ԿարևորՔաղաքական

«Խաղաղության օրակարգը» խաղաղության երաշխիք չէ․ տապալումների և ակնկալիքների միջև

Բացի քաղաքական և պետական գործիչներից՝ հայ-ադրբեջանական հանդիպումներ կազմակերպվում են նաև փորձագիտական մակարդակով։ Նմանատիպ մի հանդիպման համար հարթակ է դարձել Վրաստանի Կաչրետի քաղաքը։ Այնտեղ հանդիպել են հայ և ադրբեջանցի 11 անկախ փորձագետներ։ Հանդիպման մասնակիցները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման առնչվող հարցերը և փոխվստահության ամրապնդմանն ուղղված շարունակական ջանքերը։

Պետական «խողովակներով» փոխանցված տեղեկատվությունն այն է, որ ապաշրջափակման հարցերով հանձնաժողովում հաջողվել է մոտեցնել կողմերի դիրքորոշումները։

Խաղաղության օրակարգի շուրջ՝ տարբեր հարթակներում ընթացող բանակցություններն այս փուլում արդյունավետ են միայն ապաշրջափակման հարցերով զբաղվող խմբում։ Այնտեղից են կողմերի դիրքորոշումները մոտեցնելու մասին ազդակները։ Վերջին հանդիպումից հետո ռուսական լրատվամիջոցներին սա ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, մինչդեռ ադրբեջանական կողմը շարունակում է «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարություններ անել։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքով՝ ընկալումների խնդիր է, քանի որ ոչ միայն պաշտոնական Երևանը, այլև պաշտոնական Մոսկվան և Բրյուսելը տարբեր առիթներով բացառել են «միջանցքային» տրամաբանությունը։

Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով՝ ապաշրջափակման հարցերով զբաղվող հանձնաժողովում դիրքորոշումները մոտեցել են սահմանային վերահսկողության հարցի շուրջ։

«Ուզում եմ ասել, որ «միջանցքային» տրամաբանությամբ որևէ հարց չենք քննարկել և չենք էլ քննարկելու։ Քննարկումն ամբողջությամբ ընթանում է այն տրամաբանությամբ, որ մենք սահմանային վերահսկողության ձևեր գտնենք։ Հնարավոր է՝ ավելի ժամանակակից տեխնոլոգիաներ կիրառելով՝ ավելի հեշտացված տարբերակ ընտրել՝ application–ի լրացման միջոցով ավելի արագ գործընթաց տեղի ունենա։ Բայց ամբողջական սահմանային վերահսկողություն լինելու է։ Մաքսազերծում տեղի է ունենում, երբ ներմուծում են տվյալ ապրանքը Հայաստան, բայց եթե Հայաստանի տարածքը օգտագործվում է, որպեսզի որևէ ապրանք, օրինակ, Իրանից գնա Վրաստան կամ Վրաստանից հակառակը, դա մաքսազերծում չէ։ Այլ հարկային տեսակ է։ Բնականաբար, Ադրբեջանի դեպքում ևս կիրառվելու է հարկային տեսակներ։ Այս պահին քննարկումները շարունակաբար ընթանում են»։

Բացի քաղաքական և պետական հարթակներից՝ Հայաստանն ու Ադրբեջանը փորձում են երկխոսել նաև փորձագիտական մակարդակում։ 5 փորձագետ Հայաստանց և 6 փորձագետ Ադրբեջանից հանդիպել են Վրաստանում։ Այս ձևաչափով քննարկումը նախաձեռնել է Եվրամիությունը։ Երկու օր հանդիպել են, շփվել, քննարկել, նախանշել աշխատանքային օրակարգերը, փորձել են լսել միմյանց և հասկանալու՝ ինչ կարելի է կառուցել եղած հիմքի վրա։ Փորձագիտական խումբը չի զբաղվում հակամարտության գնահատմամբ, բանակցային, խաղաղության գործընթացով։ Սակայն հայկական խումբը իր մտահոգությունները բարձրաձայնում է՝ «Ռադիոլուր»-ին ասաց հայ-ադրբեջանական հանդիպման մասնակից, փորձագետ Տարոն Հովհաննիսյանը։

