Վերնատուն

Օհան Դուրյան –100․ Հանրային ռադիոն 8 ձայնասկավառակից կազմված հավաքածու կթողարկի․ «Վերնատուն»

Այս տարի լրանում է աշխարհահռչակ դիրիժոր, հայ մշակույթի նվիրյալ, բացառիկ քաղաքացի Օհան Դուրյանի 100-ամյա հոբելյանը։ Այդ առիթով ստեղծվել է հոբելյանական կառավարական հանձնաժողով։

Օհան Դուրյանի մտերիմ բարեկամ, հոբելյանական կառավարական հանձնաժողովի անդամ, բժիշկ, հասարակական գործիչ Վահան Վարդապետյանը պատմում է մաեստրոյի ստեղծագործական կյանքի լավագույն դրվագների մասին, ներկայացնում հոբելյանական ծրագրերն ու միջոցառումները։

Օհան Դուրյանը ղեկավարել է աշխարհի տարբեր երկրների շուրջ 120 լավագույն սիմֆոնիկ նվագախմբեր։ Վահան Վարդապետյանը պատմում է, որ մաեստրոն 1962–69թթ․ ղեկավարել է ժամանակի առաջատար Լայպցիգի Գևանդհաուզ նվագախումբը՝ գրավելով ամբողջ երաժշտական աշխարհի ուշադրությունը։ Խորհրդային ռեժիմը արգելում է Դուրյանին մշտական աշխատանքի անցնել և ստիպված թույլատրում են, որ մաեստրոն Լայպցիգում հրավիրյալ դիրիժորի կարգավիճակ ունենա։

Վարդապետյանը պատմում է, որ մաեստրոյի 100– ամյա հոբելյանին Գևանդհաուզ նվագախմբի ներկայիս ղեկավարը պատրաստակամություն է հայտնել մասնակցել հոբելյանական միջոցառումներին, նաև տրամադրել արխիվային նյութեր՝ տեսագրություններ 62–69 թվականներին Լայպցիգի Գևանդհաուզ նվագախմբի համերգները ղեկավարելիս։

Խոսելով հոբելյանական ծրագրեի ու միջոցառումների մասին՝ Վարդապետյանը նաև տեղեկացրեց, որ Ֆրանսիական հայտնի ձայնագրման ստուդիան պատրաստվում է թողարկել ձայնասկավառակների հավաքածու՝ աշխարհի լավագույն երաժշտական գործերի մեկնաբանությամբ, որտեղ տեղ են գտել նաև Դուրյանի մեկնաբանությամբ Վագների, Մոցարտի, Բրուքների սիմֆոնիաներից:

Վահան Վարդապետյանը խոսեց նաև «Օհան Դուրյան –100»– ի շրջանակներում Հանրային ռադիոյի ծրագրերից՝ մանրամասնելով 8 ձայնասկավառակներից կազմված հավաքածույի մասին և այլ։

Մաեստրոն Վահան Վարդապետյանին ընդունել է որպես իր հոգեզավակ․ «Ես բախտ եմ ունեցել ծառայել մաեստրոյի անձին և արվեստին դա ինձ համար մեծ հպարտություն է», – ասում է Վարդապետյանը։

Back to top button