Ժամանակի վկան

Հերոսները միայն ծննդյան օր ունեն․ Խաչիկ Մանուկյան․ «Ժամանակի վկան»

Այս հաղորդումը հարգանքի, խոնարհումի ու ակնածանքի տուրք է Վաչագան Մանուկյանի հիշատակին։ Իմ հյուրն է Վաչագանի հայրը՝ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը։

44-օրյա պատերազմը խոր վիհ դարձավ մեր ազգի կյանքում, անջրպետ, բացասական իմաստով՝ բեկում, որը փոխեց մեր կյանքը։ Առանձնապես ծանր էր այն ընտանիքների վիճակը, որոնք ունեցան հարազատ ու սիրելի մարդկանց կորուստ։ ՀՀ պաշտոնական տվյալներով 3812 զոհ և 217 անհայտ կորած անձ, ընդհանուր՝ 4029, ունեցանք այդ պարտադրված պատերազմում, տասնյակ հազարավոր վիրավորներ ու հաշմանդամ դարձած, անտուն մնացած, բնօրրանից զրկված հայ բնակչություն, տնտեսական, բարոյական ու հոգեբանական հարվածներ, որոնց ազդեցությունը դեռ երկար կպահպանվի մեր գիտակցության ու կյանքի տարբեր ոլորտների վրա։

Վաչագան Մանուկյանը ծնվել է 1991թ. հուլիսի 7-ին Էջմիածին քաղաքում:

Գերազանց ավարտել է տեղի Սուրբ Գ. Նարեկացու անվան դպրոցը: 2012 թվականին ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետը:

2012-2014 թթ․ ծառայել է հայկական բանակում: Ծառայության ընթացքում պարգևատրվել է ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալով, կրծքանշաններով և պատվոգրերով: 2018 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրան և, ավարտական քննությունները գերազանց հանձնելով, մեկնել է ռազմաճակատ: Որպես կամավորական` դիմումը ներկայացրել է 2020 թ․ սեպտեմբերի 27-ին: Լինելով ջոկատի հրամանատար, իր զինվորների հետ անմիջապես հայտնվել է առաջնագծում:

Սխրագործություններով առավելապես աչքի է ընկել Մատաղիսի, Շուշիի, Քարինտակի կատաղի մարտերում, որտեղ էլ մինչև վերջին շունչը պայքարել է ու նոյեմբերի 9-ին զոհվել անհավասար կռվում: 2021 թ․ Վաչագան Մանուկյանի ծննդյան 30-րդ տարեդարձի օրը Էջմիածնի 2-րդ դպրոցում տեղի ունեցավ Խաչքարի օրհնություն` ի հիշատակ անմահացած բոլոր քաջերի:

2022 թվականի Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում սահմանվել է Վաչագան Մանուկյանի անվան կրթամրցանակ: 2021 թվականից անցկացվում է Վաչագան Մանուկյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի գավաթի հանրապետական մրցաշարը:

Ինչպե՞ս Մանուկյանների ընտանիքում ներարկվեց հայրենասիրությունը՝ ծնունդ տալով երկու նվիրյալ որդիներին։
Բարձունքը մերն է, տղերքը` չկան,
տղերքն ավելի բարձրում մնացին
Դիպան աստղերին, աստղերը հանգան
ու մրմուռ քսվեց մեր ցամաք հացին։ (Խաչիկ Մանուկյան)

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների և անհետ կորած զինծառայողների հարազատները արդարացիորեն պահանջում են բացահայտել իրենց որդիների զոհվելու հանգամանքները և ներկայացնել ամբողջ ճշմարտությունը պատերազմում պարտության պատճառների ու այդ պարտությունը կազմակերպած դավաճանների մասին։

Աշխարհում, ինչպես նաև մեր տարածաշրջանում, կատարված ու կատարվող իրադարձությունների հետևանքով փլվեցին տարիներ քարոզված բազմաթիվ միֆեր՝ մարդու և մարդասիրական իրավունքի, ժողովրդավարության, ազգային ինքնորոշման իրավունքի մասին, ավելի հստակ երևացին այն երկակի ստանդարտները, որոնցով առաջնորդվում է միջազգային հանրությունը։

Վաչագանի զոհվելուց անցել է մեկուկես տարի։ Այս ընթացքում բանաստեղծ հայրը սրտի կսկիծը արտահայտել է խիստ քննադատական հրապարակախոսությամբ, մաքուր, հոգեցունց բանաստեղծություններով, Վաչագանի կիսատ թողած գրությունները, ստեղծագործությունները տպագրելով, նրան նվիրված բազմաթիվ միջոցառումների, հաղորդումների, հարցազրույցների մասնակցելով։

Եռաբլուրը դարձել է Արցախյան պատերազմներում զոհված հերոսների անլռելի հուշարձանը։ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո այն հազարավոր ծնողների ամենօրյա այցելության վայրն է՝ երկրորդ տուն, որտեղ ծածանվող դրոշների սոսափյունը, իսկ ուժեղ քամիների ժամանակ նաև շաչյունը ապրողներիս պատգամ են հղում չմոռանալ Արցախը, չմոռանալ այն սուրբ գործը, որի համար նրանք նվիրեցին կյանք։

Back to top button