Մտքի ուժը

Գիտությունների գիտությունը․ Հայաստանում քիմիան զարգանում է «բայց»–երով․ «Մտքի ուժը»

Օծանելիք, դեղեր, առօրյա հիգիենիկ պարագաներ ու ոչ միայն։ Այն ամենը, ինչ մենք տեսնում ու կիրառում ենք կենցաղում, ուղղակի թե անուղղակի կապված է քիմիայի հետ։

Ավելին, քիմիկոսները կարծում են, որ գիտությունների գիտությունը ոչ թե փիլիսոփայությունն է, այլ՝ քիմիան։ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում արտադրվում է 4 դեղամիջոց, դրանք իրացվում են և՛ ՀՀ-ում, և՛ ԱՊՀ մի քանի երկրում։

Որպեեսզի դեղամիջոցը շուկայում հայտնվի, տասնամյակներ են պետք ու բազմաթիվ փորձարկումներ։ Իսկ հայկական արտադրության կապրոֆերն օրինակ, 44-օրյա պատերազմի ժամանակ փրկել է մարդկային կյանքեր՝ կանխելով արնաքամ լինելը։ Կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն Ռոբերտ Հակոբյանը թվարկում է հայտնի ու շատերին անհայտ արդեն արված աշխատանքները.  

«Մենք արտադրում ենք գանգլերոն, թիոդին, դիցիլին, կապրոֆեր դեղամիջոցները։ Կապրոֆերն արյուն մակարդող միջոց է։ 44-օրյա պատերազմի ժամանակ մենք բավական քանակությամբ արտադրել ենք այդ դեղամիջոցից, տվել ենք ՊՆ-ին, որպեսզի ռազմաճակատում կարիքի դեպքում օգտագործեն։ Մեր ընկերներն իրենց հետ նույնպես տանում էին ու մեզ համար կարևոր էր իրենց արձագանքը, երբ ասում էին, թե քանի հոգու են փրկել։ Մենք նաև զբաղվում ենք ռազմարդյունաբերության խնդիրներով, որոնց մասին, բնականաբար չենք բարձրաձայնում»։

Գիտական այս կենտրոնում հետազոտական աշխատանքներն ամենօրյա ու ամենժամյա ռեժիմով են կատարվում։ Դրանց հաջող ընթացքն ապահովելու կարևորագույն գրավականը սարք-սարքավորումներն են։ 2021 թվականին, երբ գիտության կոմիտեն սարքերի ձեռքբերման մրցույթ հայտարարեց, կենտրոնում որոշեցին դիմել ու ձեռք բերել նորագույն սարքավորումներից մասսպեկտրոմետրը։

Այժմ կենտրոնի առաջին հարկում  վերանորոգման աշխատանքներն են՝ սենյակ-լաբորատորիա են պատրաստում նորագույն սարքավորման համար։

«Այս գերճշգրիտ սարքը մեզ թույլ է տալու հաստատել նյութերի իսկությունը։ Սարքի առկայության դեպքում մենք հնարավորություն կունենանք մրցունակ արտադրանք ունենալ, սարքը կսպասարկի և քիմիկներին, և հետազոտական նպատակով կօգտագործենք»։

Նորագույն սարքավորումների կողքին այստեղ աչքի լույսի պես են պահում նաև 50 տարեկան միակ ու անփոխարինելի սարքավորումներից մեկը։ Իհարկե, լավ կլինի, եթե այն նորով փոխարինվի, սակայն, այս պահին էլ այն ժամանակակից սարքավորումներին զիջում է միայն արդյունքը գրանցելու ժամանակով՝ մեկ փորձն այժմ մոտ մեկ շաբաթ է տևում, նորագույն սարքի դեպքում՝ 40 րոպե։ Երեք գիտահետազոտական ինստիտուտներ են միավորվել ու այժմ գիտաարտադրական կենտրոն դարձել։ Ավելին, այս կենտրոնն առաջին օպտիմալացված գիտական կենտրոնն է։

Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը ձևավորվել է 2006 թվականին՝ Կառավարության որոշմամբ։ Դրա կազմում են 3 գիտական հիմնարկներ՝ Ա. Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտը (հիմնադրվել է 1955-ին քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմենակ Մնջոյանի կողմից), Օրգանական քիմիայի ինստիտուտը (1957 թ.) և Մոլեկուլի կառույցի ուսումնասիրման կենտրոնը (1994 թ.)։

Հինգ մասնաշենք ու ավելի քան 200 աշխատակից ունեցող այս կենտրոնն այս պահին լուրջ խնդրի առաջ է կանգնած։ Գիտաշխատողների խոսքով՝ քիմիայի ինստիտուտի սրտում, բազմաբնակարան համալիր է կառուցվելու։ Սա թերևս այն մտահոգությունն ու խնդիրն է, որի մասին գիտաշխատողները չեն դադարում բարձրաձայնել։ Ավելին, ամիսներ շարունակ մուտքի մոտ պաստառներ էին փակցրել՝ «Մի վնասեք գիտությունը» գրությամբ, որպեսզի խնդրի վրա հրավիրեն պատկան մարմինների ուշադրությունը։  

Back to top button