Հասարակություն

Անանցանելի անցակետը․ հայկական ծիրանը փչանում է Վրաստանի լեռներում

Լարսը փակ է, բեռնատարները՝ կանգնած։ Հունիսի 26-ին Թերեք գետը հորդառատ անձրևների պատճառով դուրս է եկել ափերից ու ողողել Վրաստանը Ռուսաստանին կապող մայրուղին։ Ծիրանի արտահանման ամենաակտիվ շրջանում հարյուրավոր բեռնափոխադրողներ սպասում են քանդված ճանապարհի վերանորոգմանը, իսկ Երևանում փորձում են արագ լուծում գտնել՝ կանխելու գյուղացիների հավանական խնդիրները։

Ծիրանի հարցը՝ ֆեյսբուքում

Ծիրանի խնդիրն ակտիվ քննարկում է ֆեյսբուքահայությունը։ Խմբերում տարածվում է ֆերմեր Հարություն Մնացականյանի գրառումը, որով վերջինս հորդորում է ծիրան գնել՝ այդպիսով սպառել Հայաստանում մնացած ապրանքը։ Գրառումը, ըստ որի՝ լուրեր կան, թե Լարսը դեռ 10 օր փակ է մնալու և գյուղացին կարող է լուրջ վնասներ կրել, ֆլեշմոբի է վերածվել։

Մեկնաբանությունները, սակայն, միանշանակ չեն։ Ոմանք պատրաստակամ են ծիրան գնել, մյուսները՝ դժգոհ․ ասում են՝ հայկական շուկայում միայն վատ որակի ծիրանն է մնում, որոշ բնակավայրերում ծիրան գտնել պարզապես հնարավոր չէ, քանի որ ամբողջ ռեսուրսը ուղղվում է արտահանման։ Իսկ այն արտադրողները, որոնք իրենց բերքն արտահանել չեն կարող, իրացման խնդիրներն են բարձրացնում։

Անցուդարձը՝ Լարսի կանգնած մայրուղում

Լարսը Դավիթի աշխատանքային ճանապարհն է արդեն 8 տարի։ Ճանապարհի այդ հատվածը միշտ էլ ամենադանդաղն է անցել։ Այսօր այնտեղ ինքն է, բեռնատարը՝ ներսում 22.7 տոննա ծիրան, ու իր պես սպասող հարյուրավոր բեռնափոխադրողներ։ Մեզ հետ զրուցելու երկար ժամանակ ունի․ փոխանցած նկարներից ու հոլովակներից պարզ է դառնում, որ դեռ երկար կսպասեն․

Պատմում է՝ նախկինում տարին երկու անգամ Մոսկվա էր գնում, տարբեր ապրանքներ տեղափոխում։ Հիմա խոչընդոտները շատ են, հերթերը՝ երկար։ Բնական աղետների հետ, սակայն, հաշտ են, ասում է՝ ճանապարհ է, քանդվել է՝ կսարքեն, ոչինչ անել չենք կարող։

«Ծիրանի սեզոն է, Հայաստանից 50-60 մեքենա դուրս է գալիս, բայց գալիս հասնում են այստեղ՝ կանգնում են։ Ով չփչացող ապրանք է տանում, նրանց Հինաբերդի վրա են պահել, իսկ ով սառնարանով է՝ իրենցը պահել են ճանապարհի վրա, որ անվալետը բացվելուն պես առաջին հերթին թողնեն։ Բայց քանի օր ենք մնալու այստեղ, չենք կարող ասենք, որովհետև ճանապարհը քանդվել է»։

Լարսի մայրուղու քանդված հատվածը

Փչացող ապրանքները առավելություն ունեն ճանապարհի միայն սկզբնական հատվածում, Նատախտարի հասնելուն պես արտոնությունները վերանում են, որովհետև եթե հիմա հերթում միայն հայեր են, հազվադեպ՝ ռուս կամ բելառուս, ապա ճանապարհի այդ հատվածում արդեն հայ, վրացի, թուրք, ուզբեկ, թաթար, տաջիկ ու ղազախ՝ բոլորը հերթ են կանգնում․

«Մի 7 տարի առաջ ամիսը 2 անգամ գնում էի Մոսկվա, բայց հիմա անհնար է, մեքենաները շատ են։ 14 ազգ, պատկերացնու՞մ եք։ Մեր մի փոքր Հայաստանը մի 2-3 հազար Ford ունի։ Թուրքիան վերջին քանի տարին տեղափոխվել է, էս ճամփով է գնում-գալիս, ուզբեկը, ղազախը, տաջիկը։ Մի պուճուր Հայաստանը այսքան մեքենա ունի, բա իրանք ինչքա՜ն ունեն։ Ու բոլորը գնում-գալիս են»։

Դավիթն ասում է՝ ոչ ոքի չի մեղադրում, որովհետև այս դեպքում, իր խոսքով, մեղավոր չկա․ գետ է, բարձրացել, ճամփան քանդել է։ Միայն հույսով է, որ շուտ կսարքեն։ Բերքն, ամեն դեպքում, ափսոս է։

Երբ կբացվի ճանապարհը

Այսօր /հունիսի 27-ին/ «Ռադիոլուր»-ին Կազբեգիի քաղաքապետարանից հայտնել են, որ ճանապարհը վաղը հավանաբար կբացվի․ «Տեխնիկան այս պահին աշխատում է»։

Օրերս Էկոնոմիկայի նախարարությունից հաղորդել էին, որ աշխատանքներ են տարվում լաստանավային հաղորդակցության ուղղությամբ․ փորձում են ձեռք բերել այն գործարկելու վերջնական համաձայնություն։

Միևնույն ժամանակ ՀՀ-ի և ՌԴ-ի միջևը համաձայնություն է ձեռք բերվել Լարսի անցակետից մոտ 3-4 կմ հեռավորության վրա հատկացնել լրացուցիչ տարածք, որտեղ ևս հնարավոր կլինի իրականացնել մոտ 250 ավտոմեքենաների մաքսային հսկողության հետ կապված գործառնություններ։

Վրաստանի տրանսպորտային միջանցքի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Պաատա Ցագարեիշվիլին էլ «Ռադիոլուր»-ին ասել էր, որ պաշտոնական Թբիլիսին ևս պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի Վերին Լարս տանող ճանապարհը բեռնաթափելու համար։

Իսկ այդ ընթացքում Գերմանիայի հայերը․․․

Ամեն տարի Հայաստանից մի քանի տասնյակ տոննա ծիրան է դուրս բերվում։ Եթե գյուղացին արտահանումը բիզնեսի մի բաղադրիչ է համարում, ապա եվրոպական մի շարք երկրներում սա Հայաստանի համն է՝ արկղ առ արկղ հասած Սփյուռքին։ Ֆեյսբուքյան մեկ այլ իրականությունում կրկին ակտուալ է ծիրանի թեման, սակայն այս դեպքում ոչ թե գյուղացուն օգնելու, այլ կարոտը առնելու նպատակով։

Noahs Früchte / A&D Food GmbH «ավետում» է Գերմանիայի հայերին․ Գերմանիա առաքվող ծիրանի բերքահավաքը մեկնարկել է, բերքը՝ դասավորվել արկղերում։ Հայաստանում 250-1000 դրամով վաճառվող ծիրանը Գերմանիայի հայերին է հասնում 1 կգ-ն 10 եվրո արժեքով, վաճառքի նվազագույն քանակը՝ 5 կգ։

Կարդացեք նաև
Close
Back to top button