ԿարևորՄշակույթ

Ջավախքի գույները, մշակութային կոթողները՝ հայ և վրացի նկարիչների կտավներում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հունիսի 22-25-ը Ջավախքում անցկացվել է «Համատեղ հայացք Սամցխե-Ջավախեթիին» խորագրով հայ-վրացական պլեներ-փառատոնը, որի շրջանակում բացվել է համանուն ցուցահանդեսը։ Կազմակերպիչը «Ջավախքին աջակցություն» հիմնադրամն է՝ «Սփյուռքահայ ուսանողների խորհուրդ» ՈՒՀԿ-ի,  Հայաստանի և Վրաստանի նկարիչների միությունների հետ համատեղ։

Հայ և վրացի շուրջ 25 նկարիչներ՝ Երևանից, Թբիլիսիից և Ջավախքից, չորս օր շարունակ շրջել են Ջավախքի տարբեր գյուղերում ու քաղաքներում, տեսարժան վայրերում և իրենց տեսածն ու զգացածը փոխանցել կտավին:

Փառատոնի շրջանակում Ախալցխա քաղաքում բացվել է «Համատեղ հայացք Սամցխե Ջավախեթիին» խորագրով հայ-վրացական ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվել է փառատոնի մասնակիցների շուրջ 70 կտավ։

Բացմանը ներկա էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։ Նրա նշմամբ՝ հայերը և վրացիները, դարերով կողք կողքի ապրելով, բավարար չափով չեն ճանաչում միմյանց, իսկ միմյանց ճանաչելու լավագույն եղանակը մշակույթն է:

«Նմանօրինակ մշակութային միջոցառումներով մենք պետք է նպաստենք երկու ժողովուրդների փոխճանաչմանը։ Մեր նախաձեռնությունները պետք է լինեն համատեղ՝ մեր վրաց գործընկերների հետ։ Շատ լավ համագործակցության փորձ ունենք ՋԱՀ-ի հետ, և կարծում եմ՝ առաջիկայում այսպիսի ծրագրեր առավել շատ կունենանք։ Մեր սրահն էլ այսօր ողողված է կանաչով, կտավներում ամենագերակշռող գույնը կանաչն է»,- ասել է նախարարի տեղակալը՝ շնորհավորելով ներկաներին, և մաղթել, որ այս բարդ ժամանակներում կյանքը ողողված լինի կանաչով, բնության և մարդու հանդեպ հիացմամբ։

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանի խոսքով՝ հիմնադրամը մեծ տեղ է տալիս մշակույթի ոլորտի զարգացմանը, որը մշտապես ՋԱՀ-ի ուշադրության կենտրոնում է. «Ասածիս  վառ ապացույցն են նմանօրինակ պլեներ-փառատոները, ցուցահանդեսները, հիմնադրամի կողմից հիմնադրված աշուղ Ջիվանու տուն-թանգարանն ու Վահան Տերյանի տուն-թանգարանի վերականգնված ցուցասրահը։ Հայ-վրացական այսօրինակ համագործակցության ծրագրեր առաջիկայում դեռ շատ կունենանք»։ 

Վրաստանի նկարիչների լիգայի տնօրեն Նուգզար Մելաձեն շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին հրաշալի մշակութային նախագծի իրագործման համար՝ ընդգծելով, որ  յուրաքանչյուր թանգարան կուզենա գոնե մի նկար ունենալ յուրովի գեղեցիկ այս ստեղծագործություններից։

Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, միանալով բոլոր շնորհավորանքներին, կարևորել է մշակութային կապը Ջավախքի հետ՝ շեշտելով, որ այս նախագծով մշակութային երկար համագործակցության հիմք է դրվում։

Back to top button