Գերդաստաններ

Հրաչուհի Ջինանյանն ուզում էր հայկական քարերի գույները ստանալ, բայց նախընտրեց հայոց բառերի գույները․ «Գերդաստաններ»

Շատ անվանի մշակութային գործիչների հայրենիքն է եղել Կոստանդնուպոլիսը, այդ թվում՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, դերասանուհի և հաղորդավարուհի Հրաչուհի Ջինանյանի։ Բազմաթիվ հայտնի պոետների ստեղծագործություններ հնչեցրեց նա իր ինքնատիպ ու հիասքանչ ասմունքով։ Հայրենական պատերազմի տարիներին ռադիոյից մարդիկ տեղեկություններ էին ստանում Հրաչուհի Ջինանյանի խոսքերից։ Նա անգամ նահանջներն ու պարտություններն այնպես էր հաղորդում, որ թիկունքում գտնվողները հուսահատություն չապրեն։

Դերասանուհին ծնվել է 1919 թվականին՝ Պոլսում։ Այստեղ հայրը՝ Արթին աղան մետաքսագործական արհեստանոց ուներ և, ինչպես Հրաչուհի Ջինանյանն է պատմում իր հուշերում ,«լավ էր հասկանում մետաքսագործական արհեստն ու դրա մեջ ներդնում արվեստի կախարդական հմայքը»։ Հետաքրքիրն այն է, որ Հրաչուհին որոշել էր քիմիկոս դառնալ, Հայաստանի քարերի գույներն ստանալ և նմանատիպ երանգներ հաղորդել իրենց արտադրած մետաքսաթելերին։

Հրաչուհու քեռին մի օր նրան թատրոն է տանում, ուր հանդիպում է հանրահայտ դերասանուհի Արուս Ոսկանյանին, և այդ հանդիպումն ասես ճակատագրական է դառնում ապագա հաղորդավարուհու համար։ Վերջինս հմայվում է նրանով և ուզում նմանվել նրան։
ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչուհի Ջինանյանին գործընկերները՝ վաստակավոր լրագրող Սարգիս Նաջարյանը և հաղորդավարուհի Աննա Հեքեքյանը ներկայացնում են որպես մարդու, մասնագետի և գործընկերոջ։

Հրաչուհի Ջինանյանի ամուսինը պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, պետական գործիչ Հայկարամ Ութմազյանն էր, ով եղել է նաև 1960-1970-ական թվականներին մամուլի պետական կոմիտեի նախագահ։ Նա իր հմուտ և համարձակ գործելակերպով կարողացել է օժանդակել, որ լույս տեսնի Պարույր Սևակի «Եղիցի լույս»-ը։

Հրաչուհի Ջինանյանի որդին՝ Արթուր Ութմազյանը հայտնի է «Հալածված առաքյալը», «Ռոմեո և Ջուլիետ», «Մեծ լռություն» և այլ ներկայացումներից, ինչպես նաև Պարույր Սևակի ստեղծագործությունների անզուգական կատարումներով։

Թոռնուհին՝ Հրաչուհի Ութմազյանը հայտնի և շատ սիրելի «Առանց թեմայի» հեռուստահաղորդաշարի հեղինակն է։ Նա սիրով է հիշում տատիկին, հիշում է, թե ինչպես էր իրեն դաստիարակում, սովորեցնում, ուղղորդում, ինչպես էր նրա մեջ սեր արթնացնում դեպի մշակույթը։

Համաժողովրդական սիրո արժանացած դերասանուհին ապրեց 91 տարի, այդ ընթացքում մեզ հիշեցրեց ոսկեղենիկ հայերենի կախարդական հմայքի հարատևության մասին։

«Հայերենը մեր հայրն է, մեր մայրն է, մեր զավակն է, մեզանից հետո գալիք հայությունն է», – ասում էր Հրաչուհի Ջինանյանը։

Back to top button