ԿարևորՀասարակություն

Քննիչ հանձնաժողովն աշխատանքը չի ավարտել, բայց հիմնական հարցերի պատասխանները ստացել է

Խորհրդարանում ստեղծված քննիչ հանձնաժողովն ավելի քան կես տարի ուսումնասիրում է 44-օրյա պատերազմի ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքած և պետական բյուջե փոխանցած միջոցների օգտագործման արդյունավետությունը։ Թեև հանձնաժողովը երկար ժամանակ նիստ չի գումարել, բայց հանձնաժողովի անդամները մինչ այժմ գրանցված արդյունքներից դժգոհ չեն․ բոլոր հարցերին տրվել են պատասխաններ, եւ անօրինական որեւ փաստ չի արձանագրվել՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում նշել է ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։  

«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով 2021-ին Արցախում սկսված 43 մեծածավալ ծրագրերն իրականացվում են, որոշներն ավարտվել կամ ավարտման փուլում են՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի վերջին նիստին ասաց գործադիր  տնօրեն Հայկակ Արշամյանը՝ ամփոփելով  2021 թվականի գործունեության արդյունքները:  Ծրագրերի ընդհանուր արժեքն  80 մլն դոլար է։ Հիմնադրամի տնօրենի խոսքով՝ միջոցներն առավելապես ուղղվել են առողջապահության ոլորտ  ու սոցիալական աջակցությանը, հումանիտար խնդիրներին, ենթակառուցվածքների վերականգնմանը , լայն  թափ է առել Արցախում իրականացվող բնակարանաշինությունը։  Ըստ Հայկակ Արշամյանի՝ 2021-ի ընթացքում, ընդհանուր առմամբ իրականացվել է ավելի քան 70 ծրագիր:

Հիմնադրամն իր ֆինանսական միջոցների հաշվին բնականոն կյանք է վերադարձրել եւ վերադարձնում պատերազմի ժամանակ վիրավորում ստացած հարյուրավոր զինծառայողների՝ ապահովելով նրանց ֆիզիկական եւ հոգեբանական վերականգնումը, հնարավորություն  է ընձեռում  նրանց մասնագիտանալու ՏՏ եւ այլ մասնագիտությունների ոլորտներում, ասել է Արշամյանը: Նշել է նաև  Հայաստանում և Արցախում ջրատարների կառուցումը, արևային էներգիայի ծրագրերի իրականացումը  Սյունիքի սահմանամերձ համայնքներում՝ Շուռնուխում, Արավուսում, Դավիթ Բեկում, Խոզնավարում։

Հաշվետվությունից հետո կարծիք  հնչեցին, թե հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը շրջանցել է կարևոր թեմաները։  ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանը, մասնավորապես,  ֆեյսբուքյան գրառմամբ զարմանք էր հայտնել, թե ինչու անդրադարձ չեղավ   44-օրյա պատերազմի ընթացքում  և պատերազմի համար Հայաստան համահայկական հիմնադրամի հանգանակած և կառավարությանը  փոխանցած  շուրջ 100 միլիոն դոլարին ու դրա ծախսման արդյունավետությանը:

44-օրյա պատերազմի ընթացքում ու դրանից հետո «Հայաստան» հիմնադրամը շուրջ 170 մլն դոլար հանգանակություն էր հավաքել, որի մի մասը, ինչպես ավելի ուշ պարզ դարձավ,  փոխանցվել էր Հայաստանի կառավարությանը։ Թե ինչպես է գործադիրը ծախսել այդ գումարները,  փորձելու էր պարզել  խորհրդարանում այդ նպատակով ձևավորված  քննիչ հանձնաժողովը։

«Ռադիոլուր»-ի հետ զրույցում հանձնաժողովի անդամ ՔՊ–ից Հովիկ Աղազարյանը նկատեց՝ թեև հանձնաժողովը վերջնական եզրակացություն դեռ չի ներկայացրել, բայց  այս փուլում էլ հանձնաժողովում որեւէ մեկն արդեն կասկածներ չունի, թե միջոցներն անարդյունավետ են ծախսվել։ 

«Մեր ընդդիմադիր գործընկերների կողմից ստեղծված քննիչ հանձնաժողովը բավական հանգամանալից ուսումնասիրել է բոլոր հարցադրումները, տարբեր գերատեսչությունների ղեկավարները պատասխանել են  մեր հարցումներին,  համապատասխան փաստարկներ եւ հիմնավորումներ ուեն ներկայացրել, եւ մեզանից ոչ ոքի մոտ հարցեր չի մնացել այդ միջոցների օրինական ու թափանցիկ ծախսման վերաբերյալ։ Ցավոք,  հանձնաժողովը չամփոփեց իր աշխատանքները, չհասցրեցին։ Պետք է ժամանակը երկարաձգվեր՝ օրենքով սահմանված կարգով, բայց քանի որ մեր ընդդիմադիր գործընկերները դուրս եկան այլ բնույթի պայքարի, այդ հանձնաժողովի աշխատանքը չհասավ իր տրամաբանական ավարտին, բայց այն, ինչ արվել է, հստակ ապացուցում է, որ ամեն ինչ նորմալ է՝ եւ օրենքի սահմաններում, եւ թափանցիկ»։

Հանձնաժողովը պետք է պարզեր նաև, թե որ ուղղություններով է ծախսվել կառավարությանը որպես նվիրատվություն փոխանցված գումարը։ Հովիկ Աղազարյանն ասում է ՝ հանձնաժողովի անդամներն այդ հարցի պատասխանը ստացել են։

«Այդ գումարը ծախսվել է միայն պատերազմի հետեւանքով առաջացած սոցիալական խնդիրների լուծման համար,  եւ մինչեւ վերջին դրամն էլ ամրագրված է։ Ընդհանուր առմամբ՝ ծախսվել է 125 մլրդ դրամ, այսինքն՝ մոտ 250 մլն դոլար, որի մի մասը՝ շուրջ 100 մլն դոլարը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներից։ Այսինքն՝ ծախսվել է ավելի շատ, քան Համահայկական հիմնադրամի տված օգնությունն է, Հետեւաբար՝ եթե ուզում եք ընդհանուր պատկերացում ունենալ, պետք է ամբողջ ծախսի արդյունավետությունը ուսումնասիրեք, որովհետեւ քաղաքացու համար ինչ տարբերություն, եթե չարաշահում է եղել, որ հատվածից է եղել՝ պետական միջոցների թե՞ հիմնադրամի», –նշում է Աղազարյանը։

Եթե պետությունը հատկացվածից ավելի քիչ ծախսած լիներ, հարցեր կառաջանային՝ ասում է զրուցակիցս և հավելում, որ կառավարությունն ավելին է ծախսել է, քան հիմնադրամի տրամադրած միջոցներն են։   

Back to top button