Վերնատուն

Հայաստան–սփյուռք երկխոսությունն առայժմ խոսակցական մակարդակում է․ «Վերնատուն»

Բեյրութի Հայկազյան համալսարանի «Հայկական սփյուռքի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն», «Հայկազյան» հայագիտական հանդեսի գլխավոր խմբագիր Անդրանիկ Դաքեսյանը խոսում է հայագիտության արդիականացման կարևորությունից, «Հայկազյան» հանդեսի ու համալսարանի առաքելությունից, Հայաստան այցելության նպատակներից։

«Հայագիտությունը մեռյալ նյութ չէ, այն դասական սահմանումներից դուրս պիտի գա, քանի որ այն միայն բանասիրություն, պատմագրություն, լեզվի ու մատենագրության ուսումնասիրություն չէ։ Հայագիտությունը ոչ միայն անցյալին պիտի անդրադառնա, այլ ուսումասիրի նաև ներկան․ երկրագործությունն ու երկրի քաղաքական կյանքի ուսումնասիրությունը նույնպես հայագիտություն է», – ասում է Դաքեսյանը։

Կարևոր է, որ ներկան նույնպես ճանաչենք, բնութագրենք, արժևորենք։ Անդրանիկ Դաքեսյանը վստահ է, որ անցյալին պետք է անդրադառնալ այսօրվա դիրքերից և օրինակներ է բերում՝ ինչպիսին են եղել ժողովուրդ– իշխանություն հարաբերություններն անցյալում, ինչպես է Խորենացին սահմանում իշխանությունը, առաջնորդին ու ղեկավարին։

Ըստ նրա՝ «Սասնա ծռեր» էպոսում հստակ երևում է ժողովուրդն ինչ է ակնկալում իր առաջնորդներից․ այնտեղ ժողովրդի առաջնորդներն ասում են՝ նախ եկեք ժողովրդի տները շինենք, հետո մեր տները։

«Կարևոր մոտեցումներ են, մանավանդ մենք քաղաքական մշակույթի առումով թույլ ենք եղել և՛ անցյալում, և՛ հիմա։ Եթե հայագիտությունը փորձի այս ելակետով դիտել խնդիրները, հայ քաղաքական մտքի զարգացմանն էլ օգտակար կլինի։

«Այժմեականության լուրջ խնդիր ունենք և այդ առումով հայագիտությունը կարևոր ռազմավարական անելիք ունի», – հավելում է հայագետը։

Անդրանիկ Դաքեսյանը նաև խոսում է Հայկազյան հայագիտական հանդեսի առաքելության մասին, նշում, որ հանդեսը ոչ միայն նկարագրողական և լուծումներ առաջարկող, այլ նաև քննական վերլուծության հարթակ է, իսկ Հայկազյան համալսարանը ոչ միայն հայկական «գոհար» է, այլ նաև լիբանանյան։

Անդրադառնալով Հայաստան– սփյուռք հարաբերություններին՝ շեշտում է, որ երկխոսությունը թերի է և առայժմ շարունակում է մնալ խոսակցական մակարդակում։

Back to top button