Մոռացված ֆիլմերի ստվերները

Քարկոծված «Քարե հովիտը». «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Անցյալ դարի 1970-ականների երկրորդ կեսին Ալբերտ Մկրտչյանը նկարահանեց «Քարե հովիտ» ֆիլմը։ Նկարահանման և մոնտաժային աշխատանքներն ավարտելուց հետո ֆիլմը երկար ժամանակ էկրան բարձրանալու թույլտվություն չէր ստանում։ Թեժ քննարկումներից, բանավեճերից հետո ցուցադրվեց Մոսկվայի կենտրոնական հեռուստատեսության եթերում՝ այն էլ ընդամենը մեկ անգամ։ 

Մոսկվայի համամիութենական կինոինստիտուտն ավարտելուց և Հայաստան վերադառնալուց հետո, Ալբերտ Մկրտչյանը մի նվիրական երազանք ուներ. ֆիլմ նկարահանել Հայոց ցեղասպանության թեմայով։ Տարիներ անց հարցազրույցներից մեկում վերհիշելով «Քարե հովիտ» ֆիլմի ստեղծման պատմությունը Ալբերտ Մկրտչյանը պատմում էր, որ այդ թեմայով ֆիլմ նկարահանելու սցենարի փնտրտուքները նրան  տարան դեպի Գրողների միություն։

Ալբերտ Մկրտչյան

«Ստեփան Ալաջաջյանը Գրողների միությունում ինձ փոխանցեց Մուշեղ Գալշոյանի՝ դեռևս ձեռագիր վիճակում գտնվող «Բովտուն» վեպը: Կարդալուց հետո ես նոր հասկացա մորս՝ ամենատխուր վարկյանին արված մի արտահայտություն. «Կեղնի մե օրմ, որ երկնքից տեսնիմ, թե էս աշխարհը ինչի է էսպես ծուռ»»,- այսպես էր վերհիշում տարիներ անց «Քարե հովիտ» ֆիլմի ստեղծման աշխատանքները կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը:

1976 թվականին Ալբերտ Մկրտչյանի առաջարկով Մուշեղ Գալշոյանն իր «Բովտուն» վեպը վերածում է կինոսցենարի։ Ի սկզբանե նախատեսված երկսերիանոց ֆիլմի սցենարը կարճ ժամանակ անց ներկայացվում է «Հայֆիլմ» կինոստուդիայի խմբագրական կոլեգիայի դատին: Հայաստանյան խմբագրական կոլեգիան մեծ ոգևորությամբ է ընդունում սցենարը: Այնուհետև սցենարն ուղարկվում է Մոսկվա, սակայն մոսկովյան խմբագրական կոլեգիան սցենարական որոշակի շտկումներ է պահանջում։

Արևմտյան Հայաստանից գաղթածների ժառանգների կողմից քարքարոտ հովտում հիմնած գյուղի մասին պատմող ֆիլմում սովետական կոլխոզ-սովխոզների բացակայությունը տարակուսելի էր մոսկովյան խմբագրական կոլեգիայի համար։ Եվ դա վեճի առիթ դարձավ։ Սցենարի շուրջ թեժացող կրքերը հանդարտվեցին միայն այն ժամանակ, երբ Մուշեղ Գալշոյանը պարտադրված ուղղումներ կատարեց սցենարում:

Մուշեղ Գալշոյան

«Մոսկովյան խմբագրական կոլեգիայի որոշմամբ Մուշեղ Գալշոյանին կցվեց մի սցենարիստ, ոմն Տրապինին: Եվ սկսկվեց ֆիլմի պատառոտումը: Մի էպիզոդը փոխարինում էին մեկ այլով, որոշ էպիզոդներ ընդհանրապես դուրս էին մնում ֆիլմից: Եվ այդպես սցենարի նախնական տարբերակը խեղվեց», -ասում է Ալբերտ Մկրտչյանը:

