ԿարևորՔաղաքական

Մեղրիով  անցնող միջանցքի դեմ պայքարել են անգամ խորհրդային ղեկավարները 

Հուլիսի 1-ին կհանդիպեն Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները։ Վերջին հանդիպումից հետո նրանք վերահաստատել են այս գործընթացի միջոցով լիարժեք կարգավորման հասնելու նպատակը, վստահեցրել են,  թե առաջ են շարժվում  առանց նախապայմանների։ Օրերս, սակայն, առցանց ասուլիսի ժամանակ  Նիկոլ Փաշինյանը  նկատեց, որ թուրքական կողմից հնչող որոշ ձևակերպումներ խոչընդոտում են գործընթացը։  Կարծիքը կիսում են թուրքագետները․  Թուրքիան անկեղծ չէ իր հայտարարություններում,  եւ գործընթացը միջանցքային նախապայմաններ ունի։

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում  երկու երկրների հատուկ ներկայացուցիչները կհանդիպեն  հուլիսի 1-ին։  Սա նրանց  արդեն չորրորդ հանդիպումն է։  Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի նախորդ հանդիպումը տեղի է ունեցել շուրջ մեկ ամիս առաջ, որի ընթացքում  նրանք, ըստ հաղորդագրությունների, վերահաստատել են իրենց համաձայնությունը՝ շարունակելու գործընթացն առանց նախապայմանների։  Սրանում, սակայն,  հայկական կողմը կասկածներ ունի։

Օրերս,  անդրադառնալով  հայ–թուրքական կարգավորման գործընթացին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ  կա հնարավորություն գործընթացն առաջ տանելու, եւ դրանում ինքն անկեղծ է տրամադրված, սակայն Անկարայից հնչող որոշ ձեւակերպումներ խոչընդոտում են գործընթացը.

«Թուրքիայից անընդհատ հնչող «Զանգեզուրի միջանցք» ձեւակերպումները խոչընդոտում են պրոցեսներին, բացասական ֆոն են ստեղծում: Հայտարարություններ են հնչեցվում, որոնք այնքան էլ օգտակար չեն գործընթացի համար»։

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը հիշեցնում է՝ թուրքագետները բազմիցս ու տարբեր առիթներով են շեշտել, որ չեն հավատում Թուրքիայի անկեղծությանը։ Տասնյակ տարիներ Թուրքիայի  նպատակը միջանցքն է, ասում է.

«Թուրքական քաղաքականությունն ու թուրքական գործելաոճը հենված են հենց նախապայմանների  եւ դրանցից բխող տրամաբանության վրա։ Հետեւաբար՝ այդ տերմինը ոչ թե հարցականի տակ է պետք առնել, այլ այն կեղծ է եւ չի համապատասխանում իրականությանը։ Թուրքական ու ադրբեջանական հայտնի նախապայմաններից մեկը եղել եւ մնում է, այսպես կոչված, Մեղրիի միջանցքը, Նախիջեւանի միջանցքը, Սյունիքի միջանցքը ․․ եւ այսօր էլ այն փաստորեն շարունակում է մնալ ակտուալ»։

Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների  սպասվող հանդիպումից առաջ  ռուսական «Известия»-ն, հղում անելով իր իրազեկ բարձրաստիճան աղբյուրին, գրում է, որ ՌԴ-ն Հայաստանին և Ադրբեջանին օգնել է համաձայնության գալ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքով» ավտոմայրուղու շուրջ, մնում է համաձայնեցնել 6 կիլոմետրանոց փոքր հատվածը։ Նշվում  է, որ Երևանն արագացրել է նախագծի հաստատումն այն բանից հետո, երբ Բաքուն սկսել է մտածել երթուղի ոչ թե Հայաստանով, այլ Իրանով կառուցելու մասին:

Ռուբեն Մելքոնյանը տարակուսում է՝ արդյո՞ք Ադրբեջանը հանուն Հայաստանի կհրաժարվեր Իրանով ճանապարհ կառուցելուց,  թե՞ սա պարզապես  խայծ է։ Ռուսաստանը չի կարող ավելի շատ անհանգստանալ  Հայաստանի համար, քան մենք ինքներս՝ ասում է թուրքագետը ու հորդորում  վերապահումով  ընդունել նաեւ Известия-ի այն տեղեկությունը,  թե ՝ չնայած «երկու կողմերի բավական կոշտ քաղաքական հայտարարություններին, Բաքվի և Երևանի միջև Մոսկվայի միջնորդությամբ կառուցողական երկխոսություն է սկսել տրանսպորտային միջանցքի շուրջ»։

