Վերնատուն

Կարոտի ու հայրենիքի երգիչը․ Վահագն Դավթյան-100․ «Վերնատուն»

Բանաստեղծ, հրապարակախոս, թարգմանիչ Վահագն Դավթյանի 100-ամյա հոբելյանի առիթով՝ բանաստեղծի դուստր մանկավարժ Հասմիկ Դավթյանը պատմում է Վահագն Դավթյան մարդու, բանաստեղծի, քաղաքացու մասին։ Հասմիկ Դավթյանը չորս տասնամյակ է հայոց լեզու և գրականություն է դասավանդում դպրոցում։

Պատմում է, որ կրթություն ստացել է ոչ միայն համալսարանում, այլ նաև իրենց տանը՝ շփվելով այնպիսի գրողների հետ, ինչպիսիք են Համո Սահյանը, Հրանտ Մաթևոսյանը, Պարույր Սևակը, Վիլյամ Սարոյանը։

Խոսելով Վահագն Դավթյանի պոեզիայի առանձնահատկությունների մասին՝ Հասմիկ Դավթյանը նշում է, որ կապույտ գույնը կարևոր դեր է ունեցել բանաստեղծի պոեզիայում։

«Նրա գրականությունը սկսում է այն կարոտից, որը թողել է Արևմտյան Հայաստանում՝ իր ծննդավայր Արաբկիրում։ Արաբկիրում տների տանիքներն ամբողջովին ծեփված էին կապույտ կավով և շրջապատված եղրևանիով, այդ պատճառով իր հիշողության մեջ կապույտը շատ է եղել», – ասում է Հասմիկ Դավթյանը։

Վահագն Դավթյանն իր ստեղծագործությամբ կարոտի զգացումը բերեց Արևմտայան Հայաստանի և իր կորցրած ծննդավայրի հանդեպ՝ պատմում է բանաստեղծի դուստրը, հետո հիշատակում՝ Վարուժանի, Մեծարենցի, Սիամանթոյի անունները՝ նրանց ստեղծագործությունները համարելով Դավթյանի պոեզիայի ակունքներ։

Իսկ Դավթյանի անտիպ մնացած ստեղծագործություններից է բանաստեղծի՝ 90 – ականներին գրված «Արտավազդ երկրորդ» վեպը, որը սպասում է հրատարակման։

Անցյալ տարի «Վերնատուն» հրատարակչությունն առաջին անգամ վերանայված տարբերակով տպագրել է Վահագն Դավթյանի «Բարի հսկան»՝ Վիլյամ Սարոյանի մասին պատմող հուշագրությունը։

Back to top button