ԿարևորՔաղաքական

Թշնամու ախորժակը մեծ է, նորանոր պահանջներ են լինելու․ քաղաքագետները՝ նոր պատերազմի հավանականության մասին

Խաղաղության գործընթացի այլընտրանքը նոր պատերազմն է, ու թեև հայկական կողմն իլյուզիաներ չունի Ադրբեջանի խորքային նպատակների եւ մտադրությունների հարցում, բայց առաջ է մղելու  խաղաղության օրակարգը՝  առցանց ասուլիսին նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա դիտարկմամբ՝ խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներում խոչընդոտներ է ստեղծում ադրբեջանական կողմը, իսկ նպատակը Հայաստանի դեմ պատերազմի նոր լեգիտիմություն ձևավորելն է։ Ի՞նչ է նշանակում այս հայտարարությունը, ու  որքանո՞վ է նոր պատերազմը հավանական։

«Ադրբեջանն ամեն ինչ անում է Հայաստանի դեմ պատերազմի նոր լեգիտիմություն ձևավորելու համար»,– խոսելով խաղաղության գործընթացի մասին՝ հայտարարեց ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանը և հստակեցրեց՝  Հայաստանի իշխանությունների համար սկզբունքային է խաղաղության օրակարգի համբերատար ու հետեւողական առաջ մղումը։ Այդ ճանապարհին պետք են հավասարակշռություն, ամուր նյարդեր, մաքսիմալ ոչ էմոցիոնալ վիճակ՝ ասաց.

«Խաղաղության գործընթացի այլընտրանքը նոր պատերազմն է: Կան օրինակներ, թե ինչպես է Ադրբեջանը հրաժարվում գալ խոսակցության՝ հրապարակային մեղադրելով Հայաստանին խոսակցությունից հրաժարվելու մեջ: Ինչո՞ւ է սա արվում, իմ գնահատականը մեկն է․ արվում է Հայաստանի դեմ պատերազմի նոր լեգիտիմություն ձևավորելու համար»:

Նոր պատերազմը  լեգիտիմացնելու ադրբեջանական ցանկությունների մասին Նիկոլ Փաշինյանի հիշատակմանն ԱԺ–ում անդրադարձել է «Պաշտպանության եւ անվտանգային հարցերի մշտական հանձնաժողով»-ի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ու հստակեցրել՝ ամեն ինչ արվելու է, որպեսզի պատերազմ չլինի.

«Հարցի մեջ պատասխան կար։ Պաշտպանության նախարարն ասաց, որ այս պահին պատերազմի վտանգ չի տեսնում եւ վարչապետը արձանագրեց, որ այս պահին ձեւակերպմանը։ Այս պահին չենք տեսնում սահմանի երկայնքով  լարվածության որոշակի օջախներ, բայց մենք մեր գործողություններով, ռեֆորմներով պետք է անենք այնպիսի արագ եւ արդյունք տվող գործողություններ, որ 44-օրյա պատերազմից հետո մեր կորուստները հնարավոր լինի վերականգնել։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որ պատերազմ չսկսվի, եկեք խոսենք ու այնպես անենք, որ խաղաղություն ունենանք։ Լիքը մարդ երազում է այդ պատերազմի մասին, բայց մեր ժողովրդին խաղաղություն է պետք որպեսզի գոնե իր վերքերը բուժի»։

Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, մեկնաբանելով  հավանական պատերազմը լեգիտիմացնելու վարչապետի ձեւակերպումը,  նկատում է՝ թշնամու ախորժակը մեծ է, եւ միշտ նորանոր պահանջներ են  լինելու.

«Պատերազմ, այնուամենայնիվ, լինելու է։ Ի՞նչ ենք անելու մենք, եթե հավակնեն Սյունիքին, Զանգեզուրին՝ ինչպես իրենք են ասում, ի՞նչ ենք անելու, ասելու ենք՝ վե՞րջ, հանձնվելու՞ ենք․․․ Դրա համար ամբողջ էս գործընթացը սկսվելու է Բերձոր, Աղավնոյից։ Բայց Բերձորն ու Աղավնոն չեն հանձնվելու։ Կլինի պատերազմ, թող լինի։ Ես ինչ–որ չափով վստահ եմ քաղաքական խաղի կանոնների վրա, մեր հավատամքի վրա։ Այն, ինչ այսօր ներկայացվում է մեզ, որ ջախջախված ենք, որ բոլորը մեր տեղը որոշել են, նման բան գոյություն չունի։ Մեզ 1991 թվականից ասում են, որ դուք սուբյեկտ չեք, դուք օբյեկտ եք, վերին ատյանները ձեր տեղն արդեն որոշել են»։

Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանին անհասկանալի  է նոր պատերազմը լեգիտիմացնելու Բաքվի մղումների մասին հայտարարությունը։ «Եթե անգամ  նոյեմբերի 9–ի փաստաթղթի կետերը չկատարվեն, դա, միեւնույնն է, չի լեգիտիմացնում Բաքվի կողմից նոր պատերազմի հրահրումը, առավել եւս, որ հայկական կողմը նոյեմբերի 9–ի որեւէ պայմանավորվածություն չի խախտել»,–  ասաց զրուցակիցս։

«Ճիշտն ասած, չհասկացա, թե ինչու նա այդպես ասաց, քանի որ եթե անգամ այդ բանակցությունները կիսատ մնան կամ  չհաջողվի դրանք տրամաբանական ավարտին հասցնել, դա որեւէ կերպ Ադրբեջանին պատերազմ սկսելու լեգիտիմություն չի տալիս։ Առավել եւս, որ 44-օրյա պատերազմը պաշտոնապես Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ չէր, ռազմական գործողությունները փաստացի Արցախի ու Ադրբեջանի միջեւ էին»։

ՄԽ–ի ձեւաչափում ընթացող բանակցությունների հիմքում Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք սկզբունքներն էին, որոնցից  կարևորագույնը  ուժի չկիրառման սկզբունքն էր։ Համանախագահները 25 տարի շեշտում էին հենց այդ սկզբունքը, սակայն դա չխանգարեց Բաքվին ռազմական գործողություններ սկսել։ Ավելին՝ դրա վրա աչք փակեց միջազգային հանրությունը,և ըստ քաղաքական վերլուծաբանի՝ եղան երկրներ, որ 44-օրյա պատերազմից հետո ողջունեցին խնդրի ռազմական լուծումը։ Արմեն Բաղդասարյանը չի բացառում, որ Ադրբեջանը կրկին կարող է ռազմական ագրեսիայի դիմել։

Back to top button