Մտքի ուժը

Բարելավել մեղվի առողջությունը՝ մանրէաբանական պատրաստուկների միջոցով. հայ գիտնականների «Մտքի ուժը»

ԵՊՀ  կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի մանրէների կենսատեխնոլոգիայի լաբորատորիայում ամեն ինչ կարգ ու կանոնով է։ Հենց մուտքի մոտից հասկանում ես, որ այստեղ գործ ունես հետազոտական աշխատանքներով զբաղվողների հետ։

Այս լաբորատորիայում հիմնականում զբաղվում են կենսատեխնոլոգիական նշանակություն ունեցող մանրէների կիրառական նշանակության ուսումնասիրմամբ՝ փորձելով ուսումնասիրել բոլոր հնարավոր մոտեցումները, որտեղ կարելի է կիրառել մանրէներին կենսատեխնոլոգիական տարբեր ոլորտներում՝ սննդի արդյունաբերությունից մինչև բժշկություն։

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ Ինգա Բազուկյանի խոսքով․

«Մեր լաբորատորիայում հիմնական ուղղությունը սննդի ոլորտն է, սակայն վերջին տարիներին ընդլայնվել ենք և փորձում ենք նաև կիրառություն գտնել բժշկության մեջ։ Փորձում ենք մանրէներին ու նրանց կարևոր հատկությունները կիրառել այս ոլորտում։ Նաև ագրարային ոլորտում ենք հետաոզոտություններ անում։ Մենք փորձում ենք գտնել այն մանրէներին, որոնք կարևոր կլինեն գյուղատնտեսական նշանակության միջատների համար»։

Այժմ ուսումնասիրում են միջատասպան նյութերի և էլեկտրամագնիսական ճառագայթների ազդեցությունը Հայաստանի մեղրատու մեղուների կենսունակության վրա՝ կախված մեղուների աղիներում գտնվող միկրոբիոմից։ Արդյունքները շատ հետաքրքիր են՝ ասում է գիտնականն ու բացատրում՝ զուգահեռ ուսումնասիրում էին նաև լվիճներին։

Հետազոտության համար երկու հակադիր օբյեկտներ են ընտրել՝ մեղուները, որոնք կարևոր են գյուղատնտեսության ոլորտում, և լվիճները, որոնք համարվում են բույսերի վնասատուներ:

Բացի այդ, հետազոտում են նաև գլոբալ ճառագայթման ազդեցությունը բակտերիաների վրա։ Արդյունքները օնլայն հարթակում ներկայացրել են մի գիտաժողովում, որն ԱՄՆ-ում է, ինչպես նաև հայաստանյան մասնագետներին։ Դրանք նախնական են, բայց՝ հետաքրքրական, ավելին՝ կարող են նաև կիրառական նշանակություն ունենալ։  

«Ցույց ենք տվել, որ կաթնաթթվային բակտերիաները բավականին բարձր կայունություն ունեն ճառագայթների՝ հատկապես իոնացնողների  նկատմամբ։ Ամենակարևորը, որը հայտնաբերեցինք՝ մեխանիզմներից մեկը, որով այդ մանրէները կայունություն ունեն այդ ճառագայթների նկատմամբ։ Դա ինքնասոսնձման մեխանիզմն է՝ ճառագայթման պայմաններում բջիջները իրար սոսնձվում են՝ պաշտպանելով մեկը մյուսին։ Դա մենք նկատել ենք մեկ շտամի համար։ Բայց նման հատկությունները բնորոշ են այն կաթնաթթվային բակտերիաներին, որոնք նույնիսկ բնակվում են մեղուների կամ մարդու աղիներում։ Սա կարևոր է, քանի որ նման ճառագայթակայուն մանրէներին կարող ենք օգտագործել մածուն կամ յոգուրտ պատրաստելու համար: Որը  որպես կանխարգելիչ միջոց կարելի է օգտագործել  ճառագայթված տարածքներում աշխատող փրկարարների համար»։

Դժվար է համավարակի ու սահմանափակումների օրերին դուրս գալ տնից, ուր մնաց թե մարզ հասնել ու մեղուներին և լվիճներին հետազոտել՝ այսօր արդեն կատարված աշխատանքներին նայելով հետադարձ հայացքով, ասում է Ինգա Բազուկյանը։

Գիտական ամբողջ աշխարհում են մեղուների հիվանդությունների դեմ պայքարի միջոցներ փնտրում՝ ասում է Մանրէեների կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի գիտաշխատող Լուսինե Հակոբյանն ու նկատում՝ նախապատվությունը բնական միջոցներինն են։ Հետազոտում են նաև այն, թե ինչպես անեն, որ կաթնաթթվային բակտերիաները չվնասեն տիզերին։ Այս դրամաշնորհի իրականացման համար գիտական խմբին ՀՕՖ-ի գիտության ու կրթության ազգային հիմնադրամի կողմից տրամադրվել էր 4950 դոլար։

Սակայն սա  հետազոտության շարունակությունն է: Նույն գումարով թեմայի հետ կապված 2017-2018 թվականներին մեկ այլ հետազոտություն էր կատարվել։  Գիտությունը սերտ կապված է ֆինանսական աջակցության հետ, առանց ֆինանսի լուրջ հետազոտություն հնարավոր չէ անել, կարծում են գիտնականները։ 

Բացատրում են՝ իրենք իրենց միջոցներով չեն կարող նյութ ու սարքավորում  գնել։ Ուստի բազային ֆինանսավորմանը զուգահեռ կարևոր են ֆինանսական բոլոր հատկացումները։

Back to top button