ԿարևորՀասարակություն

ՊՆ և ԳՇ «հաշտեցում»` նոր փոփոխություններով. ո՞վ է ում ենթական

44-օրյա պատերազմից գրեթե 2 տարի անց ուրվագծվում են հայկական ԶՈՒ բարեփոխումների սկզբունքները, որոնց հիման վրա պետք է գործի նորացված և թարմացված բանակը: Հայկական ԶՈՒ բարեփոխումներից հայտնի դարձած առաջին սկզբունքային փոփոխությունը ԳՇ պետի կարգավիճակն է: Այսուհետ նա կզբաղեցնի նաև պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը: Ով ում վերադասն է լինելու խաղաղության և պատերազմական պայմաններում՝ սա առաջնային հարցերից է, որ պետք է հասկանալ:

44-օրյա պատերազմը թելադրեց և սրբագրեց. հայկական բանակի կառուցվածքը պետք է փոխվի, սխալներն ակնհայտ դարձան հենց պատերազմի ժամանակ: Հայեցակարգի ընդհանուր փոփոխությունները դեռ հայտնի չեն, բայց ԱԺ պաշտպանության և անվտանգային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր Արմեն Խաչատրյանի փոխանցմամբ՝ նոր փոփոխություններով հստակ տարանջատվում են պաշտպանության նախարարի և գլխավոր շտաբի պետի լիազորությունները:

ԳՇ պետն այսուհետ նաև պաշտպանության նախարարի առաջին տեղակալն է լինելու: Վերադաս-ենթակա հարաբերություններն այս դեպքում փոփոխական են՝ կախված խաղաղության և պատերազմական պայմաններից: Պատգամավորը հստակեցնում է՝ նախարարի առաջին տեղակալ, ԳՇ պետը անպայման զինվորական է լինելու, և մարտական գործողությունները վարում է հենց նա.

«Ե՛վ քառօրյա պատերազմի ժամանակ, և՛ 44-օրյա պատերազմի ժամանակ բացերը լավ ի հայտ եկան, երբ ԳՇն կարող է մի որոշում կայացնել, բայց նախարարը մի շարք որոշումների կայացումից դուրս է մնում: Միակենտրոն վերահսկողությունը վատ բան չէ: ԶՈՒում հաստատ արդարացնում է այդ մեթոդը: Շտաբի պետի լիազորություններն ավելանում են: Նաև որոշակի լիազորություններ է ունենալու նախարարության որոշակի կառույցների նկատմամբ, ինչը այս պահի դրությամբ ԳՇ պետը չունի: Հնարավորինս փորձում ենք այդ անջրպետը իրավական, որ միշտ լինում էր ԳՇնախարարություն, և ինչը հատկապես շատ վառ է արտահայտվում արտակարգ իրավիճակում, բացառում ենք, որպեսզի այդպիսի անջրպետ լինի»:

Պատգամավորի խոսքով՝ մինչ այս պահը պաշտոնական լիազորությունները կախված էին անձից. այդ գործոնը հայկական բանակում մեծ դեր է խաղացել միշտ: Փոփոխություններից հետո պաշտպանության նախարարը, օրինակ, հստակ կիմանա, թե որոնք են իր լիազորությունները, իսկ ԳՇ պետը կազատվի պետական գնումներից, կոմերցիոն և նման այլ գործառույթներից.

«Մարտական գործողությունները միանշանակ վարում է ԳՇն, նախարարի գործառույթը, կոպիտ ասած, կայանում է նրանում, որպեսզի ապահովի այն ամբողջ գործիքակազմը, հնարավորությունները, թիկունքային ռեսուրսները, բանակի համար անհրաժեշտ ամեն ինչը, որպեսզի բանակը, ԳՇն կարողանա իր առջև դրված խնդիրը լուծի: Զինվորականը, ԳՇն չպետք է զբաղվի կոմերցիայով: Զինվորականներից վերցրել ենք այդ գործառույթը և տվել ենք նախարարությանը: Ամեն դեպքում պահանջը ներկայացնելու են զինվորականները՝ ԳՇն, ինչ է անհրաժեշտ, ինչ զինատեսակ է պետք և ինչքան է պետք: Հիմա այդ զինատեսակը ոնց ձեռք կբերվի, որտեղից կբերվի, ինչ ճանապարհով կբերվի՝ արդեն իրենց չի հետաքրքրում»:

