ԿարևորՀասարակություն

Բրենդավորել մարզը՝ տուրիզմով, որ զբոսաշրջիկը չմոռանա Լոռին

Տուրիզմ թոքս. Լոռու բիզնես կառույցները, մարզի ՏԻՄ-երի զբոսաշրջության զարգացման պատասխանատուները,  ոլորտի ներկայացուցիչները Վանաձորում քննարկել են ոլորտն ավելի գրավիչ դարձնելու, զբոսաշրջիկին  նոր ու տարբերվող ծառայություններ առաջարկելու և մարզի մարզի զբոսաշրջային ներուժն  ավելի համակարգված դարձելու շուրջ։ Նախաձեռնողը  Լոռու տարածաշրջանի զբոսաշրջության կառավարման գրասենյակն էր:

Ապագա զբոսավար Մարիամ Վերանյանը փորձը հարստացնելու նպատակով է եկել քննարկման: Ուսմանը զուգահեռ՝ 2 տարի է՝ զբոսավար է: Փորձում է մարզ եկած զբոսաշրջիկին ճանապարհել այնպես, որ նա Լոռին երբեք չմոռանա: Կարծում է՝ տարածաշրջանային ռեսուրսների կառավարման գրասենյակները՝ DMO-ները (Destination marketing organization) զբոսաշրջությունը համակարգելու գործում մեծ դեր ու շատ անելիք ունեն։

«Կարծում եմ՝  գործակցությունը պետական մարմինների հետ կարևոր է, որովհետև այն, ինչը պետական մարմինն է բացահայտել և չի կարողացել զարգացնել,  կարող է անել  DMO -ն և հակառակը»:

Խաչիկ Ազարյանը Լոռու զբոսաշրջության կառավարման խորհրդի անդամ է.  գինեգործությունից մինչև ռաֆթինգ՝ նրա պրոֆիլի մեջ են: Լոռու զբոսաշրջային ներուժը պիտի նոր ձևաչափով ներկայացվի՝ ասում է՝ նաև ըստ զբոսաշրջիկի հետաքրքրությունների:

«Լոռու մարզում մենք ունենք ահռելի ռեսուրս՝ և՛ բնական, և՛ պատմամշակութային և՛ ջրային: Այդ ռեսուրսները շատ վատ են կառավարվում ու օգտագործվում: Շեշտն ավելի շատ դրվում է հանքերի ու բնությունը վնասելու վրա: Հիմա սկսկվել է գործընթաց, երբ մարդիկ շեշտը դնում են ռեսուրսները ճիշտ օգտագործելու վրա, չփչացնելու և մյուսներին հասանելի դարձնելու, վառ օրինակ՝ Ռաֆթինգ Արմենիան: DMO-ն փորձում է քարտեզ ստեղծել, ռեսուրսների բազա, որպեսզի տուրիստները գան, ավելի մատչելի գտնեն»։

Կարևորը ոչ ֆորմալ միջավայրում գաղափարներով կիսվելն ու առողջ գործակցություն ձևավորելն է՝ ասում է «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանում» ծրագրի զբոսաշրջության բաղադրիչի ղեկավար Սեբաստիան Ֆալկը: Ծրագիրը համաֆինանսավորվում է ԵվրոպականՄիության ու Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից, իրականացնում է GIZ-ը՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը։

Վանաձորի համայնքապետարանի կրթության, մշակույթի և զբոսաշրջության բաժնի պետի տեղակալ Անահիտ Կարապետյանը նկատում է՝ մարզի ռեսուրսները հարկավոր է խելամիտ ու համակարգված օգտագործել, պատրաստ են աջակցել.

«Բնությունը գրկաբաց սպասում է, որ մենք լավ իմաստով օգտագործենք իր տված հնարավորությունը և օգտակար լինենք, որ զբոսաշրջիկները ևս կարողանան վայելել ու մասը դառնալ այս ամենի»:

Տուրիզմի մասին զրույցները Լոռու մարզում նոր ձևաչափ են, հարթակ՝ շահագրգիռ կողմերին՝ մասնավոր և պետական հատվածներին մեկտեղելու, մարզի խնդիրները բարձրաձայնելու և միասնական լուծումներ գտնելու՝ ասում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչ Նարինե Սիմոնյանը: «Առաջիկայում, -ասում է,- ոլորտը լուրջ ուսումնասիրության կենթարկեն».

«Համաշխարհային Բանկի ծրագրերից մեկի շրջանակում նախաձեռնել ենք հետազոտութուն, որը կսկսվի մոտ ապագայում: Տարեվերջին, հետազոտության արդյունքների հիման վրա, Հայաստանը կունենա DMO -ի մոդել, որն ընդունելի կլինի պետության կողմից և կտարածվի ոչ միայն Լոռու, այլև մյուս մարզերում: Սրանով կնպաստենք մարզի զբոսաշրջային ռեսուրսների ավելի  ճիշտ կառավարմանը, մասնավոր ու պետական հատվածի համագործակցությանը»:

Զբոսաշրջային ռեսուրսների կառավարման գրասենյակները 2022թ.-ից գործում են ԵՄ և GIZ-ի աջակցությամբ՝ ասում է «ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանում» ծրագրի»» զբոսաշրջության բաղադրիչի խորհրդատու, հյուսիսային գրասենյակի ղեկավար Հովհաննես Կանդիլջյանը: Փորձում են տուրիզմը զարգացնելու համատեղ քաղաքականություն մշակել։

«DMO -ն գալիս է, որ մեկտեղի մարզի շահառուներին թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածից, փորձի համակարգել զբոսաշրջության զարգացման ուղղությունը, բրենդավորի  մարզը, թիրախավորի կոնկրետ զբոսաշրջությունը, թե ինչ զբոսաշրջիկներն ենք ուզում տեսնել մարզում 1 տարի հետո, 5 տարի հետո, ինչ տեսլական ունենք մարզում տուրիզմի զարգացման համար, ձևավորի զբոսաշրջային պրոդուկտներ»:

Ավելի նորարար ու ավելի մրցակցային, զբոսաշրջային բիզնեսն ավելի կայուն և շահութաբեր դարձնել,  որպեսզի տուրիստի համար միանշանակ լինի ընտրությունը՝ ուղղությունը դեպի Լոռի. DMO-ականները մարզում տուրիզմի ապագան այսպես են տեսնում: Մինչ այդ հարկավոր է ակտիվացնել պետություն-ՏԻՄ-եր-զբոսաշրջության կառավարման գրասենյակ շղթան, ձևավորել Լոռու մարզի զբոսաշրջային առաջարկները, միասնական մարքեթինգային ռազմավարությունն ու վերանայել հյուրընկալության առկա չափանիշները։ 

Back to top button