հետո պարզվում է, որ Վանում մեզ Վանա կատվի անվան տակ ներկայացրածն իրականում անգորական կատուն էր։

Վանա կատուների մասին առասպելազրույցներից մինչև կենսաբանական առանձնահատկություններ, միջազգային չափորոշիչներ ու անձնական փորձ «Ծովահայերի» եթերում պատմում է բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Կարեն Մանվելյանը։

Back to top button