ԿարևորՏնտեսական

Կառավարությունը փորձելու է այս տարի Սևանից լրացուցիչ ջրառ չկազմակերպել

Հունիսի 3-ից սկսվել է Սևանա լճից ոռոգման նպատակով ջրի բաց թողնումը։ Եթե եղանակային պայմանները անակնկալ չմատուցեն, ապա հավանականությունը մեծ է, որ գյուղացին այս տարի ոռոգման ջրի խնդիր չի ունենա։ Ջրային կոմիտեում վստահեցնում են՝ կանեն ամեն ինչ, որ այս տարի Սևանից ոռոգման նպատակով լրացուցիչ ջրառի կարիք չլինի։  2021-ին լճից ոռոգման նպատակով հավելյալ 75 մլն խորանարդ մետր ջուր է բաց թողնվել։

Արդեն մեկ ամիս է, ինչ Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառը սկսված է։ Օրենքով սահմանված տարեկան առավելագույն  քանակը 170 միլիոն խորանարդ մետր է, 34 մլն խորանարդ մետր ջուր լճից արդեն բաց է թողնվել։  Ջրառը կշարունակվի ոռոգման սեզոնի ողջ ընթացքում։ Տարին դեռ բարենպաստ է, եթե եղանակային անակնկալներ չլինեն, օրինակ՝ երկարատև շոգեր  առանց տեղումների, ապա ոռոգման տարին խնդիրներ չի ստեղծի՝ «Ռադիոլուր»-ին ասում է Ջրային կոմիետի նախագահի տեղակալ Կարեն Դաղբաշյանը՝ միևնույն ժամանակ նկատելով․

« Սևանի մասով գուցե 5-8 մլն խորանարդ մետր ջրի  դեֆիցիտ լինի։ Կգնանք կառավարման տարբեր եղանակների, որպեսզի լճից լրացուցիչ բաց թողնման չգնանք» ։

Սևանա լճից  ջրառի կազմակերպումը բարդ գործընթաց է։  Լճից ջուր բաց թողնելու  առաջին քայլը կապարակնիքի բացումն է, որից հետո է միայն  ներքևում գտնվող  ծանրաքարշ մեխանիզմը սկսում  աշխատել։ Սևան ՀԷԿ-ի փականագործ Սամվել Աբրահամյանը գիտի բոլոր մանրամասները։

«Սա ջրընդունիչ կայանն է, այն ձմռանը փակում ենք։  Կապարակնքում ենք,  երբ ջրառի թույլտվությունը  գալիս է,  նոր կնիքը պոկվում է։ Առանց սրա Սևանա լճից ոչ մի գրամ ջուր բաց չի թողնվի։ Եթե կնիքը չեղավ, այստեղ ինչքան մարդ կա, բոլորը կդատվեն»։

Արդյո՞ք Սևանա  ջրի հոսքի հետ լճից դուրս չի գալիս նաև մանրաձուկը։  Սևան ՀԷԿ-ի պետ Էռնեստ Օհանջանյանը վստահեցնում է՝ 1980 թվականից գործող ձկնապաշտպան կառույցը հենց այդ նպատակն ունի՝ թույլ չտալ, որ  մանրաձուկը դուրս գա լճից։

«Մանրաձկները հիմնականում վերևի շերտում են, ու վերևի շերտի մանրաձուկը չի կարող ներքև իջնել ու անցքերից դուրս գալ։ Լճի վերևի շերտի ջուրը՝ մանրաձկան հետ, մենք նորից հետ ենք մղում դեպի Սևան»։

Ջրի  տակ կառուցված 4 մետր բարձրությամբ ու 6 մետր լայնությամբ 3  թունելներում երկու կողմից  պատուհաններ կան։ Սևանից ջուրը մտնում է թունել, խորքից պատուհաններով դուրս է գալիս։ Երբ տարիներ առաջ Սևանա լճի մակարդակը բարձրացավ, պաշտպանիչ շերտի բարձրությունն էլ ավելացվեց։ Լճից ջուրը վայրկյանում 65 խորանարդ մետր արագությամբ կարող է  դուրս գալ։ 