Փոփոխությունները մշակելիս հաշվի է առնվել միջազգային փորձը` ասում է պատգամավորը: Մեկ այլ միջազգային փորձ ուսումնասիրել է քաղհասարակությունը: Ուսումնասիրել են փոքր պետությունների «success story»-ները՝ հաջողված պատմությունները: Առաջնայինը Սինգապուրի օրինակն է:

Արդեն պատրաստ է «Զինված ուժերի բարեփոխումների վերաբերյալ կանաչ թուղթ» աշխատությունը, որտեղ մարտահրավերները հաղթահարելու առաջարկներ էլ կան: Հայաստանի համար եզակի և կարևոր փաստաթուղթ է դա համարում ԱԺ-ի ճյուղային հանձնաժողովի փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը: Բայց նա աշխատության հետ որևէ կապ չունի: Երկու այլ փորձագետ է աշխատել վերլուծությունների վրա: Հեղինակներից Էդուարդ Աբրահամյանը նշում է, որ ԶՈՒ-ում մարտահրավերները հաղթահարելու համար Հայաստանին նոր կոնցեպտուալ մոտեցումներ են պետք, և դա չի վերաբերում միայն բանակին: Նաեւ մտածելակերպի փոփոխություն է պետք՝ ասում է և կրկին բերում Սինգապուրի օրինակը, երբ այդ պետությունում ընդունվեց կարգախոս «Բարեփոխվիր կամ մահացիր»՝ «Innovate or die»:

«Մեր հետազոտությունը պարունակում է նաև ռազմագիտական մի քանի շատ նախնական նորույթներ, որը Հայաստանը կարող է զարգացնել, վերցնել: Դա նախ ԶՈՒ կառուցվածքի ամբողջությամբ նոր, փոքր պետության համար համապատասխան և 21-րդ դարին հարիր ցանցակենտրոն, բարձրտեխնոլոգիական, մարտ վարելու ունակ կառուցվածքն է: Նաև համապատասխան ստորաբաժանումների ձևավորումը: Մենք ունենք լեռնային բավականին բարդ լանդշաֆտ, մենք մի պետություն ենք, որը չունի ռազմավական խորքայնություն, հետևաբար՝ պետք է ունենանք համապատասխան ԶՈՒ և դրան համապատասխան անվտանգային համակարգ: Պետք է հաշվի առնենք, որ շատ բարդ ժամանակաշրջան ենք մտնում որպես պետություն: Ինչպես նշեց, օրինակ, մեկ ամիս առաջ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը՝ խաղաղության և անվտանգ ապրելու դարաշրջանը ավարտվել է: Մենք պետք է հաշվի առնենք բավականին նոր, բարդ միջավայրի և միջազգային հարաբերությունների դինամիկան: Արդյո՞ք մենք որպես հանրություն, իշխանությունը, կառավարությունը ունեն այն ադեկվատությունը` ընկալելու այս բարդ, արագ փոփոխվող և սպառնալիքներով լի միջավայրը»:

Իշխանությունը պնդում է՝ ԶՈՒ-ն տանում է արմատական լուրջ փոփոխությունների: Անգամ պայմաններ են մշակում համապատասխան պատրաստված սպայակազմ կրթելու համար: Արմեն Խաչատրյանի ներկայացմամբ, սակայն, արդյունքը կերևա միայն 5-10 տարի հետո:

Այժմ որոշակի խնդիր կա այդ առումով, քանի որ 2011 թվականից հետո, ըստ պատգամավորի, ռազմական ակադեմիա ընդունվողների թիվը սկսեց կտրուկ նվազել: Եղել է տարի, երբ ընդամենը 16 դիմորդ է եղել, այն դեպքում, երբ պահանջը մի քանի հարյուր էր: Այսպիսով՝ բարեփոխումները իշխանությունը նախատեսում է սկսել նաև կրթական և կենցաղային տիրույթներից, որպեսզի հետաքրքրություն առաջա ոլորտի նկատմամբ: Իսկ մինչ փոփոխությունները կընդունվեն և կկիրառվեն, արդեն 4-րդ ամիսն է, ինչ Հայաստանում ԳՇ նոր պետ նշանակված չէ, պարտականություններն իրականացնում է ժամանակավոր պաշտոնակատարը:

Կարդացեք նաև
Close
Back to top button