Ֆիլմի նկարահանումներն ընթանում էին Թալին քաղաքին մոտ գտնվող մի փոքրիկ գյուղում։ «Քարե հովիտ» ֆիլմում Արևի դերը մարմնավորած դերասանուհի Ջուլիետա Բաբայանը պատմում է, որ ամռան վերջին սկսված նկարահանումներն ավարտվեցին դեկտեմբերին: Վերջին տեսարանը նկարահանվեց մեծ դժվարությամբ: Թվում էր, թե տեսարանն այդպես էլ չի նկարահանվի, սակայն Մհեր Մկրտչյանի հնարամիտ լուծումը փրկեց իրավիճակը։

Ջուլիետա Բաբայան

«Դեկտեմբեր ամսվա վերջն էր և Ալբերտ Մուշեղիչը որոշեց անձրևի տեսարանը նկարահանել ջրցան մեքենաների օգնությամբ: Հագուստների տակից ցելոֆանե անձրևանոցներ էինք հագել, որ չթրջվեն մեր հագուստները, բայց երբ բացեցին ջրմղիչ պոմպերը բոլորս մի ակնթարթում թրջվեցինք, իսկ Մուշեղիչը գոռում է, նայենք երկնքին և ժպտացե’ք, ժպտացե’ք,  բայց ինչ ժպտանք ցրտից սրթսրթում ենք: Մհեր Մկրտչյանը կանգնեցրեց նկարահանումը, բոլորիս հրավիրեց խարույկի մոտ և տնական օղի հյուրասիրեց։ Վերջին՝ երրորդ դուբլի ժամանակ բոլորս օղուց տաքացած, հարբացած անկախ մեզանից նայում էինք երկնքին ու ժպտում»,-ծիծաղելով պատմում է Ջուլիետա Բաբայանը:

Անգամ պարտադրված կրճատումներ կատարելուց հետո ֆիլմը երկար ժամանակ էկրան բարձրանալու թույլտվություն չէր ստանում։ «Քարե հովիտ» ֆիլմը գուցե և այդպես էլ չցուցադրվեր Մոսկվայի կենտրոնական հեռուստատեսության եթերում, եթե չլիներ Գրողների միության՝ այն ժամանակվա նախագահ Վարդգես Պետրոսյանի միջամտությունը։

«Ես խնդրեցի Վարդգես Պետրոսյանին, որ Գրողների միությունից նամակ ուղարկեն Մոսկվա։ Նամակն ուղարկվեց, որից հետո ինչ-որ մի օր՝ առանց նախօրոք հայտարարելու, ցերեկային մի ժամի Մոսկվայի կենտրոնական հեռուստատեսության եթերում ցուցադրվեց ֆիլմը։ Դա առաջին և վերջին անգամն էր. այլևս երբեք այն չցուցադրվեց ո՛չ հեռուստատեսությամբ, ո՛չ որևիցե մեկ այլ տեղ»,- ասում է Ալբերտ Մկրտչյանը։

Ալբերտ Մկրտչյանի և Մուշեղ Գալշոյանի ջանքերով ստեղծված «Քարե հովիտ» ֆիլմը խորհրդային գրաքննության «վիրահատական միջամտություններից» ու մի լավ գրաքննվելուց հետո ընդամենը մեկ անգամ ցուցադրվեց Մոսկվայի կենտրոնական հետուստատեսության եթերում։ Երկար տարիներ ֆիլմը մոռացության էր մատնվել։ Եվ միայն Խորհրդային Միության փլուզումից հետո հնարավոր եղավ այն հաճախակի ցուցադրել։

Բայց կրճատված տեսարանները, ռուսերեն տեքստի առկայությունը զգալիորեն թուլացրել էին կինոնկարը, և հայ հանդիսատեսը չապրեց վայելքի այն չափը, որ կարող էր նրան պարգևել երկու տաղանդավոր հայ արվեստագետների՝ գրող Մուշեղ Գալշոյանի և կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի համատեղ ստեղծագործությունը։

Back to top button