ԿարևորՀասարակություն

Երեխաների առողջությունը տարեվերջյան հանդեսից կարևոր է. մանկաբույժները նախկինում երբևէ չգրանցված երևույթներ են նկատում

Մանկաբույժները արտառոց միտում են նկատում՝ Հայաստանում երեխաների շրջանում այս սեզոնին ոչ բնորոշ ակտիվ են շնչառական ուղիների ախտահարման դեպքերը: Սեզոնային սուր շնչառական վարակների ակտիվությունը չի նվազել, մինչդեռ ամռանը սովորաբար դրանք նահանջում են։ Մանկական հիվանդանոցները խիստ ծանրաբեռնված են․ երեխաներն ընդունվում են առավելապես շնչառական ուղիների ախտահարումով։ Աննախադեպ շատ են նաև ականջի բորբոքումներով դեպքերը։  «Գրեթե 30 տարվա աշխատանքում չեմ հիշում ականջի բորբոքումների այսքան մեծ թիվ»,-«Ռադիոլուր»-ին ասել է մանկաբույժ Սերգեյ Սարգսյանը։

Ամռան համար` անոմալ վիրուսային իրավիճակ․ մանկաբույժները մտահոգված են Հայաստանում երեխաների շրջանում այս սեզոնին ոչ բնորոշ վիրուսների տարածվածությամբ, որոնք հիմնականում ուղեկցվում են թոքաբորբով և ականջաբորբով։ Թեև գրիպի ձմեռային-գարնանային սեզոնն անցել է, բայց մանկական հիվանդանոցներն ու բաժանմունքները գերծանրաբեռնված են։ Հիվանդանոց են ընդունվում հիմնականում թոքաբորբով և ականջաբորբով երեխաներ:

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբուժության թիվ 2 կլինիկայի ղեկավար Մարի Դարակչյանի փոխանցմամբ՝ սուր շնչառական վարակների բարձր ակտիվություն կա  հատկապես վերջին ամիսներին․

«Որպես դրական պատասխան ունեցել ենք մետապնեվմովիրուս, րինովիրուսներ, բոկավիրուսներ, որոնք հիմնականում ունենում են հիվանդության որոշակի ընթացք, որը կարող է ներառել ինչպես շնչառական ուղիների, այնպես էլ ականջի, սատմոքսաղիքային տրակտի ախտահարում, ակտիվություն կա նաև աղիքային վարակների տեսանկյունից, որոնք առավելապես արտահայտվում են փսխումներով և փորլուծությամբ»։

Ամռան շրջանում աղիքային և ականջի բորբոքման  գանգատներով նման մեծ հոսք չի հիշում նաև «Արաբկիր» բժշկական համալիրի Երեխաների դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար, դոցենտ, ԱՆ մանկաբուժության գծով խորհրդատու Սերգեյ Սարգսյանը։ Սուր շնչառական վարակների տարածվածությունն այս շրջանում  պայմանավորում է հետքովիդային բարդության հետ։ Ապրիլից այս վիրուսների տարածվածությունը պետք է նվազեր,  սակայն մասնագետները տարակուսանքով նկատում են սեզոնին ոչ բնորոշ վիճակ։

«Նախկինում երբևիցե չգրանցված երևույթներ կան։ Օրինակ՝ շատ բարձր է ականջի բորբոքման հիվանդացությունը։ Գրեթե 30 տարվա աշխատանքում չեմ հիշում ականջի բորբոքումների այսքան մեծ թիվ։ Կարծում եմ կարանտինի, քովիդի հետևանքն է։ Որովհետև աշխարհում հիվանդացության միտումներն են ընդհանուր փոխվել։ Ամենայն հավանականությամբ սրանք դրա հետևանքներն են, որովհետև այլ բացատրություն առնվազն այժմ չկա»։

Թոքաբորբի և ականջաբորբի ակտիվացումը քովիդի հետ է կապում նաև մանկաբույժ Մարի Դարակչյանը։ Ավելի կոնկրետ կարանտինի հետևանքն է՝ ասում է։ Երեխաները 2 տարի փակված են մնացել տանը և քիչ են շփվել միկրոօրգանիզմների հետ, հետեւաբար, նաև անհրաժեշտ իմունիտետը ձեռք չեն բերել․

«Այն վիրուսներին, որոնց պետք է հանդիպեին սեզոն առ սեզոն, հանդիպում են միանգամից, և հիվանդացությունը պահպանում բարձր մակարդակի վրա»։

Մասնագետը հորդորում է խուսափել ջերմիջեցնողներից առանց բժիշկի  խորհրդատվության։ Պետք է օգտագործել տարիքին և մարմնի զանգվածին  համապատասխան մանկական օշարակներ և/կամ մոմիկներ։

Մարի Դարակչյան.«Երեխաների շրջանում բացարձակ անվտանգ և ապահով ջերմիջեցում ապահովում է պարացետամոլը և իբուպրոֆենը։  Դիկլոֆենակը սովորաբար չի օգտագործվում որպես ջերմիջեցնող դեղորայք։ Ամբողջ աշխարհում Դիկլոֆենակով ջերմություն լայնորեն և երկարատև չեն իջեցնում երեխաների շրջանում»։

Մանկաբույժի  խոսքով՝ այս պահին տարբեր վիրուսներ ու բակտերիաներ են շրջանառվում, և չկան շրջանառվող դոմինանտ տեսակներ: Մասնագետները ծնողներին հորդորում են նախ և առաջ երեխային պահել տանը բոլոր այն դեպքերում, երբ, օրինակ, երեխան հազում է կամ քթահոսություն ունի․

«Հորդորում ենք հիվանդ երեխաներին չտանել մանկական կոլեկտիվներ, մասնավորապես, տարեվերջյան հանդեսների։ Ինքս շատ հաճախ  եմ լսում այդ պնդումը, որ երեխան հանդեսում կարևոր դեր ունի, խոսքեր ունի։ Եվ շատ հաճախ երեխաներին տանում են մանկական կոլեկտիվներ»։

Սերգեյ Սարգսյանը ևս հորդորդում է հիվանդ երեխային պահել տանը, անհրաժեշտության դեպքում՝ դիմել բժիշկի։ Իսկ անհանգստանալ պետք է, երբ նկատում եք վիրուսի առաջին իսկ ախտանշանները՝ թուլություն, տրամադրության անկում, ջերմություն, փսխում։ Հատկապես խոցելի են մինչև մեկ տարեկան երեխաները։

Back to top button