ԿարևորՀասարակություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսն արդյունավոր առաքելություն է մաղթել ՀՀ-ում Իսրայելի նորանշանակ դեսպանին

Հունիսի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի Պետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Յոել Լիոնին (նստավայրը՝ ք. Երուսաղեմ):

Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Իսրայելի պատվո հյուպատոս Աշոտ Շախմուրադյանը։

Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր բարեմաղթանքներն է բերել վերջինիս:

Զրույցի ընթացքում անդրադառնալով երկու ժողովուրդների պատմական առնչակցություններին ու ընդհանրություններին՝ Նորին Սրբությունը ցավով է խոսել անցյալ դարում երկու ժողովուրդներին պատուհասած ողբերգությունների՝ Հոլոքոստի ու Հայոց Ցեղասպանության մասին, ինչպես նաև անդրադարձ է կատարել Սփյուռքում երկու ժողովուրդների զավակների միջև ձևավորված բարեկամական հարաբերությանը:

Իր Հերթին դեսպան Յոել Լիոնին կարևորել է երկխոսության շնորհիվ երկու երկրների միջև փոխգործակցության և բարեկամական հարաբերությունների խորացումը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության և դրանց յուրացման քաղաքականության առնչությամբ:

Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Հայրապետն արդյունավոր առաքելություն է մաղթել դեսպանին:

Կարդացեք նաև
Close
Back to top button