Երաժշտական եռանկյունի

«Երիտասարդական օպերային ծրագրի» ստեղծագործական ընթացքը․ «Երաժշտական եռանկյունի»

ԴԵռևս այս տարվա փետրվարին առիթ ենք ունեցել զրուցելու Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Երիտասարդական օպերային ծրագրի» ղեկավար Լևոն Ջավադյանի հետ՝ ներկայացնելով երիտասարդ արտիստների նվաճումները միջազգային հարթակներում և խոսելով հեռանկարային ծրագրերի մասին:

Այս անգամ ևս հանդիպել ենք Լևոն Ջավադյանի և ծրագրի արտիստ Սիլվա Պետրոսյանի հետ, մեր զրույցի բուն առիթը հանդիասացավ Չարենցի 125-ամյակին նվիրված համերգը, որը կայացավ Կոմիտաս թանգարան-ինստիտուտի համերգային սրահում՝ Նավասարդ Հակոբյանի, Սիլվա Պոտրոսյանի, Ջուլիետա Գրիգորյանի, Ֆերդինանդ Մուրադյանի, Լուսինե Ստեփանյանի, Անի Ղուշյանի, ծրագրի վոկալի մասնագետ ՀՀ վաստակավոր արտիստ Իրինա Զաքյանի, նվագակցող դաշնակահարներ Հասմիկ Անտոնյանի, Լիլիթ Աբովյանի և Լևոն Ջավադյանի մասնակցությամբ:

-Այս ժամանակահատվածը իսկապես լի էր մեծ իրադարձություններով, մեր ծրագրի մասնակիցները մասնակցել են տարբեր հեղինակավոր միջազգային մրցույթների, վերադարձել Հայաստան հաղթանակներով, ծրագրի հինգ սոլիստ ընդգրկվել են Օպերային թատրոնի ներկայացումներում, իրենց մասնակցությունն են բերել նաև պետական և հոբելյանական միջոցառումներին, ներգրավվել, հրավիրվել ելույթ ունենալու երևանյան և մարզային տարբեր համերգային ծրագրերում,-ասում է ծրագրի ղեկավար Լևոն Ջավադյանը:

-Ինչո՞վ եք պայմանավորում նման առաջընթացը:

-Միմիայն ծրագրերի մասնագետների հետևողական աշխատանքով և երիտասարդ արտիստների նպատակասլաց աշխատասիրությամբ: Յոթ տարի է, ինչ այս ծրագիրը գոյություն ունի և մենք հպարտությամբ այսօր փաստում ենք, որ մեր ծրագրի շրջանավարտներից մի քանիսն արդեն աշխատում են աշխարհի ամենահայտնի օպերային թատրոններում, հրավիրվում մասնակցելու միջազգային փառատոների և համերգային ծրագրերով հանդես գալու արտերկրում, ինչի ամենավառ ապացույցը Սիլվա Պետրոսյանի հյուրախաղերն են Միացյալ Նահանգներում,-ասում է Լևոն Ջավադյանը:

-Իսկապես, ինձ համար մի քանի շաբաթվա այցը Միացյալ Նահանգներ լեցուն էր տպավորություններով, ոչ միայն այն հինգ համերգից, որ ունեցա այնտեղ, այլ նաև հնարավորություններով՝ ներկայացնելու համաշխարհային և հայկական վոկալ ստեղծագործությունները հայկական և ամերիկյան շրջանակներում,-ասում է երգչուհին:

-Իսկ Հայաստանում Դութ փայլեցիք օպերային թատրոնի «Սոմա» օպերայում, որի հիմքում Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ» օպերայի և Չարենցի բանաստեղծությունների միահյուսումն էր:

-Այո, իրարանցումը այդ ներկայացման շուրջ դեռևս պրեմիերայից առաջ սկսվեց, և ամենատարբեր կարծիքներ հայտնվեցին մամուլում և սոցցանցերում, որոնք մի կողմից բորբոքեցին հետաքրքրությունը, մյուս կողմից էլ ոչ դրական ֆոն ստեղծեցին հանրության մի շրջանակի մոտ, այնինչ իր բեմական լուծումներով, սցենոգրաֆիայով և լուսային էֆեկտներով այն շլացուցիչ երևույթ էր կարծում եմ, և հասարակության հետաքրքրությունն ու սպառված տոմսերը դրա վկայությունն են,-շարունակում է Սիլվա Պետրոսյանը:

-Չարենցյան թեման գերիշխող էր այս սեզոնում, և մենք որոշեցինք Չարենցի 125-ամյակին անդրադառնալ նաև կամերային ծրագրով, որին մասնակցում էին ոչ միայն մեր ծրագրի սաները, այլ որպես հատուկ հյուր իր մասնակցությունը բերեց կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, ում մի քանի նոր ստեղծագործությունների պրեմիերան կայացավ այդ համերգի վերջում,-ամփոփում է Լևոն Ջավադյանը:

Հաղորդման ընթացքում հնչում են կատարումներ Չարենցի 125-ամյակին նվիրված հոբելյանական համերգից:

Back to top button