ԿարևորՀասարակություն

Վարորդները կշահեն, երկիրը՝ ոչ. ՌԴ-ում աշխատելիս հայկական վարորդականը կանցնի

Ռուսաստանի Պետդուման հունիսի 30-ին առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որը նախատեսում է ճանաչել Հայաստանի քաղաքացիների ազգային վարորդական իրավունքի վկայականները՝ ՌԴ-ում նրանց կողմից ձեռնարկատիրական կամ աշխատանքային գործունեություն իրականացնելիս:

«Նախատեսվող փոփոխությունները ենթադրում են Ռուսաստանի Դաշնության տարածքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազգային վարորդական վկայականների ճանաչում՝ տրանսպորտային միջոցներ վարելու հետ կապված ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելիս»,-ասվում է օրինագծի հիմնավորման մեջ։

Այս կարգավորումն արդեն գործում է Ղրղզստանի քաղաքացիների և այն պետությունների քաղաքացիների համար, որոնց օրենսդրությունը սահմանում է ռուսերենի օգտագործումը՝ որպես պաշտոնական լեզու:

ՌԴ-ում մեր ազգային վարորդական իրավունքի վկայականներով ձեռնարկատիրական եւ աշխատանքային գործունեություն իրականացնելու` 2017 թվականի հունիսի 1-ից գործող արգելքը հնարավոր է վերացվի:  ՌԴ Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է նախագիծ, համաձայն որի՝ ՀՀ-ում ստացված ազգային վարորդական իրավունքի վկայականները կընդունվեն ՌԴ-ում:

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը վստահ է՝ այս նախագծի ընդունմամբ կլուծվի տարիներ շարունակ  բարձրացվող խնդիրը, որի պատճառով Հայաստանում ստացած վարորդականներով մեր հայրենակիցները երկար ժամանակ չեն կարողացել ձեռնարկատիրական կամ աշխատանքային գործունեություն ծավալել ՌԴ-ում: Ի տարբերություն Էդմոն Մարուքյանի՝ երթևեկության փորձագետ, վարորդների իրավապաշտպան Արտակ Խաչատրյանին այս նախաձեռնությունունն ավելի շատ մտահոգում է, քան ուրախացնում։ Վարորդները գուցե շահեն, երկիրը՝ դժվար թե՝ ասում է.

«Մեր երկրի համար վատ կլինի։ Շատ վարորդներ չէին կարողանում Ռուսաստանի վարորդական վկայական հանել, իսկ զարտուղի ճանապարհներով շատ թանկ էր ու ձեռնտու չէր լինում խոպան գնալ։ Այժմ այդ սահմանափակումը վերացնում են։ Հայաստանում այսօր ավելի դժվար է վարորդական ստանալը,  քան Ռուսաստանում։ Բացի դրանից՝ ՌԴ-ն աշխատուժի խնդիր ունի, ու դա է պատճառը, որ հնարավորություններն ընդլայնում են»։

Վարորդների իրավապաշտպանն այս օրենքի ընդունման դեպքում արտագաղթի ավելի մեծ ռիսկեր է տեսնում։ «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը նույնպես օրենսդրական փոփոխությունից մեծ ակնկալիքներ չունի։ Շատ բան չի փոխվելու՝ ասում է։ Գործող կարգավորմամբ ազգային վարորդականներով միայն հանրային տրանսպորտ չեն կարողանում վարել։

«Եթե անձն իր մեքենայով որոշում է գնալ ՌԴ, իր վարորդականով հանգիստ կարող է գնալ և մինչև 180 օր շրջել, իր վարորդականն այնտեղ անցնում է։ Այս սահմանափակումը վերաբերում էր բացառապես տաքսիներին և հասարակական տրանսպորտին։Նման աշխատանքի համար ռուսական վարորդական իրավունքը պարտադիր էր։ Հիմա ընդամենն այդ կետն է դուրս գալիս։ Հայերը ևս կկարողանան իրենց հայկական վարորդականով աշխատել ՌԴ-ում»։

Զրուցակիցս չի էլ կարծում, որ այս տարի օրենքը կընդունվի։ Մինչև ուժի մեջ մտնելն այն դեռ երկար ճանապարհ ունի անցնելու՝ ասում է։

«Դեռ 2-րդ ընթերցում պետք է անցնի, Դումայից պետք է գնա նախագահական, նախագահը ստորագրի, ապա նոր ուժի մեջ մտնի։ Դա ընդամենը առաջին ընթերցումն էր։ Հավատացեք՝ ես չեմ կարծում, որ դա շատ մեծ նշանակություն է ունենալու մեր քաղաքացիների համար։ Երբ գնում էին, պետք է ինչ-որ մեկի մոտ աշխատենին վարորդ, և սովորաբար գործատուն հնարավոր բոլոր միջոցներով աջակցում էր, որ տվյալ անձն ունենա այդ վարորդականը։ Ասել, որ դա ինչ-որ էական ազդեցություն է ունենալու, դժվար է․ իրենք այս տարիներին այդ բոլոր ճանապարհներն արդեն սովորել են, գիտեն՝ ինչպես աշխատել»։

Զրուցակիցներիս կարծիքով՝ ֆինանսական բեռը շատ ավելի կթեթևանար, եթե օրինակ չեղարկվեր 2021 թվականի դեկտեմբերին ընդունված օրենքը, ըստ որի՝ բոլոր միգրանտները պետք է բուժզննում անցնեն և մատնահետք հանձնեն։

Back to top button