ԿարևորՔաղաքական

Հայ-թուրքական գործընթացից մեծ սպասելիքներ ունենալն իրատեսական չէ․ թուրքագետ

Վիեննայում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը: Սա Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի արդեն 4-րդ հանդիպումն է․ բանագնացների նախորդ երկու հանդիպումները նույնպես կայացել էին Վիեննայում, առաջին հանդիպումը Մոսկվայում էր:

Բոլոր հանդիպումներից հետո կողմերը վերահաստատել են գործընթացը առանց նախապայմանների շարունակելու պատրաստակամությունը՝ հայտարարելով, որ բանակցությունների վերջնական նպատակը հարաբերությունների լիարժեք կարգավորումն է:

Հայ-թուրքական գործընթացից  մեծ սպասելիքներ ունենալն  ու լուրջ արդյունքներ ակնկալելն իրատեսական չէ ՝  պնդում են թուրքագետները՝  կասկածելով Անկարայի անկեղծությանը և չվստահելով առանց նախապայմանների շարժվելու պնդումներին։

Հուլիսի 1-ին Վիեննայում նախատեսված Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումից առաջ Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել էր, թե Թուրքիայի հետ բանակցություններում մինչ այս պահը մեծ առաջընթաց չկա, և գործընթացի հաջողությունը կախված է Անկարայի  կառուցողականությունից և քաղաքական կամքից։ Ռուբինյանը նաև տարօրինակ էր  համարել Թուրքիայի տարբեր պաշտոնյաների հայտարարությունները,  թե գործընթացը կոորդինացվում, համաձայնեցվում է Ադրբեջանի հետ:

«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկից ի վեր Հայաստանը շատ կառուցողական է եղել: Հայաստանն ունի քաղաքական կամք և ցուցադրել է այդ կամքը՝ արագ կարգավորման հասնելու։ Գործընթացի հաջողությունը կախված է Թուրքիայի համապատասխան կառուցողականությունից և քաղաքական կամքից։ Ինչպես տեսնում եք՝ մինչ այս պահը առանձնապես մեծ առաջընթաց չկա, դա տեսանելի է»։

Վերասահմանազատման հարց հայ-թուրքական բանակցություններում  չի քննարկվում՝ հստակեցրել էր հայ բանագնացը։ Հարցին, թե որքանով է հավանական, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն արժանանա նախորդների ճակատագրին, Ռուբինյանը պատասխանել էր, որ  շոշափելի արդյունքներ դեռ չկան, բայց դա չի նշանակում, որ չեն էլ կարղ լինել: Նրա խոսքով՝  Հայաստանի կառավարությունն ուզում է հասնել շուտափույթ կարգավորման ու դրա համար պատրաստ է գործադրել գործուն քայլեր՝ նույնն ակնկալելով թուրքական կողմից:

Թուրքագետ Հակոբ Չաքրյանը կասկածում է Անկարայի անկեղծությանը։

«Եթե նա անկեղծ լիներ առանց Ադրբեջանին խառնելու դիվանագիտական հարաբերություններ կհաստատեր, փոխադարձ դեսպաններ կնշանակեր ու սահմանները կբացեր։ Ինչ կարիք կա Զանգեզուրով հաղորդակցության ուղիներ  բացել ։ Այսինքն թուրքերի ուզածը այդ ուղիները չեն, Թուրքիայի մտքում Զանգեզուրի միջանցքի բացումն է, դրա համար էլ Բաքվին է ներգրավում»։ 

Ռուբեն Ռուբինյան-Սերդար Քըլըչ նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել մոտ մեկ ամիս առաջ։ Վերջին հանդիպումից հետո նրանք վերահաստատեցին հայ-թուրքական գործընթացը  լիարժեք կարգավորման հասցնելու իրենց հանձնառությունը, նաև վստահեցրեցին, որ առաջ են շարժվում  առանց նախապայմանների, ինչն սակայն մի քանի օր առաջ կասկածի տակ դրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտարարելով, որ  թուրքական կողմից հնչող որոշ ձևակերպումներ խոչընդոտում են գործընթացը։ Խոսքը, մասնավորապես,  Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող «միջանցքի» մասին Թուրքիայից հնչող հայտարարությունների մասին է։

«Այդ հայտարարությունները ոչ մի կերպ չեն նպաստում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին, նույնիսկ հակառակը՝ խանգարում են։ «Զանգեզուրի միջանցք» հասկացություն գոյություն չունի մեր օրակարգում: Հայաստանը միջանցքային տրամաբանության որևէ նախագիծ, որևէ երևույթ չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու: Բացի դրանից՝ Հայաստանում «Զանգեզուր» անվանմամբ տարածքային միավոր գոյություն չունի»:

Թուրքագետը համոզված է՝ որքան էլ Թուրքիան հայտարարություններով պնդի առանց նախապայմանների գործընթացն առաջ տանելու մասին, այդուհանդերձ  նպատակներն այլ են։

«Եթե ուզում են նորմալացնել, թող նորմալացնեն, եթե ոչ՝ իրենց խնդիրն է, որովհետև դրանից առավելագույնը Թուրքիան պետք է օգտվի, քանի որ ցամաքային ուղիղ կապ է հաստատելու Ադրբեջանի հետ և կարող է ամրապնդվել, որ հետագայում Ադրբեջանը որպես ցատկահարթակ օգտագործելով՝  ներթափանցի Միջին Ասիա։ Մենք հո չենք գնալու Ադրբեջան առևտուր անելու»։

Չաքրյանի կարծիքով՝  Ռուբինյան-Քըլըչ չորրորդ հանդիպումից արդյունքներ պետք չէ սպասել, քանի որ այն, ինչ կատարվում է մեր տարածաշրջանում,  Հարավային Կովկասում դիրքերի համար  գերտերությունների միջև ընթացող մրցակցություն է։ 

Back to top button