«Ռուսաստանի մոտեցումներն այդ հարցում կարող են այլ լինել՝ այսինքն նրա համար մեծ խնդիր չլինի՝ դա միջա՞նցք կլինի, մայրուղի՞, թե՞ այլ կարգավիճակով ավտոճանապարհ։ Հատկապես, որ այդ ճանապարհը վերահսկելու են ռուս սահմանապահները»։

Թուրքագետը հիշեցնում է, որ այս հարցում  պակաս կարեւոր չէ նաև Թեհրանի դիրքորոշումը, իսկ Իրանը տրամադրված չէ Մեղրիով ճանապարհի տրամադրմանը։

Պարբերականը նաեւ նշում է, որ ռուսական «Ավտոդոր»-ը կօգնի ավարտին հասցնել երթուղու շուրջ համաձայնեցումները , իսկ ձգձգումը պայմանավորված է տեղանքի լեռնային ռելիեֆով։ Պարբերականը նաև  մանրամասներ է նշում , մասնավորապես այն, որ «երթուղին հայկական կողմից կանցնի Արաքս գետի երկայնքով։ Այլ  հատվածներում, կօգտագործվեն  խորհրդային ճանապարհները, որոնք մինչ 1992 թվականը Նախիջևանը հայկական տարածքով կապում էին Կովսականի (Զանգելանի) հետ»։ Դրանք պահպանվել են ապագա միջանցքի գրեթե ողջ երկայնքով՝ գրում է ռուսական պարբերականը, շեշտելով, որ  մնացել են միայն «Նախիջևանի և Հայաստանի սահմանին մի հատվածին առնչվող հստակեցումները».

«Սովետական Հայաստանի տարբեր ղեկավարներ դրա դեմ պայքարել են, որպեսզի անգամ Սովետական միության ժամանակաշրջանում այդ ճանապարհը չկառուցվի։ Երբ լծակները չեն բավարարել , տարբեր միջոցների են դիմել, որպեսզի պարալիզացնեն այդ  ճանապարհի կառուցումը՝ ճանապարհի փլուզում,  քարաթափում, հանձնարարությունների չկատարում, բյուրոկրատական ձգձգում․․․ Այսինքն՝ անգամ սովետական շրջանում Արաքսի երկայնքով այդ ճանապարհը դիտարկվել է որպես հակահայկական ճանապարհ»։

Բացի Մեղրիով նշված ճանապարհից թուրք–ադրբեջանական տանդեմը առաջ է տանում  նաեւ այլընտրանքային ճանապարհի հարցը, որը նույնպես պետք է կապի Ադրբեջանը Նախիջեւանի հետ, բայց արդեն՝  Սիսիանով ու Անգեղակոթով։

Այն, ըստ էության, շարունակելու է Հայաստանն Արցախին կապող ու Լաչինի միջանցքին փոխարինող նոր ճանապարհը։ Վերջինն, ըստ  նախնական  տեղեկությունների, Արցախ մտնելու է  Սյունիքի Տեղ, Կոռնիձոր գյուղերով։

Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝ սա  կտրուկ վայրէջքներով,  անհարմար ու վտանգավոր Ճանապարհ է։ Նա համոզված է, որ ձմռանը այն դժվարանցանելի կամ ընդհանրապես անանցանելի է լինելու։

Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանն էլ  մատնացույց է անում  նոյեմբերի 9–-ի հայտարարությունը, որտեղ հստակ նշված է, որ  Արցախը Հայաստանին կապող ճանապարհը պետք է անցնի Լաչինի երկայնքով, ոչ թե հարավով՝ Կոռնիձորով։

«Ճիշտ է, պետք է Բերձորը շրջանցվեր, բայց ճանապարհը պետք է Լաչինի միջանցքով անցներ եւ ոչ թե հարավով՝  Կոռնիձորով, որը այդ միջանցքի հետ կապ չունի, եւ այնտեղով կոմունիկացիաներ չեն անցնում»։

Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ բանակցություններն ընթանում են երեք երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով։ Նրանց վերջին հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 3-ին։ Կողմերն ասում են, որ այս ուղղությամբ զգալի առաջընթաց են գրանցել։  

Back to top button