ԿարևորՀասարակություն

Հյուսիս-Հարավ մայրուղու Սիսիան-Քաջարան և Քաջարան-Ագարակ հատվածների կառուցման համար 570 հողամաս կօտարվի

Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի 5 տրանշից 4-րդն արդեն «միս ու արյուն» է ստանում։ Այս նպատակով Սյունիքի վարչական սահմանում որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ է ճանաչվել։ Ըստ նախագծի՝ Սիսիան-Քաջարան հատվածի ճանապարհի գոտու հողամասերի օտարում կսկսվի, որպեսզի շինաշխատանքները սկսելիս օտարումն արդեն ավարտված լինի։

Այս ընթացքում նաև մրցույթով պետք է ընտրվի շինարար կազմակերպությունը։ Մինչ օրս Հյուսիս-Հարավի ներդրումային ծրագրով մոտ 322 մլն դոլար է ծախսվել։ 2012 թվականից մեկնարկած ճանապարհաշինական 5 տրանշից միայն առաջինն է ավարտված, շահագործման է հանձնվել 2016 թվականին։

Սիսիանի 14 համայնքի 570 միավոր հողամաս, որպես պետության գերակա շահ, կօտարվի։ Դրանց դիմաց որքան կվճարվի հողատերերին՝ գործադիրում դեռ չեն հստակեցնում, բայց բացատրում են՝ Հյուսիս-Հարավ մայրուղու՝ Սյունիքով անցնող հատվածում ճանապարհի կառուցման նոր փուլ է սկսվում՝ 5 տրանշանոց ծրագրի 4-րդ տրանշը։ Սիսիան-Քաջարան և Քաջարան-Ագարակ հատվածների հիմնական շինաշխատանքները կմեկնարկեն 2023-ից՝ «Ռադիոլուր»-ին ասում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանը։ Այժմ ակտիվ նախապատրաստական աշխատանքներն են․ մրցույթով պետք է ընտրվի շինարարը, օտարվեն այն հողամասերը, որոնք կառուցվելիք ճանապարհի վրա են՝ Սիսիան համայնքի Սիսիան, Աղիտու, Գեղի, Գետաթաղ, Դարբաս, Լեռնաձոր, Լոր, Իշխանասար, Նորավան, Շենաթաղ, Որոտան, Վաղատին, Ույծ, Նոր Աստղաբերդ բնակավայրերում։ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի խոսքով՝

«Ընդհանուր առմամբ, 570 միավոր հողակտորներ են, արդեն հստակեցված են սահմանները, թե ինչ պետք է օտարենք։ Սիսիանից Քաջարան հատվածը 60 կիլոմետր է, որն ընդգրկում է 4,7 կիլոմետր կամուրջներ, իսկ կամուրջները 27-ն են, 12,6 կմ թունելներ են։ 9 թունել է, որոնցից միայն մեկի երկարությունը 8,6 կմ է»։

Հողերը գնելու նպատակը նաև շինարարության համար անհրաժեշտ շինհրապարակի ազատումն է, որովհետև այդ ճանապարհն անցնում է մասնավոր հողակտորներով՝ բացատրում է վարչապետը։

«Եթե չեմ սխալվում՝ մրցույթը մարտին էինք հայտարարել։ Բայց մենք մեկ անգամ ժամկետը երկարաձգել ենք ընթացակարգերով սահմանված ձևով, քանի որ որոշակի հետաքրքրություն կար ընկերությունների նկատմամբ։ Մենք ունենք այդպիսի ընթացակարգ, որպեսզի բոլոր հետաքրքրված ընկերություններին հնարավորություն տանք մասնակցել մրցույթին»։

Ճանապարհային դեպարտամենտի գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանը  նկատում է՝ Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման մրցույթը երկու փուլով է։ Տեխնիկական հսկողության մրցույթն արդեն հայտարարված է։

« Քաջարան -Ագարակ հատվածում ևս նախատեսված է կամուրջների ու թունելների կառուցում։ Նախագիծը համալիր փորձաքննությունն անցել է։ Բազմաթիվ կամուրջներ ու երկու փոքր թունել կկառուցվեն այդ հատվածում»։

Ավելի քան տասը տարի ու ծախսված շուրջ 322 մլն դոլար․ բայց Հյուսիս-Հարավ ռազմավարական ճանապարհի կառուցման ավարտը դեռ չի նախանշվում։ Կառուցման ընթացքում տեխնիկական խնդիրներ ու լուրջ չարաշահումներ արձանագրվեցին, բայց տեղաշարժը նկատելի է։  

Հինգ տրանշից բաղկացած ներդրումային ծրագրի 3-րդ տրանշով Թալինից Գյումրի հատվածում այս պահին ակտիվ շինարարություն է։ Չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունն արդեն գործի մոտ 65 տոկոսն արել է։

Տրանշ-2-ով Աշտարակ-Թալին հատվածումարված է աշխատանքի մոտ 60 տոկոսը։ Այս հատվածում խնդիրներ են առաջացել կապալառուի՝ իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» ընկերության հետ։ Պայմանագիրը խզված է՝ հիշեցնում է Զուլալյանը։

Չնայած ձգձգումներին ու խնդիրներին՝ երկրի հարավը հյուսիսին կապող ծրագիրն այժմ էլ ունի ռազմավարական, կենսական նշանակություն՝ վստահեցնում է Ճանապարհային դեպարտամենտի գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանը։ Տնտեսագետ Գրիգոր Նազարյանը ծրագրի կարևորության մասով վերապահում չունի։ Ասում է՝ այս պահին Հայաստանի համար կարևոր է հնարավորինս արագ բարեկարգել իր ենթակառուցվածքները, մասնավորապես, «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան հատվածը։ Սակայն Նազարյանը նաև անհասկանալի է համարում մի շարգ դրվագներ։ 

«Ինձ համար միշտ անհասկանալի է ծրագրի կառուցման դանդաղեցումը, նախագծերի առաջին տրանշի նախապատվությունը։ Այդ հատվածում բարդ ռելիեֆ ունենք, տարիներ շարունակ դա անտեսվել է»։

Կառավարությունում հաշվարկել են՝ եթե Հյուսիս-Հարավ մայրուղին վերջապես երկրի հյուսիսը նոր ճանապարհով կապի հարավին, 550 կմ երկարությամբ ներկայիս ճանապարհը կկրճատվի մի քանի ժամով։ Կնվազի նաև բեռնափոխադրումների գինը։

Back to top button