ԿարևորՀասարակություն

Ուսանողներին ամենաշատը հուզում է գնահատումը, ամենաքիչը՝ գրագողությունը

«Թրանսփերենսի ինթերնեշնլ» կազմակերպությունը հրապարակել է Հայաստանի  բարձրագույն կրթության ոլորտին առնչվող երկու հետազոտական զեկույց։ Դրանցից մեկը վերաբերում է  բուհերում հակակոռուպցիոն քաղաքականությանը, մյուսը՝ ակադեմիական բարեվարքությանը։ Երկրորդ հետազոտության նպատակը Հայաստանի բուհերում ակադեմիական բարեվարքության վիճակն ու պայմանները գնահատելն  է: Ըստ այդմ` պարզվել է, որ ուսանողներն ամենաշատը պատրաստ են պայքարել անարդար գնահատումների դեմ, իսկ ամենաքիչը նրանց անհանգստացնում է գրագողությունը։

Բուհերում ակադեմիական բարեվարքության խախտումները բացահայտելու նպատակով «Ռեստարտ» գիտակրթական հիմնադրամը հետազոտություն է անցկացրել 383 ուսանողների շրջանում։  Գրագողություն, ուսումնական առաջադիմության սխալ գնահատում, պրոֆեսորադասախոսական կազմի նշանակման և աշխատանքից ազատման որոշումների վրա անհարկի ներգործություն, բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտի քաղաքականացում․ այս խնդիրներից յուրաքանչյուրի համար կազմվել է առանձին «անձնագիր»։ Ուսանողների ընկալմամբ՝ գրագողությանը նպաստում են դասախոսների ոչ հստակ, երբեմն՝ անիրատեսական հանձնարարությունները, իսկ դրա դեմ պայքարի մոտիվացիայի պակասին կամ բացակայությանը՝  դիպլոմային/կուրսային և անհատական աշխատանքների պատվերներ ընդունող կազմակերպությունների առատությունը, ինչպես նաև դասախոսների անհետևողականությունը՝ ասում է հետազոտության հեղինակ, տնտեսագիտության թեկնածու Ալբերտ Հայրապետյանը։

«Կոռուպցիայի ընկալումն ու իսկական կոռուպցիան նույն բանը չեն։ Աշխարհում կարող է կոռուպցիա շատ լինի, ընկալումը քիչ և  հակառակը։ Մենք հենց այդ ընկալումն ենք չափել, այսինքն՝ ըստ տարբեր բուհերում սովորող ուսանողների՝ որքանով է տարածված  գրագողությունը, անարդարացի գնահատումը, որքանով են քաղաքականացված բուհերը»։

Հետազոտությունը պարզել է, որ ուսանողներն ամենաշատը պատրաստ են պայքարել անարդարացի գնահատումների դեմ, իսկ ամենաքիչը նրանց անհանգստացնում է գրագողությունը։ 

«Այնպես չէ, որ բացարձակապես միևնույնն է։ Ես չէի բացարձակայնացնի։ Բայց համեմատական կարգով ակադեմիական բարեվարքություններից մնացած 3-ի համեմատ ամենաքիչը դա է հուզում ուսանողներին»։

Այս մտահոգությունը կիսում է նաև կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը։ Բարձրագույն կրթության համակարգում տարիներ շարունակ բարեփոխումներ են կատարվում, որոնք, ըստ էության, շրջանցում են գնահատման կարգը։

«Փաստորեն, մեզանում ուսանողն ամբողջ կիսամյակի ընթացքում կարող է ընդամենը մեկ անգամ միջանկյալ, իսկ երկրորդ անգամ ամփոփիչ քննություն հանձնել և գնահատականը կկազմվի  միայն այդ գիտելիքների ստուգմամբ։ Մինչդեռ «նորմալ» գնահատման համակարգը պահանջում է անընդհատ աշխատանք թե ուսանողի կողմից, թե դասախոսի, ինչը չկա։ Եվ ես լրիվ համաձայն եմ մեր ուսանողների մեծամասնության կարծիքի հետ, որ անհրաժեշտ է գնահատման կարգում փոփոխություններ կատարել, հնարավորություն տալ կիսամյակի ընթացքում որոշակի բալեր հավաքել, ու ոչ թե 1-2 քննությամբ գնահատել ուսանողին»։

Հատկանշական է, որ ուսանողների գրեթե կեսի պնդմամբ՝ իրենց բուհերում դիպլոմային, կուրսային և անհատական աշխատանքներ ձեռք բերելու ձևավորված ավանդույթներ կան։ Հարցման մասնակից ուսանողների 85%-ի համար ընդունելի չէ, երբ ուսանողն իր աշխատանքում առանց պատշաճ հղման օգտագործում է ուրիշի մտքերը, գաղափարները կամ գիտական նորույթները, 4․1%-ի համար ընդունելի է, իսկ 10․9%-ը դժվարացել է պատասխանել։  

Գրագողության ավանդույթների խորացմանն իրենց հերթին  նպաստում են բուհական աշխատանքների վաճառքով զբաղվող կայքերը, որոնք շատ ակտիվ են և օգտվողների պակաս, կարծես թե, չունեն։ Ատոմ Մխիթարյանի գնահատմամբ՝  գրագողությունն ավելի շատ է տարածված հումանիտար, սոցիալական գիտությունների ոլորտում։ Ըստ փորձագետի՝ այս արատավոր երևույթը կվերանա միայն այն դեպքում, երբ բուհերը պաշտոնապես թեզերի և ինքնուրույն աշխատանքների ստուգման մեխանիզմներ ներդնեն և երբ թեզերն ու գրավոր աշխատանքները հանձնարարվեն ոչ թե տարին մեկ անգամ, այլ ամբողջ կիսամյակի ընթացքում։ Միայն այդ դեպքում բուհը կդառնա ստուգման, և ոչ թե արտագրման հարթակ։  Գրագողության և արդարացի գնահատման վերաբերյալ իր առաջարկներն է ներկայացրել նաև հետազոտությունն իրականացնող «Ռեստարտ» հիմնադրամը։

Ալբերտ Հայրապետյան. «Ոչ միայն կանխարգելման, այլև կրթական առաջարկություններ ենք արել, օրինակ` ակադեմիական գրագրության դասընթացի մշակում, ուսանողների հետ աշխատանքներ տանել, թե ինչու է այդ երևույթը վատ, գնահատման հետ կապված առաջարկություն է արվել, որ մեկից ավելի դասախոսներ լինեն քննասենյակում, և գնահատումը միայն մեկ գործոնով չլինի»։

Հետազոտությունն իրականացվել է անցյալ տարվա աշնանը։ Դրա արդյունքում մշակված առաջարկությունները ներկայացվել են  հայաստանյան բուհեր և ԿԳՄՍ նախարարություն։

Back to top button