«Գաղափարներից մեկը նոյեմբերի 9-10-ի հրադադարի եռակողմ հայտարարության պայմանների կատարման մոնիթորինգն է։ Նաև առաջարկվել է իրականացնել ատելության խոսքի մշտադիտարկում՝ ինչքանով է դա ուղղորդվում պետական մարմինների կողմից, պետական պաշտոնյաների խոսքը՝ ի մասնավորի։ Բայց դա չի նշանակում, որ կա համաձայնություն , և շատ հավական է, որ որևէ բան իրականացնել հնարավոր էլ չլինի, որովհետև ադրբեջանական կողմը շատ լավ հասկանում է, որ հենց Ադրբեջանի իշխանություններն են ատելության խոսքով գերակշռում։ Ի վերջո, ամեն ինչ հանգում է պետական դիրքորոշումներին, պետական մոտեցմանը և պետական քաղաքականությանը։ Այսինքն՝ չի կարող փորձագետը ինչ-որ ծանրակշիռ ազդեցություն ունենալ այդ  գործընթացների վրա»։

Առաջին ծրագրված հանդիպումը չէ, որ ադրբեջանական կողմը տապալում է։ 2021-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հրաժարվեց Ստոկհոլմում հանդիպել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Հիմնավորումը  հայ պատգամավորների այցն էր Լեռնային Ղարաբաղ։

Հունիսի 27-ին Ադրբեջանը չեղարկեց Բրյուսելում նախատեսված հանդիպումը Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի միջև։ Հայ պաշտոնյան մինչև հիմա պատճառները չգիտի․

«Դեռևս հայտնի չեն հստակ պատճառները, թե ինչու է Ադրբեջանը հետաձգել։ Մենք տեղեկություն ունենք, որ ապագայում հնարավոր է այդպիսի հանդիպում։ Մենք չենք ստացել հստակ պարզաբանում, թե ինչու չեն եկել։ Իրենք պարզապես հետաձգել են»։

Թեև տարբեր ուղղություններով վարվող բանակցություններով պաշտոնական Երևանը համառորեն փորձում է առաջ տանել խաղաղության օրակարգը, բայց Հայաստանի վարչապետն իր վերջին ասուլիսում նաև ակնարկում է, որ խաղաղության օրակարգը դեռևս խաղաղության երաշխիք չէ։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի կարծիքով՝ սրանով օրակարգը սպառված համարել չի կարելի։

«Երբ մենք խաղաղության օրակարգ էինք փորձում առաջ տանել, մենք նաև խոսում ենք հնարավոր խնդիրների մասին։ Այնպես չէ, որ երբ մենք խաղաղության օրակարգի մասին խոսում էինք, մենք մտածում էինք, որ ամեն ինչ շատ հեշտ է լինելու։ Մենք գիտենք դրա դժվարությունների մասին, բայց նաև հասկանում ենք՝ որպեսզի կարողանանք մեր տարածաշրջանում երկարաժամկետ անվտանգություն ապահովել, անվտանգության երաշխիքների հնարավոր տարբերակը խաղաղության օրակարգն է։ Մենք շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ, բայց մենք նաև հասկանում ենք, որ միայն Հայաստանից չէ դա կախված։ Նաև դա է պատճառը, որ մենք աշխատում ենք մեր միջազգային բոլոր գործընկերների հետ, որպեսզի խաղաղության օրակարգը առաջ տանենք»։  

Տարածաշրջանում խաղաղության օրակարգի հաջողությունը կախված է նաև Թուրքիայից, որը չի թաքցնում՝ հայ–թուրքական քննարկումներում առաջնորդվում է Ադրբեջանի շահերով և խորհրդակցում է նրա հետ։ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հերթական հանդիպումից առաջ Հայաստանի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը չի թաքցնում, որ մինչև այս պահը առանձնապես մեծ առաջընթաց չկա այդ ուղղությամբ, թեև Հայաստանը ունի քաղաքական կամք և ցուցադրել է արագ արդյունքների հասնելու ցանկությունը։ Ռուբինյանը հստակ ակնարկում է, որ ամեն ինչ կախված է թուրքական կողմից։

Back to top button