ԿարևորՄշակույթ

Ամեն ամսվա վերջին կիրակիներին Կոմիտասի թանգարանը երեխաներինն է 

Ամեն ամսվա վերջին կիրակիներին Կոմիտասի թանգարանը երեխաներինն է։  Համերգ –հանդիպումները կազմակերպվում են մինչև 5 տարեկանների ու նրանց ծնողների համար։  Կիրակնօրյա ձևաչափը մեկ նպատակ ունի՝փոքրիկներին սիրելի դարձնել հայկական մաքրամաքուր երաժշտությունը։

Կոմիտասի թանգարանի համերգային դահլիճի  բեմում Ալեքսանդր Սպենդիարյանի  անվան  երաժշտական դպրոցի էստրադային  բաժնի  երգչուհի Անժելա Բարդուդարյանի սաներն են։ Բեմում առաջին անգամ չեն, բայց այս անգամ համերգի ձևաչափն այլ է․հանդիսատեսն ամենախստապահանջն է՝ երեխաներին լսելու  են  եկել հենց երեխաները։

Էստրադային բաժնի դասատու Անժելա Բարխուդարյանն  ասում է, որ իրեն  ամենից շատ հետաքրքրել է  համերգի ֆորմատը։ Հանդիսատեսն ունկնդրում է համերգը  ոչ թե աթոռներին,  այլ հատակին նստած.

«Իմ  աշակերտներից  շատերը  ելույթ են  ունեցել   միջազգային մրցույթներին ու մրցանակային տեղերով վերադարձել են։ Սակայն  այս համերգը տարբերվում է նախորդ բոլոր համերգներից։  Ինձ թվում էր, որ եթե Կոմիտասի տուն- թանգարանի դահլիճում  էր,  պետք է լիներ ավելի լուրջ, հանդիսատեսը աթոռներին նստած, բայց երեխաները նստած էին հատակին,փափուկ ու գունավոր գորգերի ու բարձեր վրա։ Երաժշտություն էլ այնպիսի բարձրության վրա էր, որ փոքրիկներին չհոգնեցներ։ Համերգի պայմաններից մեկն էլ այն   էր, որ աշակերտները պետք է լինեն տարիքով փոքր, իսկ ընտրված երգերն էլ՝ սիրելի փոքրիկների  կողմից»։

Կոմիտասի թանգարանում  այս ձևաչափով համերգներ անցկացվում  են ամեն ամսվա վերջին կիրակի օրերին՝«Համերգ -հանդիպում 0-ից 5 տարեկան երեխաների համար» խորագրով ։  Նախաձեռնության հեղինակը Կոմիտասի թանգարանի  համերգային ծրագրերի  բաժնի ղեկավար, երգչուհի Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանն է։

«Այսօր փոքրիկներին  հրաշալի տոն պարգևեցին սպենդիարյանցիները։ Արդեն աշնանը նրանք կրկին համերգով հանդես կգան, իսկ մինչ այդ այլ խմբեր փոքրիկների օրը տոն կդարձնեն»։

Նման  համերգներ անցկացնելու պրակտիկա կա աշխարհի տարբեր երկրներում։ Հասմիկը Գերմանիայում համերգներից մեկի ժամանակ  որոշեց, որ նման ձևաչափ պետք է լինի  նաև Երևանում ու հենց Կոմիտասի թանգարանում։

«Անհասկանալի էր, թե ոնց կընդունվեր։ Բայց մեկ փորձնական համերգից հետո հասկացանք, որ պետք է լինի շարունակական։  Ամեն անգամ բալիկների համար տարբեր ծրագրեր ենք իրականացնում։ Բեմում կարող է  լինել ջազային, կամերային  նվագախումբ, կամերային քառյակ, ամեն անգամ փորձում ենք նորություն ապահովել փոքրիկների համար»։ 

Համերգային ծրագիրը միայն համերգով չի սահմանափակվում։ Կա, ինչպես ասում են, երկրորդ բաժին։ Համերգի ավարտին  ծնողներին բաժանվում են  նոր երգի բառերը, ու հանդիսատեսը նույնպես  մասնակցում է համերգին։

«Այս հատվածը համերգի ամենասիրված մասն է, տեքստերը բաժանում ենք և բոլորս միասին երգում։  Ավելի քաղցր բան չկա, քան 100 հոգով միասին երգելը։  Ինձ համար ամենակարևորն այն էր, որ ամեն ինչ համապատասխանի այն գաղափարին, որը փափագել է Կոմիտասը։ Ունեմ փոքրիկներ, որոնք գալիս են թանգարան՝ որպես հարազատ տուն»

Փոքրիկների  համար հաջորդ համերգը  հուլիսի 31 –ին է։   Ի դեպ, համերգի տոմսեր պետք է գնել միայն երեխաների  համար։

Back to top button