ԿարևորՔաղաքական

Թուրք–ադրբեջանական դաշինքը՝ ընդդեմ Իրանի․ ի՞նչ նոր առևտուր կարող է անել Էրդողանը Թեհրանում

Հարավային Կովկասում նախագահների, արտգործնախարարների, անվտանգության կառույցների ղեկավարների փոխայցելությունները շարունակվում են․ հանդիպումների օրակարգում հիմնականում անվտանգային և տնտեսական հարցեր են։ Հուլիսի 19–ին Թուրքիայի նախագահը մեկնում է Իրան, օրերս Թեհրանում էր Ադրբեջանի ԱԳՆ Ջեյհուն Բայրամովը, Հայաստանում էր Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին։ Տարածաշրջանային փորձագետ Հարութ Արթին–Առաքելյանը կարծում է, որ Շամխանիի երևանյան հայտարարությունն ուղղված էր Թուրքիային, ոչ թե՝ Ադրբեջանին։  Հարևան երկրի ԱԽ  ղեկավարը Երևանում կրկնել էր՝ Իրանն անընդունելի է համարում տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության որևէ փորձ։ Նաև նշել էր, որ  Թեհրանը սատարում է ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը՝ պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման շրջանակում։

Զգուշացում Իրանից՝ Թուրքիային

Հայ–թուրքական պայմանավորվածությունների, ինչպես նաև տարածաշրջանի տրանսպորտային ուղիների ապաշրջափակման,  հայ–ադրբեջանական սահմանազատման և  սահմանագծման գործընթացների ֆոնին Թեհրանը ԱԽ ղեկավարի մակարդակով հստակեցրեց կարմիր գծերը, որոնց մասին  պաշտոնական Թեհրանը պարբերաբար հիշեցնում է։

Տարածաշրջանային փորձագետ Հարութ Արթին–Առաքելյանը կարծում է, որ Շամխանիի երևանյան հայտարարությունը ուղղված էր Թուրքիային, ոչ թե՝ Ադրբեջանին։ Փորձագետը շեշտում է, որ Իրանը և Թուրքիան մրցակիցներ են, ու այդ պայքարն այսօր չի  սկսվել։  

«Իրանի մեսիջը Թուրքիային հետևյալն է․ կոպիտ ասած՝«զգույշ եղիր»,  քանի որ տարածաշրջանում կա այլ խաղացող և դերակատար։ Իրանը փորձելու է Սիրիայում այնպես անել, եթե անգամ Էրդողանը փորձի գրավել Հալեպը, որն իր ծրագրերում կա, որ մխրճվի և չկարողանա դուրս գալ այնտեղից։ Իսկ Էրդողանի հաջողելու պարագայում մենք տեսնելու ենք Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում ազդեցիկ Թուրքիա, որը վտանգ է ներկայացնելու Իրանի ազգային անվտանգությանը և հիմնական շահերին։ Դրա համար էլ Իրանը բազմիցս հայտարարում է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն իր կարմիր գիծն է։ Իրանը շատ լավ գիտի և դեպի Ռուսաստան, և դեպի Եվրոպա հիմնական ուղիները, որոնք չեն անցնում թուրքական ճանապարհներով․ դա Հայաստանն է», –ասում է վերլուծաբանը։

Պայքար Չինաստանից Եվրոպա տանող ճանապարհների համար՝ թուրքական ձևով

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նախօրեին Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց չի քննարկվում, Ալի Շամխանին էլ այդ համատեքստում հայտարարեց, որ պետք է հարգվեն պետությունների տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության սկզբունքները: Չնայած այս հայտարարություններին՝ ադրբեջանցի և թուրք բարձրաստիճան պաշտոնյաները պարբերաբար հայտարարում են, որ «Զանգեզուրի միջանցքն» արդեն իրականություն է դառնում։

«Տարածաշրջանում Ադրբեջանն ու Թուրքիան պասերով են խաղում, և ինչքան էլ դիվանագիտական ժպիտներով հանդիպեն և լուսանկարվեն, հակաիրանական ալյանսը, որը տարածաշրջանում խաղում են, փորձում այնպես անել, որ չինական առևտրային ուղիները դեպի Եվրոպա գնացող ընթանան թյուրքական և թուրքալեզու երկրներով ՝ Թուրքիայի միջոցով, այլ ոչ Իրանի կամ Իրան–Հայաստան–Սև ծով  կամ ՌԴ ճանապարհով։ Սա տնտեսական պայքար է։ Նոր աշխարհակարգում, որն այսօր է ծնվում, Թուրքիան փորձում է երրորդ ուժի դերը ստանձնել։ Եթե չհաջողի, դուրս է մնալու ասպարեզից»,– ասում է փորձագետ Արթին–Առաքելյանը ։

Թուրքիան հավաքագրում է արսենալը՝ խաղից դուրս չմնալու համար

Այսօր Թուրքիան ագրեսիվ է Սիրիայում, ինչո՞ւ․ ըստ փորձագետ Հարութ Արթին–Առաքելյանի՝ ներգրավելով բոլոր նավթագազային ռեսուրսները՝  Սիրայում, Ադրբեջանում, Թուրքմենստանում, Թուրքիան շարժվում է դեպի Եվրոպա։ Սրանք միջոցներ են, որոնց օգտագործմամբ Անկարան խաղալու է հետո, եթե չունենա սակարկելու այդ միջոցները, հայտնվելու է «լուսանցքում»։

Էրդողանի «առևտուրը» Թեհրանում․կլինի՞ «հնարավոր» գործարք

Հուլիսի 19–ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնում է Իրան, օրակարգում տարածաշրջանային զարգացումներն են,  առևտրային միջանցքը Թուրքիայի, Իրանի և ԱՄԷ-ի միջև, էներգետիկ ճգնաժամին, «3+3» հարթակին, Սիրիայում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր։

Հնարավոր է արդյո՞ք Էրդողանի կողմից այնպիսի առաջարկ արվի ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռաիսին, որի դիմաց Թեհրանը կհրաժարվի նախապես հայտարարված «կարմիր գծերից» և դեմ չի լինի «Զանգեզուրի միջանցք» ծրագրից։  

Փորձագետը բացառում է Իրանի կողմից նման առևտուրը  նշելով, որ Իրանը չի գնա նման քայլի, որովհետև վերջնականապես «անակոնդան» կփաթաթվի, և ԻԻՀ–ն կմնա  թուրքական ազդեցության գոտում։ Իրանն ունի կարևոր ծովային նեղուցներ, որոնք կարող են լուրջ ազդեցություն ունենալ միջազգային առևտրի համար։ «Չեմ կարծում, որ Թուրքիան տարածք պետք է առաջարկի Իրանին, որի դիմաց Իրանը հրաժարվի իր մոտեցումներից։ Դա ֆանտազիա է»,–ասում է Հարութ Արթին–Առաքելյանը։

Back to top button