ԿարևորՀասարակություն

Ուսուցչի կամավոր ատեստավորումը կիրականացվի գրավոր` թեստային և ոչ թեստային առաջադրանքների միջոցով

Սեփական նախաձեռնությամբ կամավոր ատեստավորման փորձնական ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 4000 ուսուցիչ:

2022 թվականին ատեստավորումն իրականացվում է 5-12-րդ դասարաններում բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչների համար: Ատեստավորումը, ըստ առարկաների, իրականացվում է գրավոր` թեստային և ոչ թեստային առաջադրանքների միջոցով:

Կամավոր ատեստավորման գործընթացը կազմակերպվում է՝ համաձայն ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի 596-Ն որոշմամբ հաստատված «Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման» կարգի:

Թեստային առաջադրանքների միջոցով գիտելիքի ստուգումն իրականացվում է «Մայրենի», «Հայոց լեզու», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն», «Բնագիտություն», «Հայրենագիտություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Հայոց եկեղեցու պատմություն», «Ինֆորմատիկա», «Հասարակագիտություն», «Մայրենի լեզու» (ասորերեն, եզդիերեն, քրդերեն) դասավանդող ուսուցիչների համար: Թեստերը բաղկացած են ընտրովի և կարճ պատասխաններ պահանջող առաջադրանքներից:

«Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն» առարկաներ դասավանդող ուսուցիչների ատեստավորումը կարող է իրականացվել ինչպես թեստային, այնպես էլ ոչ թեստային առաջադրանքների միջոցով` ըստ իրենց ընտրության:

Ոչ թեստային` գրավոր եղանակով գիտելիքի ստուգում իրականացվում է «Նախնական զինվորական պատրաստություն», «Ֆիզկուլտուրա», «Երաժշտություն», «Կերպարվեստ», «Տեխնոլոգիա» առարկաները դասավանդողների համար: Գրավոր առաջադրանքներն ընդգրկում են գործնական աշխատանքներ, բաց և փակ հարցեր:

Առարկայական գիտելիքի ստուգման թեստեր մշակող մասնագետների ընտրությունը կատարվում է Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից՝ իր ոլորտում մասնագիտական բարձր պատրաստվածություն ունեցող մասնագետներից:

Ոչ թեստային եղանակով` գրավոր ատեստավորման առաջադրանքները կազմվում են տվյալ ուղղությամբ մասնագիտական մանկավարժական կրթություն իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատությունում ձևավորված մասնագիտական հանձնաժողովների կողմից։

Ըստ սահմանված կարգի` ԳԹԿ-ն ատեստավորումից առնվազն 20 աշխատանքային օր առաջ հրապարակում է մեթոդական ուղեցույց, որում ներկայացվում են թեստերի կառուցվածքը, առաջադրանքներում ընդգրկվող նյութերը, ձևաթղթի լրացման կարգը և առաջադրանքների նմուշներ։

Հայտ ներկայացրած ուսուցիչների ցուցակների հիման վրա ԳԹԿ-ն Երևան քաղաքում և մարզկենտրոններում ուսուցիչների ատեստավորումը կազմակերպելու նպատակով ձևավորում է ատեստավորման կենտրոններ: Ըստ սահմանված ժամանակացույցի` ատեստավորումից առնվազն 10 աշխատանքային օր առաջ կատարվում է ատեստավորվող ուսուցիչների խմբերի ձևավորում, մասնակից յուրաքանչյուր ուսուցչի տրամադրվում է անցաթուղթ: Անցաթուղթը պարունակում է ուսուցչի տվյալները (անունը, հայրանունը և ազգանունը), անձը հաստատող փաստաթղթի տվյալները, մարզը, դպրոցը, առարկան, ատեստավորման կենտրոնի գտնվելու վայրը, խմբի համարը, գիտելիքի ստուգման օրը և ժամը, ինչպես նաև արդյունքների մասին տեղեկանալու համար 6 նիշից բաղկացած անհատական ծածկագիրը:

Ատեստավորման արդյունքում բարձրանում է աշխատավարձը.

90-100 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները համարվում են ատեստավորված, նրանց տրվում է հավելավճար` աշխատավարձի 50 տոկոսի չափով,
80-89 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները համարվում են ատեստավորված, նրանց տրվում է հավելավճար` աշխատավարձի 40 տոկոսի չափով,
70-79 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները համարվում են ատեստավորված, նրանց տրվում է հավելավճար` աշխատավարձի 30 տոկոսի չափով,
60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները համարվում են ատեստավորված, նրանց աշխատավարձը պահպանվում է` առանց դրույքաչափի փոփոխության և հավելավճարի,
0-59 տոկոս արդյունքի դեպքում ուսուցիչը ենթակա է վերաատեստավորման՝ մեկ տարվա ընթացքում:
Կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճար ստացող ուսուցչի դրույքաչափը սահմանված է 200.000 դրամ (մեկ դրույք զբաղվածության համար), որի նկատմամբ կիրառվում է համապատասխան չափով հավելավճարը:

Ատեստավորման արդյունքում ուսուցիչը հավելավճար է ստանում ուսուցչի ամբողջ աշխատավարձի համապատասխան տոկոսի չափով՝ անկախ նրանից, թե որ առարկայից է ատեստավորվել:

Արդեն ամփոփվել են կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար հայտ ներկայացրած ուսուցիչների տվյալները` ըստ մարզերի: Մնացած տվյալներն ամփոփման փուլում են:

Կամավոր ատեստավորման այս տարվա հայտերի ընդունելությունը կատարվել է 2022 թվականի մայիսի 16-ից հունիսի 7-ը` էլեկտրոնային եղանակով: Այդ նպատակով էլեկտրոնային մատյանում՝ matyan.emis.am կայքում, ստեղծվել է համապատասխան բաժին, որի միջոցով ուսուցիչները լրացրել են կամավոր ատեստավորման հայտը:

Բուն ատեստավորման` առարկայական գիտելիքների ստուգման գործընթացը տեղի կունենա սեպտեմբերին, աշխատավարձերի բարձրացումը` ըստ արդյունքների, կկիրառվի հոկտեմբերից:

Back to top button