Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության պատմության ամբիոնի վարիչ, կոմիտասագետ Լուսինե Սահակյանը պատմում է կոմիտասագետ, կոմպոզիտոր, հասարակական գործիչ Ռոբերտ Աթայանի, կոմիտասագիտության մեջ նրա անգնահատելի դերի, Կոմիտասի հանրահռչակման և կոմիտասագիտության մասին։
«Ռոբերտ Աթայանը կոմիտասագիտության առաջամարտիկն էր և իր ողջ կյանքը նվիրել է Կոմիտասին», – ասում է Լուսինե Սահակյանը։
«Աթայանը եղել է կատարող երաժիշտ, տիրապետել է մի քանի գործիքի, լայնահայաց երաժշտագետ էր, մաթեմատիական ճշգրտությամբ երաժշտություն հասկացող և ուսումնասիրող երաժշտագետ։ Եվ ես շատ ուրախ եմ, որ Կոմիտասը կես դարից ավել եղել է Ռոբերտ Աթայանի ուշադրության կենտրոնում՝ նրա ստեղծագործական ժառանգության պահապանը։ Աթայանը նաև հայագետ էր․ Կոմիտասին նա եկավ հայագիտությամբ, հայի ինքնության խորը գիտակցումով։ Խորհրդային տարիներին էլ կարողացավ պահել զտարյուն կոմիտասագետ և Կոմիտասի գիտակ լինելու իր կոչումը»։
Աթայանը բազմաթիվ հոդվածների և աշխատությունների հեղինակ է։ Ուսումնասիրել է հայ ժողովրդական, միջնադարյան երաժշտություն, խազային նոտագրություն, կազմել և խմբագրել է Կոմիտասի երկերի առաջին ակադեմիական հրատարակությունը։
Լուսինե Սահակյանը նաև «Ռոբերտ Աթայան» ժողովածուի ծանոթագրության ու առաջաբանի հեղինակն է։ Գրքում ներառված են Աթայանի չհրապարակված աշխատությունները, հոդվածները, անտիպ զեկույցներն ու նամակները։
«Նայելով իր աշխատությունների քանակին ու որակին, ինձ մոտ տպավորություն էր, որ նա միայն գրել է, վերլուծել ու խորամուխ է եղել Կոմիտասի ժառանգության ու առհասարակ հայ երաժշտագիտության բազմաթիվ կնճռոտ հարցերի մեջ», – ասում է Լուսինե Սահակյանը և հավելում, որ Աթայանի քննադատական հոդվածները այսօր էլ արդիական են․ նա նշում է Կոմիտասին հանրահռչակելու ճանապարհները, որոնցով մենք այսօր պիտի առաջնորդվենք։
Աթայանը Կոմիտասի երաժշտությունը դրել է գործնական շրջանառության մեջ՝ խորամուխ լինելով Կոմիտասի երաժշտական, երաժշտագիտական ժառանգության, գեղագիտական հայացքների, նամակագրության, աշխարհագրության, որպես հասարակական գործիչ նրա գործունեության մեջ։
«Ես նրան ասում եմ հայ երաժշտագիտության «Հրաչյա Աճառյան»։ Նրա աշխատությունները՝ հատկապես Կոմիտասի երկերի ակադեմիական հատորները ոչ միայն երաժշտագետների, այլ յուրաքանչյուր երաժիշտի սեղանի գիրքն է»,- ասում է Լուսին Սահակյանը։