Ջրառի նպատակով բաց թողնվող ջուրը թունելով հոսում է դեպի Հրազդան ՀԷԿ, ապա՝ հասնում Արգել ՀԷԿ։ Այն Հայաստանի ամենախոշոր ՀԷԿ-ն է՝ 220 մեգավատ դրվածքային հզորությամբ։ Արգել ՀԷԿ-ի պետ Արթուր Ստեփանյան            

«Կասկադ է  համարվում, քանի որ հերթականությամբ է գալիս։ Սկզբում Սևան ՀԷԿ-ն է , հետո՝ Հրազդան ՀԷԿ-ը, հետո՝ Արգել ՀԷԿ ու այդպես շարունակաբար մինչև Երևան ՀԷԿ 3։ Բոլոր կայաններն այդ նույն ջուրը օգտագործում են։ Մարմարիկ գետի ջուրը Հրազդանում ջրամբարի մեջ է լցվում ու երբ Սևանից ջուր բաց չի թողնվում, դրանով ենք աշխատում»։

Երևան ՀԷԿ-ում արտադրվող հոսանքը մատակարարվում  է խորհրդարանին ու մայրաքաղաքի կենտրոնում գտնվող մի շարք այլ հաստատությունների։  Սևանից ոռոգման նպատակով  բաց թողնվող ջրից հոսանք արտադրող ՀԷԿ-երը  պատկանում են միջազգային էներգետիկ կորպորոցիային։ Եթե Սևանա լճից ոռոգման նպատակով նախատեսվածից  ավելի շատ  ջուր է  բաց թողնվում, ապա հավելյալ արտադրվող հոսանքի գումարը փոխանցվում է բյուջե՝ ասում է  «Միջազգային   էներգետիկ կորպորացիա» ընկերության գլխավոր տնօրեն Արտաշես Կիրակոսյանը։ Սևանից ջրառի՝ օրենքով թույլատրելի սահմանաչափը 170 միլիոն խորանարդ մետր է։

«Երբ 170 մլն խորանարդ մետրը սպառվում է, ավելի սպառված ջրի յուրաքանչյուր խորանարդ մետրից արտադրված հոսանքի գումարը փոխանցում ենք պետական բյուջե։ Անցյալ տարվա համար այս տարի պետք է վճարենք 211 մլն դրամ»։

2021-ին Սևանից ոռոգման նպատակով հավելյալ 75 մլն խորանարդ մետր ջուր է բաց թողնվել։

Ջրային կոմիտեում վստահեցնում են՝ կանեն ամեն ինչ, որ այս տարի հավելյալ ջրառի կարիք չլինի։ Կոմտիտեի նախագահի տեղակալը հստակեցնում է՝ խիստ կլինեն կառավարման հարցերում, հավելյալ ջրաշրջանառություն կկազմակերպեն ։ Պատասխանատու կառույցի ներկայացուցիչը հարցին՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ ոռոգման ջրի խնդիր գյուղացին այս տարի չի ունենա, զգուշավորությամբ է  պատասխանում։ 

«Նորից եմ պնդում՝ եթե  մինչև ոռոգման շրջանի ավարտը եղանակը բարեհաճ լինի, մենք ոնց որ թե ջրի խնդիր չենք ունենա։ Ջրամբարներում ջրի ցրվածության մակարդակը բավարար է։ Ախուրյանի ջրամբարում այս պահին լցվածությունը բավարար է։ Ապարանի ու Ազատի ջրամբարներում  նախատեսվածից քիչ ջուր է կուտակված»։

Տեղումներն այս տարի  առատ են, սակայն միայն դրանք  բավարար չեն անհրաժեշտ քանակով ոռոգման ջուր ունենալու համար՝ ասում են մասնագետները և բացատրում՝ տևական շոգ եղանակին,  օրինակ,  ջուրը կարող է միանգամից գոլորշիանալ  ու խնդիրներ ստեղծել։

Back to top button