Մասնագիտություն

Սահմանադրությունը պետության և հասարակության ճարտարապետական նախագիծն է․ «Մասնագիտություն»

Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը։ Պետական տոն, որն անչափ կարևոր ու պատմական է մեր երկրի ու ժողովրդի կյանքում։ Յուրաքանչյուր երկրի բարձրագույն իրավական կշիռ ունեցող փաստաթուղթն է Սահմանադրությունը, օրենսդրության և պետականության հայեցակարգային հիմքը։

Բարձրագույն իրավաբանական ուժ կրող արժեքաբանական և գաղափարական կարևորագույն փաստաթուղթ, որում ներկայացված սկզբունքներն ու արժեքները հիմնարար նշանակություն ունեն պետության կայացման, հասարակական հարաբերությունների կարգավորման և ժողովրդավարության ամրապնդման գործում։

Եվ քանի որ օրենքի առաջ հավասար են բոլորը, յուրաքանչյուրիս գերագույն խնդիրն ու պարտականությունն է խորապես ըմբռնել Սահմանադրության դրույթները, յուրացնել, ղեկավարվել դրանցով, կենսագործել կյանքում և քայլ առ քայլ գնալ Սահմանադրության մեջ ամրագրված նպատակները կյանքի կոչելու ճանապարհով։

Այսօր ներկայացնելու ենք մի անչափ հեղինակավոր, բարդ, բայց և միևնույն ժամանակ հետաքրքիր մասնագիտություն։ Սահմանադրական իրավունքի մասնագետ. մասնագիտություն, որը պահանջում է հարուստ գիտելիքներ, բարձր ինտելեկտ, պատասխանատվության մեծ զգացում, ճկուն մտածողություն, վերլուծական միտք, բարդ խնդիրներ լուծելու կարողություն, հուզական և կամային կայունություն, հարուստ փորձ։

Սահմանադրական իրավունքի մասնագետի հիմնական անհատական հատկանիշներից են նաև ազնվությունը, մարդասիրությունը, օբյեկտիվությունն ու անկախությունը։

Զրույց Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդան Այվազյանի հետ:

Back to top button