ԿարևորՏնտեսական

Հայաստանում կստեղծվի ռուս-հայկական տեխնոպարկ

Առաջիկայում Հայաստանում կստեղծվի ռուս-հայկական տեխնոպարկ՝ հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի փոխնախագահ Ալեքսեյ Գորդեեւը։ Այս օրերին Ռուսաստանի օրենսդիր ու գործադիր մարմինների ներկայացուցիչները հայ գործընկերների հետ քննարկում են տնտեսական գործակցության ընդլայնման հնարավորությունները։ Օրակարգում Ռուսաստանի եւ Հայաստանի շուկաներում արտադրանքի փոխադարձ սերտիֆիկացման հարցերն են, համատեղ արդյունաբերական եւ գյուղատնտեսական ձեռնարկությունների ստեղծման նպատակով ներդրումների ավելացման հնարավորությունը։ Առանձնացվել են գինեգործության հնարավորություններն ու ԵԱՏՄ տարածքում օրգանական գյուղատնտեսական արտադրության խրախուսման հարցերը։

Ինչպե՞ս ավելացնել Հայաստանի ու ՌԴ առևտրաշրջնառությունը, ընդլայնել գործակցության ոլորտները։ Այս պահին էլ կողմերը ապրանքաշրջանառության ծավալներից գոհ են, բայց այն ավելացնելու ներուժ տեսնում են։ ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Ալեքսեյ Գորդեեւը վստահ է՝ առաջիկայում Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ տարեկան առւետուրը կգերազանցի 3 մլրդ դոլարը։ Այս տարվա առաջին չորս ամսում աճն արդեն 30% է՝ գերազանցելով 890 մլն դոլարը։

«Այսօր Հայաստանի տնտեսության մեջ ռուսական կուտակված ներդրումները մոտ 40 տոկոս են կազմում, ուստի մեր բիզնեսն այստեղ արդեն լուրջ ներկայություն ունի։ Սակայն ես կցանկանայի փոխել այդ ներդրումների որակը եւ որոշակի ապրանքների համատեղ արտադրություն սկսել՝ ոչ միայն դրանք ռուսական եւ հայկական շուկաներում վաճառելու, այլեւ երրորդ երկրների շուկաներ հասցնելու համար»։

Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2021 թ. 2.6 մլրդ դոլար է կազմել: ՌԴ-ն Հայաստանի թիվ մեկ առևտրային գործընկերն է, մեր երկրի արտահանման գերակշիռ մասը հենց ՌԴ է ուղղվում։ Գինի, կոնյակ, ձկնամթերք՝ որոշակի քանակությամբ, պահածոներ ու թարմ պտուղ-բանջարեղեն, հումքային արտադրանք․ ՌԴ արտահանվող ապրանքների հիմնական ցանկն է։  2021–ի դեկտեմբերի տվայլներով՝ Հայաստանից ավելի քան 200 հազար տոննա գյուղմթերք է արտահանվել։ Սա շուրջ 38.5 տոկոսով ավելի է 2020-ի (145830 տոննա) ամբողջ տարվա և 41.3 տոկոսով՝ 2019-ի (142893 տոննա) ծավալից: 2021–ին արտահանման առաջատարը կարտոֆիլն էր՝ ավելի քան 48 հազար տոննա, ինչն ավելի է թե՛ 2020-ի, թե՛ 2019-ի ցուցանիշից: Ավելի քան 35 հազար տոննա էլ ծիրան է արտահանվել։ Ռուսաստանում հայկական լոլիկն էլ է շատ պահանջված․ արտահանման առաջին եռյակում է՝ մոտ 35 հազար տոննա (34961 տոննա), 2020-ի և 2019-ի համեմատ դարձյալ աճ կա:

Այս արդյունքը գրանցվում է անգամ այն դեպքում, երբ հայ արտահանողները պարբերաբար տեխնիկական խնդիրներ են ունենում Լարսի անցակետի պատճառով։ ՌԴ պետդումայի փոխխոսնակը հիշեցնում է՝ ՌԴ կառավարության որոշմամբ առաջիկայում լրացուցիչ կետ կտեղադրվի Լարսում գործող մաքսակետից փոքր հեռավորության վրա։ Լրացուցիչ մաքսակետը հնարավորություն կտա օրվա ընթացքում 170-200 մեքենա  սպասարկել։ Նախատեսված են որոշակի արտոնություններ ԵԱՏՄ երկրների համար․

«Այդ հարցն արդեն քննարկվել է։ Մենք արձագանքել ենք հայկական կողմի խնդրանքին ու առաջիկայում լրացուցիչ մաքսակետ կտեղադրվի, որն էլ հնարավորություն կտա  ավելացնել արտահանման ծավալները»։

ՌԴ–ն առաջատար է ոչ միայն արտահանման, այլ նաև ներմուծման կշռում։ 2021–ին Հայաստանը Ռուսաստանից ներմուծել է 1,7 մլրդ դոլարի ապրանք՝ նախորդ տարվա համեմատ 19.2%-ով ավելի։ ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի կառավարման եւ գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյան․

«Ռուսական ռուբլու անկումը պարարտ հող է նախապատրաստում ՌԴ–ից ներմուծվող ապրանքների ծավալի աճի համար։ ՌԴ–ն տարբեր շուկաներում՝ ոչ միայն Հայաստանում, մրցակցային առավելություն է ձեռք բերելու և, կարծում եմ, դրանից օգտվելու է»։
                       
Եվ քանի որ ՌԴ-ն Հայաստանի թիվ 1 առևտրային գործընկերն է, ուստի այս երկրի նկատմամբ արևմտյան ու ամերիկյան պատժամիջոցներն ուղիղ հարված են նաև Հայաստանի տնտեսությանը։ Փորձագիտական դաշտում, սակայն, հիշեցնում են՝ նույն ռուս–ուկրաինական պատերազմի պատճառով է, որ ավելի քան 1000 նոր ձեռնարկություն է գրանցվել Հայաստանում։ Թե դրանց որ մասն է ռուսական, հստակ վիճակագրությոն չկա, բայց ակնհայտ է, որ հիմնականում հենց ՌԴ–ում աշխատող ՏՏ ձեռնարկություններ են։ Ավելին, մասնագիտական դաշտում նաև ընդգծում են՝ նույն հակամարտության պատճառով Հայաստան եկողների հոսքով է պայմանավորված նաեւ տնտեսության որոշակի ոլորտներում նկատվող աշխուժացումը։

Back to top button