ԿարևորՔաղաքական

Հայաստանը պատրաստ է աջակցել ավստրիական ընկերություններին մուտք գործել հայկական շուկա

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Վիեննա պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Ավստրիայի Հանրապետության Ազգային խորհրդի արտաքին գործերի կոմիտեի եւ Ավստրիա-Հարավային Կովկաս խորհրդարանական խմբի անդամներին:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանն այսօր առաջ է քաշում տարածաշրջանում երկարաժամկետ եւ կայուն խաղաղության հաստատման օրակարգ:

Նա շնորհակալություն է հայտնել Ավստրիայի խորհրդարանի գործընկերներին՝ 2020 թ. աշնանն Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ժամանակ Արցախի դեմ ագրեսիան դատապարտող քննարկումների եւ հայտարարությունների, ինչպես նաեւ Ազգային խորհրդի կողմից միաձայն ընդունված «Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում առկա իրավիճակի վերաբերյալ» բանաձեւի համար:

Կողմերը քննարկել են օրակարգային առաջնահերթություններ ունեցող մի շարք հարցեր՝ ի նպաստ երկու երկրների բազմոլորտ համագործակցության խթանման: Այս համատեքստում ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է Երեւանում ADA-ի (Ավստրիական զարգացման գործակալության) լիարժեք համակարգող գրասենյակի բացմանը՝ գնահատելով դրա կարեւորությունը:

Ալեն Սիմոնյանը գործընկերներին հավաստիացրել է, որ Եվրասիական տնտեսական միության անդամ Հայաստանը պատրաստ է ամեն կերպ աջակցել ավստրիական ընկերություններին, որոնք կցանկանան մուտք գործել հայկական շուկա: Երկուստեք բարձրաձայնվել է  միջխորհրդարանական համագործակցությունն ակտիվացնելու շահագրգռվածությունը՝ առաջնահերթ նշանակություն տալով միջխորհրդարանական կապերի եւ շփումների ամրապնդմանն ուղղված երկկողմ ջանքերին:

Հանդիպմանը ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ հայկական կողմն ակնկալում է ավստրիացի խորհրդարանականների ակտիվ մասնակցությունը Լեռնային Ղարաբաղում 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո ծագած հումանիտար հարցերի լուծմանը: «Այս հարցերը ներառում են առնվազն 4 տասնյակ հայ ռազմագերիների եւ այլ ձերբակալվածների ազատ արձակումը, մշակութային ժառանգության պաշտպանությունը: Դա կդառնա զինված հակամարտություններում մարդասիրական իրավունքի եւ մարդու իրավունքների պաշտպանությանն Ավստրիայի ազգային նվիրվածության վառ արտացոլումը եւ կցուցադրի Ավստրիայի ներդրումը հակամարտությունների գոտիներում անհետացման վտանգի տակ գտնվող մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված միջազգային ջանքերում»,- եզրափակել է նա:

Գործընկերներն անդրադարձել են նաեւ Հայաստանի եւ Ավստրիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին եւ այդ կապակցությամբ իրականացվելիք միջոցառումներին: 

Back to top button