

Վանա լիճ, Հայոց միջնադարյան ջրասույզ պատմության գանձարան։
Ի՞նչ հուշարձաններ են պահպանվում Վանա լճի խորքերում:
Հայ հետազոտողներին արդյո՞ք հաջողվել է լճի հատակին գտնել Գագիկ Արծրունու հոյակերտ շինություններն ու իր ժամանակի հրաշալիքներից մեկը` նավահանգիստը։
Վասպուրականի 5-րդ գահերեց իշխանի՝ Գագիկ Արծրունու կառուցած պարիսպների ու դեռ 10-րդ դարում արհեստական նավահանգստի նկարագիրն է տալիս հայ մատենագիրներից Թովմա Արծրունին:
Մատենագիրը նկարագրում է Աղթամար կղզում կառուցված արհեստական նավահանգիստը, ինչը բնորոշ էր ժամանակի առաջադեմ երկրների ճարտապետական մտքին։
«Հրաման տվեց բազմաթիվ արհեսավորների և անթիվ մարդկանց կտրել ծանր ու դժվարակիր վեմ քարեր և գցել ծովի անհնարին խոր հատակը: Այսպես մեծն արքան ջանքեր թափեց ու անսպասելիորեն կանգնեցվեց ծովից 5 կանգուն բարձրությամբ քարահատակ ամբարտակ, որը մտքի աչքերով, ինչպես ցամաքի վրա, հաստատուն կերպով դրեց մեծ քարերի շարքով: … Ծովի խորահատակ հիմքերի բերանին նա դրեց ահավորատես, հաստահեղույս, բևեռապինդ դռներ: Այսպիսով ծովի մի մասն առնելով կղզու կողմը նա հրաշալիք գործեց և ստեղծեց խաղաղ ու անքույթ նավահանգիստ՝ նավերի խմբի համար: Հրաշակերտից ավելի լավ, քան արել էր Ալեքսանդրը՝ Մակեդոն քաղաքից»:
Գագիկ Արծրունու հոյակերտ կառույցների մասին լսել էի նավապետ Կարեն Բալայանից:
Թովմա Արծրունու նկարագրություններն ուսումնասիրելով 23 տարի առաջ նա սուզվել էր Վանա լճում, որ գտնի հոյակերտ շինությունների մասունքներն ու արդեն ջրերի խորքում հանգրվան գտած՝ իր ժամանակի հրաշքը, արհեստական նավահանգիստը։ Նավապետը իր որոնումների արդյունքում կուժեր է դուս բերել ու հսկայական քարերով շարված պատի հանդիպել, մոտ 30 մետր խորքում:
Թովմա Արծրունու, նավապետ Կարեն Բալայանի այս պատմություններն ու Վանա լճի կարոտը հերթական անգամ Վանա լիճ են կանչում։


«Կհաջողվի՞ այս անգամ ևս գոնե մեկ ջրասույզ հուշարձան տեսնել Վանի խորքերում» մտածում եմ ու առանձնանալով զբոսաշրջիկների խմբից՝ հանձնվում եմ ջրի կոհակներին։
Ափը մարդաշատ չէր, ջուրը մաքուր ու հանդարտ, արևն էլ՝ նպաստավոր դիրքում։ Մեկ ժամ լողալուց ու պարբերաբար սուզվելուց հետո նշմարում եմ տաշած քարեր, ժայռաբեկորի՝ հորիզոնական տաշված հատվածներ, 6-7 մետր խորանում եմ, բայց․․․ իմ որոնած հուշարձանը չէ։
Մտքերի տակ, լողալով հեռանում եմ ափից դեպի լճի խորքերը, միտքս ազատ է, չեմ մտածում ոչնչի մասին ու բերկրանքով հետևում եմ, թե ինչպես են արևի ուղղահայաց լիճը մտնող շողերը մեղմ խաղերով անհետանում կապույտի խորքերում։ Հանկարծ նկատում եմ, որ Արևի շողերը խորացան-խորացան ու կարծես՝ անդնդախոր կապույտին չհասան։ Սթափվում եմ ու հենց այդ հատվածում էլ սուզվում։ Մի 5 մետր խորանալով ուրվագծվում ու առավել նկատելի է դառնում հսկայական քարերով, կիսաշրջանաձև շարվածքով հրաշքը։ Շունչս կտրվում է ու դուրս եմ գալիս ջրի մակերես։
Տեսախցիկի ցածր որակի պատճատով լավ նկար ակնկալելն անիմաստ է, սկսում եմ մտապատկերումս դրոշմել ու հաշվել շարվածքի՝ ինձ տեսանելի բարձունքի քարերը, թվով՝ 19-ն են։ Նորից թթվածնի կարիք կա, բարձրանում եմ շունչ քաշելու։


Իրավիճաի թելադրանքով այս պահին դեռ չեմ կարող հրապարակային բարձրաձայնել ջրասույզ հուշարձանի գտնվելու վայրը, քանի որ այդ մասին դեռ ոչ մի հիշատակում չեմ տեսել թուրք հետազոտողների և սուզորդների աշխատություններում ու տեսագրություններում։ Արդյո՞ք այդ ջրասույզ հուշարձանը 10-րդ դարի արհեստական նավահանգիստն է թե միջնադարյան մեկ այլ շինություն, հետագա ուսումնասիրությունները կպարզեն։
Ուշագրավ է հատկապես Սամվել Կարապետյանի ու Հայկական ճարտարապետություն ուսումնասիրող հիմնադրամի հետազոտությունները Վանա լճում մեր ջրասույզ հուշարձանների մասին: Վանի ջրասույզ հուշարձանների ու եկեղեցիների մասին պատմում է ճարտարապետ Աշոտ Հակոբյանը: