ԿարևորՀասարակություն

«Կանաչ ժամ»-ի վերջին քահանան․ Բաքուն «նվիրաբերում է» եկեղեցին՝ հայկական հետքը կորցնելու համա՞ր

Երկու տարի անընդմեջ Ադրբեջանն Արցախի Հանրապետության գրավյալ տարածքներում իրականացնում է վանդալիզմ՝ բառի ուղիղ իմաստով։ Անհերքելի փաստերն ու ապացույցները կան, դրանց մասին ամեն օր բարձրաձայնվում է, փրկության կոչով դիմումներ են հասցեագրվում միջազգային հանրությանը, հուշարձանների պահպանությամբ զբաղվող կառույցներին՝ ի դեմս ՅՈՒՆԵՍԿՕ–ի, սակայն դատապարտող հայտարարությունները գործնական քայլի չեն վերածվում։ Ամենաթողությունն «արձակել է» Բաքվի «ձեռքերը»։ Ըստ այդ երկրի Մշակույթի նախարար Անար Կարիմովի, որը նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ադրբեջանի մշտական ներկայցուցիչն է,  ձևավորվել է աշխատանքային խումբ, որը պետք է զբաղվի նրանց ձեւակերպմամբ «ալբանական հոգևոր եկեղեցիներում հայկական կեղծ փաստերի ջնջման» գործընթացով։

Կանաչ ժամի վերջին քահանան Տեր Մեսրոպ քահանա Մկրտչյան

Տեր Մեսրոպ քահանա Մկրտչյանը Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու, հանրության շրջանում հայտնի Կանաչ ժամի կամ Ղարաբաղցոց եկեղեցու հոգևոր հովիվն է։ Վերջին անգամ եկեղեցում Սուրբ պատարագ մատուցեց պատերազմի տարում՝ սեպտեմբերի 27–ից մեկ շաբաթ անց։ Տեր Հայրը Սուրբ Հովհաննես եկեղեցու դռները չփակեց Շուշիից դուրս գալիս, դուրս եկավ դատարկաձեռն՝ քահանայական պայուսակով, քահանայական հագուստով՝ աչքերը խաչին։

«Նոյեմբերի 9–ի պայմանագրից երեք օր անց են պայթեցվել Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու երկու գմբեթները։ Տարածքում ինչքան խաչ կա՝ հանել են, երիցտունը դարձրել են ճաշարան, եկեղեցու տարածքի մյուս հատվածներում առայժմ քայլեր չեն կատարում, սառեցված թողել են։ Ի՞նչ ծրագրեր ունեն։ Գիտենք միայն, որ հայտարարում են, թե իբր ռուսական եկեղեցի է։ Տեղյակ ենք նաև, որ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը քույր եկեղեցիների եկեղեցականների, ինչպես նաև այլ պաշտոնյանների հետ այցելել են Կանաչ ժամ և աղոթք են արել, որից հետո ադրբեջանցիները հայտարարել են, թե այն հայերին չի պատկանում»։

«Վերանորոգում»՝ուղղափառացնելու նպատակով

Ինչպե՞ս է հայկական կողմը տեղեկացել ադրբեջանական նոր «հնարամտության» մասին։ Արցախի «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմինե Հայրապետյանին հայ օգտատերերից մեկը նկարներ է ուղարկել, որոնցում հստակ երևում է, որ Շուշիի «Կանաչ ժամ» հայկական եկեղեցին ադրբեջանցիների կողմից վերանորոգման պատրվակով ամբողջությամբ ավերվում է։

«Ջնջվում է հայկական հետքը, բոլոր վկայություններն՝ Առաքելական եկեղեցու պատկանելության վերաբերյալ»,-ասում է Արմինե Հայրապետյանը և շեշտում՝ իրականում հայկականությունն ապացուցելու կարիք անգամ չկա։

«Եկեղեցու մասին ռուսական և հայկական արխիվներում կան բազմաթիվ փաստաթղթեր՝ ինչպես և ոնց է կառուցվել։ Նախապատմությունն այսպիսին է հայերը 1840 թվականին Ներքին Թաղից տեղափոխվել են Վերին Թաղ, քանի որ մահմեդականները սկսել էին Ներքին թաղում ճնշումները և կառուցել են իրենց եկեղեցին։ Ներքին թաղում ունեին քարաշեն փայտե ծածկով եկեղեցի՝ Սուրբ Աստվածածին, ինչը նաև փաստում է, որ այնտեղ էլ հայերը ծանրակշիռ տեղ են ունեցել։ Տեղափոխվելով՝ սկզբում կառուցել են փայտաշեն մատուռ, որը պահպանվել է մինչև 1848 թվականը, հետագայում տեղում կառուցել են Սուրբ Հովհաննես Մկրտիչ քարաշեն եկեղեցին։ Գոյություն ունի նաև եկեղեցու շինարարական արձանագրությունը՝ 1847 թվականին` ի հիշատակ մահացած Մկրտիչ եղբոր»։

Սեպ՝ հայերի և ռուսների միջև Բաքվի հերթական «ծուղակը»

Որ հայկականության փաստերն անհերքելի են՝ հասկանալի է, իսկ ո՞րն է ադրբեջանական ղեկավարության քաղաքականության նպատակը։ Տեր Մեսրոպը վստահ է, որ Ադրբեջանն Արցախի գրավյալ տարածքներում գտնվող բոլոր եկեղեցիներն էլ, կապ չունի՝ որ դավանանքի, սեփականաշնորհելով՝ ծառայեցնելու է իր շահերին։ Այսօր այդ քայլն անում է «Կանաչ Ժամ»-ի հարցում։ Արցախի պատմամշակութային պահպանության ծառության ղեկավարն էլ հավելում է՝ Ադրեբեջանը նպատակներից մեկն է նաև սրել հայ-ռուսական հարաբերությունները։

«Ինչ նպատակներ ունեն ադրբեջանցիները՝ սրե՞լ հայ-ռուսական հարաբերությունները, թե՞ սիրաշահել ռուսական կողմին՝ «Կանաչ ժամ»-ը ներկայացնելով ուղղափառ։ Հստակ է, որ Ադրբեջանը ջնջում է հայկական հետքը, չի բացառվում, որ անի նաև ամեն ինչ՝ այս հողի վրա սրելու հայ-ռուսական հարաբերությունները»։

Շուշի ուղղափառ եկեղեցին քանդել են ադրբեջանցիները

Դեռ 1960–ականերին Բաքվում որոշում կայացվեց քшնդել Շուշի քաղաքի հայկական մասը ՝ ադրբեջանցի վերաբնակիչների համար «բնակելի տարածքն» ընդլայնելու և, իհարկե, Շուշիի հայկական հետքերը վերшցնելnւ համար: Այդ ընթացքում քшնդվել են հայկական երեք և պահպանված ռուսական մեկ եկեղեցիները, nչնչшցվել մի քանի հայկական գերեզմшնшտներ՝ յուրահատուկ խաչքարերով և հnւշшրձшններով: «Կանաչ ժամ» եկեղեցին էլ վերածվեց պատկերասրահի:

«Ինչո՞ւ է Ադրբեջանը հետևողական շփոթմունք է առաջացնում։ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում,  մի ժամանակաշրջանում, երբ Արցախը մաս էր կազմում ռուսական կայսրությանը։ Եվ ճարտարապետությունը իր վրա կրել է նաև ռուսական ազդեցությունը։ Այս պահն է, որ Ադրբեջանը օգտագործելով փորձեում է խլել մեր պատմություւնը, մեր մշակույթը այն ներկայացնելով մեկ ռուսական, մեկ ուդիական»։  

Կանաչ ժամում ադրբեջանցիները ճաշարան են բացել

Տեր Մեսրոպն այսօր հոգևոր ծառայություն է իրականացնում Ասկերանի Սուրբ Աստվածածին և Բերդաձորի սահմանամերձ շրջանների եկեղեցիներում։ Հուսով է՝ մի օր «Կանաչ ժամում»՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, պատարագ մատուցվելու է, ու նպատակի իրագործման համար քահանան ամեն օր է աղոթում։ Հիշեցնում է՝ 1992 թվականին, երբ Շուշին ազատագրվեց, անմիջապես մաքրվեց Կանաչ ժամը և վերաբացվեց։ Որոշ ժամանակ անց կրկին վերանորոգվեց, և 1994-95 թվականներից «Կանաչ ժամն» արդեն բաց էր հավատացյալների համար։ Իսկ մինչ Սուրբ Ղազանչեցոցի ամբողջական վերանորոգումը մարդիկ 4-5 տարի այցելում էին միայն «Կանաչ Ժամ», որովհետև պատարագները միայն Սուրբ Հովհաննեսում էին մատուցվում, ու մարդկանց հոսքը չէր նվազում։ Հիմա էլ աղոթքները չեն դադարում «Կանաչ ժամի» փրկության համար։

Back to top button