ԿարևորՀասարակություն

ԵՊՀ գիտնականներն առաջին անգամ ստեղծում են արդի արևելահայերենի ուսումնական քերականական բառարան

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն ֆինանսավորման է երաշխավորել «Արդի արևելահայերենի ուսումնական քերականական բառարան» գիտական թեման: Այն ներկայացրել է ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնը։ Սա ամբիոնի արդեն երրորդ ֆինանսավորումն է՝ տրված գիտության կոմիտեի կողմից։

Նախագծի մասին զրույցը բ.գ.դ., պրոֆեսոր, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնի վարիչ, գիտաուսումնական բազմաթիվ մենագրությունների ու հոդվածների հեղինակ, գիտահետազոտական խմբի ղեկավար Յուրի Ավետիսյանի հետ է։

Աշխատանքային խմբի նպատակն է կազմել արդի արևելահայերենի ուսումնական քերականական բառարան, որը կառուցվածքային և բովանդակային առումներով նորություն կլինի հայ բառարանագրության մեջ, գործնական առումով` պահանջված։

Հեղինակային խումբը նախատեսում է ներկայացնել 4000 բառի ձևաբանական նկարագրություն՝ մտադրություն ունենալով շարունակելու բառարանի համալրման աշխատանքները նաև հետագայում:

Խոսելով բառարանի ստեղծման անհրաժեշտությունից՝ պրոֆեսոր Ավետիսյանն ասում է. «Նախ՝ ամենատարբեր ոլորտներում՝ սկսած վարչագործարարականից մինչև ԶԼՄ-ներ կամ առօրյա հաղորդակցում, անընդհատ են ծագում հարցեր բառի ձևակազմական այս կամ այն փոփոխության վերաբերյալ, որոնք, սակայն, մնում են անպատասխան այն պատճառով, որ տվյալ պահին որևէ մենագրություն, ձեռնարկ, ուղեցույց և կամ բառարան հասանելի չէ․ ձևի որոնումը ընդհանուր տեսական շարադրանքներում դյուրին չէ և խիստ ժամանակատար է»։

Յու. Ավետիսյանն ընդգծում է նաև ուսումնական ձևաբանական բառարանի կիրառական նշանակությունը և պահանջվածությունը բարձրագույն մասնագիտական շրջանակներում և հանրակրթության ոլորտում:

Աշխատանքային խմբի ղեկավարը փաստում է, որ բառարանը կլինի յուրօրինակ տեղեկատու՝ բառի ձևաբանական հատկանիշները ճշգրտելու, գրավոր խոսքը քերականորեն ճիշտ կառուցելու համար։

«Հավասարաչափ գործածելի կլինի և՛ ուսուցանողի, և՛ սովորողի համար. գործնականում, անշուշտ, շատ ավելի հարմար է ձևաբանական անհրաժեշտ միավորը որոնել-ճշգրտել` առանց տեսական ծավալուն «միջամտության»,- ասում է զրուցակիցը։

Իր խոսքում Յու. Ավետիսյանն անդրադառնում է նաև բառարանի բովանդակային առանձնահատկություններին և բառացանկի ընտրությանը. «Բառերն ընտրվելու են գերազանցապես համագործածական բառաշերտից. տրվելու են կանոնավոր ձևափոխությունները, այդ թվում՝ զուգաձևությունները, տեղաշարժի հետևանքով ծագած և լեզվում գոյության իրավունք ստացած տարբերակային նոր ձևերը»։

Երեք տարիների ընթացքում աշխատանքային խումբը, բառարանակազմության աշխատանքներին զուգահեռ, նախատեսում է հրապարակել հոդվածներ առաջադրված խնդրի վերաբերյալ:

Հարցի ուսումնասիրությունը և դրա արգասիք հանդիսացող բառարանը մեծապես կնպաստեն գրական արևելահայերենի քերականության մշակմանն ու նորմավորմանը։

Աշխատանքային երկրորդ տարում անցկացվելու է գիտաժողով: Իսկ վերջին եռամսյակում տպագրության է հանձնվելու գիտական խմբի եռամյա աշխատանքներն ամփոփող գիրքը` «Արդի արևելահայերենի ուսումնական քերականական բառարան»-ը:

Ծրագրի բարեհաջող ավարտից հետո նախատեսվում է քերականական բառարանի էլեկտրոնային տարբերակը տեղադրել բաց շտեմարաններում` ապահովելու համար դրա անխոչընդոտ հասանելիությունը:

Գիտական խմբի անդամներն են բ.գ.թ. դոց. Արտաշես Սարգսյանը, բ.գ.թ., դոց. Լիանա Սարգսյանը և երիտասարդ գիտնական Լիլիթ Ծատուրյանը:

Back to top button