Մոռացված ֆիլմերի ստվերները

Ռեժիսորի, գեղանկարչի ու կոմպոզիտորի հանդիպումը. «Մոռացված ֆիլմերի ստվերները»

1965 թվականին մոսկովյան պետկինոյի խմբագրական կոլեգիան Լաերտ Վաղարշյանի «Մարտիրոս Սարյան» վավերագրական ֆիլմն ընդունեց առանց որևէ առարկության։ Սակայն մեկ շաբաթ անց պարզ դարձավ, որ ներքին որոշման արդյունքում, ֆիլմը չի բարձրանալու համամիութենական էկրան, չի բազմացվելու և միայն ժամանակ առ ժամանակ այն հնարավոր է ցուցադրել մշակութային որևէ օջախում, այն էլ՝ սահմանափակ քանակի դահլիճով։

Կինոռեժիսոր Լաերտ Վաղարշյանի «Մարտիրոս Սարյան» ֆիլմը երկար տարիներ հասանելի չէր հասարակության լայն շրջանակներին։ Հեռուստատեսությանն ուղղված նրա բազմաթիվ դիմումները, որ ֆիլմը ցուցադրվի վարպետի 85-ամյակին, հետո՝ 90-ամյակին, մնում էին անարձագանք։ Եվ միայն 1980 թվականին՝ վարպետի 100-ամյակի կապակցությամբ, հեռուստատեսության եթերում ցուցադրվեց ֆիլմից միայն մեկ հատված, այն էլ՝ առանց տեքստի։ 

1964 թվականին Լաերտ Վաղարշյանն ու Առնոլդ Աղաբաբովն աշխատում էին «Բարև, ես եմ» ֆիլմի սցենարի ստեղծման վրա։ Սցենարական աշխատանքներն ավարտին էին մոտենում, երբ «Հայֆիլմի» տնօրինությունը Լաերտ Վաղարշյանին առաջարկում է մեկնել Մոսկվա՝ մասնակցելու Նիկիտա Խրուշչովի և Խորհրդային Միության տարբեր հանարապետությունների մտավորականության ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ Կինոռեժիսորի դուստրը՝ Մարինա Վաղարշյանը պատմում է, որ այդ հանդիպման ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները ստիպեցին Լաերտ Վաղարշյանին փոխել խաղարկային ֆիլմ նկարահանելու մտադրությունը։

«Իր հուշերում հայրս գրում է, որ առաջին օրը ընդունելիությունը պատշաճ մակարդակով է անցնում՝ ճոխ սեղան, հանգիստ մթնոլորտ, Խրուշչովը բավականին սիրալիր զրուցում էր սեղանի շուրջ հավաքված մտավորականության հետ: Բայց երկրորդ և հատկապես երրորդ օրը նա սարսափելի աննրբանակատ վարքագիծ սկսեց դրսևորել այդ հավաքին մասնակցող արվեստագետների նկարատմամբ»,- պատմում է Մարինա Վաղարշյանը։

Մարինա Վաղարշյան

Մոսկվայի Մինիստրների խորհրդի ընդունելության տան հանդիպման ժամանակ Խորհրդային Միության Կոմկուսի առաջին քարտուղարի արվեստագետներին, այսպես ասած, «խելքի բերելու» ելույթից վրդովված, ծանր տրամադրություններով Երևան վերադարձած Լաերտ Վաղարշյանը որոշում է ընդդեմ այդ ամենի ֆիլմ նկարահանել, որը ոգով պիտի լիներ բողոք, ըմբոստացում այդ ելույթի և համակարգի դեմ։ 

«Որպես մարդ, որպես քաղաքացի հայրս որոշեց երկրի ղեկավարի այդ անընդունելի պահվածքին ի պատասխան ֆիլմ նկարահանել Մարտիրոս Սարյանի մասին։ Ինչո՞ւ. որովհետև Սարյանը տարիներ շարունակ անտեղի քննադատության էր ենթարկվում։ Այդ գաղափարը իրագործելուն նպաստեց նաև խրուշչովյան ելույթից ոգևորված տեղի արվեստագետներից մեկի՝ վարպետին ուղղված անհիմն քննադատությունը ևս, ինչը դուր չէր եկել հորս»,-ասում է Մարինա Վաղարշյանը:

Կինոգետ Սիրանույշ Գալստյանը նշում է, որ Մարտիրոս Սարյանի որդու՝ կոմպոզիտոր Ղազարոս Սարյանի գեղագիտության ձևավորման համար հզոր աղբյուր է հանդիսացել վարպետի գեղանկարչությունն ու մտածողոթյունը։ Եվ դա է պատճառը, որ այս ֆիլմի համար գրված Ղազարոս Սարյանի երաժշտությունը Մարտիրոս Սարյանի կտավների տրամադրությունների յուրօրինակ երաժշտական միաձուլումն է։

Սիրանույշ Գալստյան

«Այս վավերագրական ֆիլմն իր ամեն մի տեսարանով յուրահատուկ գեղագիտական արժեք ունեցող կինոնկար է։ Օրինակ՝ տեսարաններից մեկում Մարտիրոս Սարյանը օրգանական ապակու վրա ծաղիկներ է նկարում և աստիճանաբար ծաղիկներով ծածկվում է կտավը փոխարինած ապակին, և վարպետը սկսում է անհետանալ իր իսկ վրձնած ծաղիկների հետևում։ Դա Լաերտ Վաղարշյանի կողմից մտածված և հրաշալիորեն իրագործված ռեժիսորական հետաքրքիր մի լուծում է»,-ասում է Սիրանույշ Գալստյանը։

Նկարահանման և մոտնտաժային աշխատանքներն ավարտելուց հետո ֆիլմն ուղարկվեց Մոսկվա՝ հաստատման։ Ամեն ինչ հարթ էր ընթանում մինչ այն պահը, երբ Պետկինոյի ներկայացուցիչներից մեկն իր մոտ հրավիրեց Լաերտ Վաղարշյանին և հայտարարեց, որ չնայած այն հանգամանքին, որ ֆիլմին շնորհվել էր առաջին կարգ, ինչը նշանակում էր, որ այն պիտի բազմացվեր և ցուցադրվեր, բայց մե՛կ է, ֆիլմը համամիութենական էկրան չի բարձրանալու։  

«Իլյա Էրենբուրգի կողմից գրված՝ այդ տարիների համար բավականին համարձակ տեքստում, Ցեղասպանության թեմայի շոշափումից բացի անդրադարձ էր արվում սարյանական ութ կտավների՝ Ազգային պատկերասրահի նկուղում այրվելու փաստին։ Դա չվրիպեց պետկինոյի չինովնիկների ուշադրությունից: Կարծում եմ, որ հենց այդ տեսքտն էլ հիմք հանդիսացավ, որ ներքին որոշում ընդունվի, ըստ որի՝ ֆիլմը պետք է ցուցադրվեր միայն փակ տարածքներում և այն էլ սահմանափակ քանակով հանդիսատեսի համար»,-ափսոսանքով նշում է Մարինա Վաղարշյանը։  

Իլյա Էրենբուրգ

Լաերտ Վաղարշյանի ըմբոստացման, պոռթկումի արդյունքում ստեղծված 53 րոպե տևողությամբ այս փաստավավերագրական ֆիլմը յուրօրինակ հարգանքի տուրք է մեծ վարպետին: Սա ֆիլմ է, որի մեջ հետաքրքիր կերպով իրար միահյուսվեցին ռեժիսոր Լաերտ Վաղարշյանի, գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի և կոմպոզիտոր Ղազարոս Սարյանի հոգևոր աշխարհները։

Back to top button