

- «Գրեթե ֆանտազիա», թե՞ «Լուսնի սոնատ»
- Ո՞վ էր հայտնի ստեղծագործության անվանման հեղինակը։
- Ու՞մ էր հասցեագրված Բեթհովենի այդ գործը։
- Ի՞նչ նպատակով էին ստեղծվել Պագաննիի կապրիսները։
- Ինչու՞ Շոպենը չցանկացավ հրատարակել իր հանճարեղ «Ֆանտազիա–էքսպրոմտը» և ի՞նչ դեր խաղաց նրա ընկերը՝ դաշնակահար Ջուլիան Ֆոնտանը այդ ստեղծագործության պահպանման հարցում։
Յուրաքանչյուր հանճարեղ ստեղծագործություն հմայքի խորունկ գաղտնիքներ ունի, նրբբերանգներ, զգացմունքների արտահայտման ինքնաբուխ ձևեր ու ելևէջներ։ Գլուխգործոցները մի ինչ-որ գերբնական ուժ ունեն․ համամարդկային են, հասկանալի յուրաքանչյուրին անկախ ազգությունից, տարիքից, հավատքից: Ժամանակներն էլ անզոր են դրանց դեմ:
Այսօր առաջարկում եմ լսել դասական երաժշտության ամենահայտնիների ցանկից մի քանի ստեղծագործություն: Չնայած դասական երաժշտության դեպքում փոքր-ինչ սխալ է «ամենահայտնի ստեղծագործությունների շարք» արտահայտությունը, որովհետև դրանք շատ շատ են և յուրաքանչյուրն իր ուրույն հետքն է թողել երաժշտության պատմության, կատարողական արվեստի և միլիարդավոր մարդկանց հոգիների մեջ:
Սկսենք Լյուդվիգ վան Բեթհովենի «Լուսնի սոնատից», որը համոզված եմ ծանոթ է գրեթե բոլորին՝ մեծից մինչև փոքր:
Գրվել է 1841 թվականին: Հեղինակը այն կոչել է «Գրեթե Ֆանտազիա», իսկ հայտնի «Լուսնի սոնատ» անվանումը ստացել է կոմպոզիտորի մահից հետո, երաժշտական քննադատ և բանաստեղծ Լյուդվիգ Ռելշտաբի կողմից:
Այս ստեղծագործությունը Բեթհովենը նվիրել է իր սիրելի աշակերտուհուն՝ Ջուլիետտա Գվիչարդիին, որն անտեսելով նրա մեծ սերը, գերադասեց ամուսնանալ կոմպոզիտոր Վինցել Հալլենբերգի հետ:
Որոշ բեթհովենագետներ համարում են, որ կոմպոզիտորի պահարանի գաղտնի դարակներից մեկում հայտնաբերված «Անմահ սիրելիին» նամակը, Ջուլիետտայի փոքրիկ դիմանկարի և կտակի հետ, հասցեագրված է եղել հենց Գվիչարդիին:
Շոպեն՝ Ֆանտազիա-էքսպրոմտ․ այս ստեղծագործությունը, Շոպենի մյուս չհրատարակված գործերի հետ միասին, ըստ կոմպոզիտորի կտակի, պետք է իր մահից հետո վերացվեր:
Հարց է ծագում: Ինչո՞ւ կոմպոզիտորը չցանկացավ հրատարակել գրեթե բոլորի կարծիքով այս հանճարեղ պիեսը: Մի անգամ, լսելով Բեթհովենի աշակերտ՝ կոմպոզիտոր և դաշնակահար, հետագայում էլ Գրիգի ուսուցիչ Իգնաց Մոշելեսի «Էքսպրոմտը» համարեց, որ այն շատ նման է իր ստեղծագործությանը: Սակայն Շոպենից բացի ուրիշ ոչ ոք այդ կարծիքին չէր:
Շոպենի ընկեր, կոմպոզիտոր և դաշնակահար Ջուլիան Ֆոնտանը, որին վստահված էին այդ չհրատարակված ստեղծագործությունները, իր մեջ համարձակություն գտավ չկատարելու սիրելի ընկերոջ վերջին խնդրանքը: Նա ոչ միայն չվերացրեց այդ ստեղծագործությունը, այլև Շոպենի մահից 6 տարի անց հրատարակեց էքսպրոմտը ավելացնելով «Ֆանտազիա» բառը:
