Սփյուռքի ձայնը

Հետպատերազմյան Արցախն արվեստով է նաև ապրում․ «Սփյուռքի ձայնը»

Արցախի մասին խոսել միջազգային հարթակներում․ այս հիմնական նպատակն ուներ հունիսի 24-ից հուլիսի 3-ը Արցախում անցկացված «Սանրայզ Ստեփանակերտ» մուլտիմեդիա արվեստի փառատոնը։

Նկարների ցուցադրություններ, հայաստանցի և սփյուռքահայ ռեժիսորների ֆիլմերի կինոդիտումներ, ինչպես նաև ժինգյալով հացի և փախլավայի պատրաստման դասեր և այլն։ Այս և այլ հետաքրքիր ծրագիր էր այս տարի ունեցել փառատոնը, որի հիմնադիր կազմակերպիչները լիբանանահայ Շուշան Քեշիշյանն ու Ռուսաստանից Լիլիթ Հակոբյանն են։

«Այս տարվա փառատոնը կրում էր «Պատկանելություն» խորագիրը», -ասում է Շուշան Քեշիշյանը, որն իր, այսպես ասենք «պատկանելության խարիսխը նետել» է Արցախում: Լիբանանահայ Շուշանը Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի կազմակերպած «Ի գործ» ծրագրով է եկել Հայաստան, աշխատել է արտաքին գործերի նախարարությունում:

Նա հետպատերազմյան վերականգնման ուսումնասիրությունների մասնագետ է: «44 –օրյա պատերազմից հետո ես պետք է տեղափոխվեի Արցախ, իսկ այսօր արդեն ինձ շատ քիչ կհանդիպեք Հայաստանում, հիմնականում Արցախում եմ լինում»,- նշում է նա:

Լիլիթ Հակոբյանը, որը Ռուսաստանից է, ևս Հայաստան է եկել «Ի գործ»-ի շնորհիվ, աշխատել և շարունակում է աշխատել ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում: Նշում է, որ այս փառատոնը հիմնական երկու նպատակ ունի. նախ՝ անհատների միջոցով խոսել Արցախի մասին միջազգային տարբեր հարթակներում, հետո` արցախցի շնորհաշատ երիտասարդների կյանքն ակտիվացնել ու հանրությանը նրանց գործերին ծանոթացնելն է։

Լիլիթը նշում է, որ սփյուռքահայ այն երիտասարդները, որոնք կարևորում են հայրենիքում լինելը, արդեն այստեղ են, շատերն էլ, ասում է, օրինակ Ռուսաստանում, իրենց գործով են մասնակցում և աջակցում հայրենիքին։

Լիլիթը հասկանում է նրանց, ովքեր Արցախ այցելությունը վտանգավոր են համարում, ցավում է, որ առաջին անգամ այնտեղ եղել է պատերազմից հետո։

«Բայց մենք, որ հաճախ ենք այնտեղ լինում, տեսել և համոզվել ենք , որ այնտեղ մարդիկ ապրում են, ունեն իրենց առօրյան, երեխաներն էլ չեն տարբերվում աշխարհի մյուս երեխաներից»,- շեշտում է Լիլիթը:

Փառատոնի մեկնարկը տրվել է նախորդ տարի: Այս տարի մասնակցել են նաև օտարազգի արվեստագետները: Փառատոնի հովանավորը Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամն է:

Back to top button