ԿարևորՀասարակություն

Անասնաբուժական կլինիկա՝ Դիլիջանի թափառող շների համար

Դիլիջան քաղաքում այսօր բացվեց առաջին անասնաբուժական կլինիկան, որտեղ որակավորում ստացած անասնաբույժները կկարողանան ստերիլիզացնել հետազոտել կամ բուժել քաղաքի թափառող շներին։

Ծրագիրը նախաձեռնել են Դիլիջանի գործարար համայնքը և «Ապրելու» բարեգործական հիմնադրամը։ Այն իրականացվել է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (ТUF) բարեգործական հիմնադրամի կողմից՝Դիլիջանի համանքապետարանի հետ համագործակցությամբ, Դիլիջանի բնակիչների և գործարար ոլորտի ներկայացուցիչների աջակցությամբ:

Լինելով Հայաստանի խոշոր համայնքներից մեկը և համարվելով ակտիվ զբոսաշրջային ուղղություն՝ Դիլիջանում այսօր հրատապ է մեծաթիվ թափառող շների խնդիրը, ինչն անհանգստացնում է քաղաքի բնակիչներին և հյուրերին:

Ծրագրի շրջանակում վերանորոգվել է անասնաբուժական կլինիկայի տարածքը, ձեռք են բերվել անհրաժեշտ բժշկական սարքավորումներ։ Երևանից հրավիրված անասնաբույժի կողմից նախատեսվում է այս տարվա ընթացքում վերապատրաստել տեղացի 3 անասնաբույժի։ Մասնագետները հնարավորություն  կունենան  կատարել  ստերջացումներ, պատվաստումներ, որոշ դեպքերում նաև՝ վիրահատական միջամտություններ։

«TUF հիմնադրամը, որի հիմնադիրը սոցիալական ձեռներեց Ռուբեն Վարդանյանն է, ավելի քան 10 տարի իրականացնում է մշակութային, կրթական և զբոսաշրջային ոլորտի զարգացման ծրագրեր Դիլիջանում։ Հիմնադրամը  մշտապես ուշադրության կենտրոնում է պահում նաև համայնքային խնդիրները, փորձելով դրանք լուծել՝ համագործակցելով համայնքապետարանի հետ և ներգրավելով Դիլիջանի ակտիվ բնակիչների, գործարար համայնքի և Սփյուռքի ներուժը»,-ասում է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (ТUF) բարեգործական հիմնադրամի տնօրեն Մարիետա Մաթևոսյանը։

Նա հավելում է, որ շների ստերիլիզացիան ամբողջ աշխարհում ճանաչված է՝ որպես թափառող կենդանիների տարածումը նվազեցնող ամենամարդասիրական մեթոդ։ Ուստի կլինիկայի բացումից հետո ակնկալվում է, որ քաղաքը կդառնա ավելի անվտանգ և մաքուր, երեխաները, համայնքի բնակիչներն ու զբոսաշրջիկները այլևս չեն վախենա երեկոյան շրջել քաղաքում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև անցկացնել մի շարք դասախոսություններ երեխաների և դեռահասների համար՝  կենդանների նկատմամբ դաժան վերաբերմունքը կանխելու նպատակով։

Ակնկալվում է, որ, մինչև 2023 թ. փետրվարը կլինիկայում կստերիլիզացվի շուրջ 500 թափառող շուն։ Նախաձեռնության շրջանակում Դիլիջանում կբացվի նաև կենդանիների խնամքի պարագաների մասնագիտացված խանութ և կստեղծվի թափառող շների խնամակալների կամավորական խումբ։

Back to top button