«Շոպենի յուրաքանչյուր նոտա, երկնքից ընկած մարգարիտ է»,-հաճախ իր աշակերտների մոտ այսպես էր արտահայտվում Լիստը:
Պագանինիի 24-րդ Կապրիսը․ հենց սկզբից իր բոլոր կապրիսները հեղինակը գրել էր ուսուցողական նպատակով: Դրանք կազմում են մի յուօրինակ ձեռնարկ՝ ջութակահարների կատարումները հղկելու, նաև գործիքի հնարավորությունները ողջ գեղեցկությամբ ներկայացնելու համար: Բայց առավել սիրվեց և մեծ ճանաչում գտավ դրանցից 24-րդը: Այս կապրիսի թեման հիշեցնում է իտալացիների սիրած «Տարանտելլա» պարը:
Հետագայում շատ կոմպոզիտորներ են անդրադարձել այս գործին: Դրանցից արժե հիշատակել Պագանինիի թեմայով Բրամսի «Վարիացիաները» և Ռախմանինովի «Ռապսոդիան»:
Ստեղծագործությունները, որ այսօր լսում ենք կարելի է բնութագրել մեկ բառով «Աստվածային»:
Նման գլուխգործոց է նաև Մոցարտի 40-րդ սիմֆոնիան, որը համաշխարհային երաժշտական մշակույթի անգնահատելի գանձերից է։ Կոմպոզիտորը այն գրել է ստեղծագործական գործունեության հասուն շրջանում։
1788 թվականի ամռանը, ընդամենը շաբաթների ընթացքում ծնվեցին Մոցարտի 39, 40, 41-րդ սիմֆոնիաները։
Շարունակելով Բախի և Հենդելի ավանդույթները, Մոցարտը գերազանցեց նրանց իր քնարականությամբ։
«Նա այնպես է ներթափանցել մարդու զգացմունքների ոլորտը, որ թվում է, թե հենց ինքն է դրանք ստեղծել, իսկ մարդիկ միայն հետո են սեփականացրել զգացմունքայնությունը»։ Ահա այսպես է բնութագրել Յոզեֆ Հայդնը Մոցարտի 40-րդ սիմֆոնիան։
Սիմֆոնիան, բնականաբար առանց խոսքերի, բայց և մտերմիկ, պատմում է մարդու անձնական ամենախորունկ զգացմունքների մասին։ Այդ է պատճառը, որ յուրաքաննչյուրն այդ ստեղծագործությունը լսելիս ասես հոգում զգում է իր սեփական ապրումների արձագանքը։
Սիմֆոնիան, ինչպես ընդունված է, ունի 4 մաս, սակայն բացակայում է նախանվագը։ Սկսվում է հիմնական թեմայով, որը ամենատարածվածն է ամբողջ աշխարհում։
Նոր բացահայտումներ պահանջող, պարզ թվացող, բայց գաղտնիքներով լի այս ստեղծագործությունը լիարժեք գնահատվեց միայն 19-րդ դարում և այդ ժամանակից մինչև օրս այն հնչում է բազմաթիվ մեկնաբանություններով, ամենատարբեր փոխադրումներով ու կատարումներով, որոնցից և ոչ մեկում չի կորցրել հմայքը։
«Դասական գործերը հանճարեղ են, իսկ յուրաքանչյուր հանճարեղ ստեղծագործություն չի կարող ձանձրացնել»։ Այսպես է արտահայտվել բրիտանացի ջութակահարուհի Վանեսսա Մեյը, որը հայտնի է դասական գործերի իր տեխնո մշակումներով: