Ծովահայեր

Վանա լիճ․ արևի ննջարան ու վիշապների կացարան․ «Ծովահայեր»

Վանա լիճի շուրջ առասպելներ են հյուսվել դեռ անհիշելի ժամանակներից։ Ուշագրավ ներդաշնակությամբ միաձուլված են հրի ու ձրի պաշտամունքը վկայող պատումները։

Վանա լճի հետ կապված ավանդազրույցներից շատերը ժառանգել են ավազանի ներկայիս բնակիչները, որոշակի փոփոխությունների ենթարկելով և հարմարեցնելով իրենց էթնոսին։ Շատ ավանդազրույցներ էլ կրկին հնչում են Վանա լճի ափին, երբ հայ զբոսաշրջիկներ են այցելում Վանա լիճ։

«Տիր Ար» տուրիստական կազմակերպության հիմնադիր, պատմաբան Վահե Լոռենցը լճի առասպելազրույցներից առանձնացնում է հետևյալը․

«Լեգենդի համաձայն, Վանա լճում մեծ վիշապ է ապրում և երբեմն-երբեմն երևում է մարդկանց։ Այդ լեգենդը տարածված է ոչ միայն հայերի՝ նաև թուրքերի մոտ, նրանք ասում են «Վանա գյոլու ջանավար»»։ Ի դեպ, Թուրքիայի ռազմաօդային ուժերի խորհրդանիշը հենց դա է, Վանա լճի մեծ վիշապը։ Հին հայոց դիցաբանության համաձայն, Միհր աստծո ծնունդը կապվում է Վանա լճի հետ։ Առասպելազրույցի համաձայն Միհրը (Մհերի) ծնվել է աղի ծովից և բնականաբար նաև փակվել է Ագռավաքարում, ինչի անդրադրձը տեսնում ենք Սասնա Ծռեր էպոսում, Միհրի կերպարը մարմնավորում է Փոքր Մհերը»։

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի, հին արևելքի բաժնի ավագ գիտաշխատող Հասմիկ Հմայակյանը ուշագրավ ուսումնասիրություններ է կատարել ու ազգագրական հարուստ նյութ հավաքել Վանա լճի առասպելների մասին։

Սեպագրական ժամանակաշրջանից հասած, հայկական աղբյուրներում պահպանված և տարբեր ուսումնասիրողների կողմից դիտարկված նյութերի համադրմամբ Հասմիկ Հմայակյանը տիպաբաժանել ու դասակարգել է Վանա լճին, Վան քաղաքին և Վասպուրական գավառին վերաբերվող հիմնական առասպելական սյուժեները։

  1. Աշխարհի տեսքի, կառուցվածքի և բնատեսքի առասպելներ (Զագրոշի և Տավրոսի մարտը, Վանա լճի առաջացումը):
  2. Ազգածագմանն առնչվող կամ անվանադիր նախնիներին առնչվող առասպելներ (Հայոց ձոր գավառի և Հայկաշենի անվանումների առաջացումը հայոց նախնի Հայկի անունից):
  3. Արևային առասպելներ ( Վանա լիճը՝  արևի ննջարան, Վանը Արևի աստծո, աստվածուհու հնագույն պաշտամունքավայր և այլն):
  4. Վիշապի և Վիշապամարտի առասպելներ (Վանա լճում բնակվող վիշապների, նրանց մոխրացմանն առնչվող առասպելներ):
  5. Մեռնող- հառնողին և սիրո ու պտղաբերության դիցուհուն նվիրված առասպելներ (Արա Գեղեցիկ և Շամիրամ, ինչպես նաև Արտամետին առնչվող այլ դիցուհիներին նվիրված սյուժեներ):
  6. Կատարածաբանական առասպելներ (Վանա ժայռը,  որպես Մհերի փակվելու վայր և նրան առնչվող վախճանաբանական պատկերացումները):

Ուրարտական, խեթական աղբյուրներից մինչև հայկական բանահյուսություն, Վանա լճի առասպելազրույցները «Ծովահայերի» տաղավարում ներկայացնում է Հասմիկ Հմայակյանը։

Back to top button