Երաժշտական եռանկյունի

KV art նոր համերգային նախագիծ. «Երաժշտական եռանկյունի»

Այնպես է ստացվում, որ մի շարք ակադեմիական երաժիշտներ իրենց մասնագիտական մտահղացումները իրականացնում են մի քանի տարբեր ուղղություններով, և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ֆլեյտահար Նարեկ Ավագյանը հենց այդ երաժիշտներից է:

Աշխատանք Ֆիլհարմոնիկում, բազմաթիվ կամերային համերգների մեջ ներգրավվածություն, մասնակցություն ժամանակակից երաժշտության տարբեր նախագծերում և ահա նոր քառյակի ստեղծում, որին անդամակցում են Նարեկ Սահակյանը (ջութակ), Հայկ Տեր-Հովհաննիսյանը (ալտ) և Վահե Դանիելյանը (թավջութակ), ովքեր և Նարեկի հետ հյուրընկալվել են «Երաժշտական եռանկյունու» տաղավարում:

«KV art կարելի է կարդալ նաև կվարտ, այսինքն չորս, կվարտետ, և մենք որոշեցինք օգտագործել այդ բառախաղը՝ ընտրելով քառյակի անվանումը: Սկզբնական նպատակը Մոցարտի, K.V. 285 ցիկլը հայ հանդիսատեսին ներկայացնելն էր, քանի որ այդ կարևոր շարքը երբևիցե ամբողջությամբ չի կատարվել Հայաստանում»,-ասում է Նարեկ Ավագյանը:

«Մոցարտի ֆլեյտայի կվարտետները ուրույն տեղ են զբաղեցնում եվրոպական կամերային երաժշտության երգացանկում և չափազանց կարևոր է, որպեսզի դրանք հնչեն հայկական բեմից, հայ երաժիշտների կատարմամբ»,- շարունակում է Վահե Դանիելյանը:

«Բանն այն է, որ Մոցարտյան կամերային երաժշտությանը բնորոշ են կլասիցիզմին հատուկ առանձնահատկություններ և պայմանականություններ, որոնք պահանջում են նախ նյութին տիրապետելը, երկրորդը՝ հայ հանդիսատեսին հաղորդակից դարձնելը այդ արժեքներին: Մենք դասական երաժշտության մասին խոսելիս առաջին հերթին մեջբերում ենք Մոցարտի անունը, այնինչ հաճախ նույնիսկ ծանոթ չենք նրա կարևորագույն ստեղծագործություններին: Մեր քառյակի ստեղծումը պայմանավորված է նախ այդ առաքելությամբ և իհարկե, մեր անսահման սիրո և պատկառանքի հանգամանքով մեծն կոմպոզիտորի նկատմամբ»,- ամփոփում է Նարեկ Ավագյանը:

Հաղորդման ընթացքում առաջին անգամ հանրային ռադիոյի եթերում հնչում են KV art քառյակի ձայնագրությունները՝ իրենց անդրանիկ համերգից:

Back to top button