ԿարևորՔաղաքական

Խաղի նոր կանոններ՝ ՏԻՄ ընտրություններից առաջ

Մի քանի ամսից Հայաստանում ընտրություններ են․ դրանց պատրաստվում են խոշորացված համայնքներում։

Նախընտրական գործընթացին զուգահեռ փոխվում են խաղի կանոնները։ ԸՕ-ում նախատեսվող  փոփոխությունների մեծ մասն առնչվում է տեղական ինքնակառավարման մարմիններին։  Խորհրդարանական մեծամասնությունը փորձում է լուծումներ տալ վերջին մեկ տարվա ընթացքում տարբեր համայնքներում արձանագրված  խնդիրներին։   

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է ցուցակ, որտեղ ներկայացրել է այն թեկնածուների անունները, որոնք կգլխավորեն կուսակցության համամասնական ցուցակները առաջիկայում կայանալիք ՏԻՄ ընտրություններում։ 14 բնակավայր և այդքան էլ անուն։ Խոսքը խոշորացված համայնքներում սպասվող ընտրությունների մասին է։

Ցանկում ընդգրկվածներից առաջին ընտրությունները նշանակված են Թալինում՝ սեպտեմբերին։ Խնդրահարույց համայնքներից մեկն է, որտեղ 2021-ի դեկտեմբերի ընտրություններից դեռ մեկ տարի չանցած՝ վաղաժամկետ դադարեցվեց ավագանու լիազորությունները: Ամիսներ շարունակ ոչ մի նիստ չկայացավ, որոշումներ չընդունվեցին։ Ավագանին հասցրեց միայն առաջին նիստով ընտրել համայնքի ղեկավար։ Դրանից հետո նիստերը չկայացան, համայնքի ղեկավարը չերդվեց և չստանձնեց պաշտոնը։  

Թալինի ավագանին ձևավորվել էր 4 քաղաքական ուժից՝ «Զարթոնք» ազգային քրիստոնեական, «Հայք» լիբերալ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություններից և «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքից: Այս պահի դրությամբ միայն ՔՊ-ն է հայտարարել նոր ընտրապայքարի մեջ մտնելու մտադրության մասին։ Ցուցակը գլխավորելու է Տավրոս Սափեյանը, ավագանու լիազորությունների դադարեցումից հետո նա է Թալինի ղեկավարը, բայց ոչ մի լիազորություն չունի: «Զարթոնք» կուսակցությունում դեռ որոշում չեն կայացրել․ Թալինում և առհասարակ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու նպատակահարմարությունը կորոշեն առաջիկայում՝ «Ռադիոլուր»-ին փոխանցեց կուսակցության մամուլի քարտուղար Անդրանիկ Մարգարյանը։

Թալինում առաջացած խնդիրների մասին ասում է․«Թալինում ավագանու 21 մանդատը բաշխվեց ՔՊ-ի և մյուս քաղաքական ուժերի միջև։ Մյուս քաղաքական ուժերը 11 մանդատով կոալիցիոն իշխանություն կարող էին ձևավորել, բայց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հնարավոր բոլոր՝ օրինական և ապօրինի, միջամտությունների արդյունքում Թալին համայնքը չունեցավ, չձևավորեց այդ համայնքային իշխանությունը»։   

Ալագյազ, Ալավերդի, Ակունք, Արենի, Բերդ, Բյուրեղավան, Գյուլագարակ, Եղեգիս, Լոռի Բերդ, Ծաղկահովիտ, Չարենցավան, Ջրվեժ, Սիսիան, Տաշիր, Քաջարան․ այս համայնքներում սպասվում են ՏԻՄ ընտրություններ, բայց իշխող ուժը մտադրվել է փոխել «խաղի կանոնները»՝ փոփոխելով Ընտրական օրենսգիրքը։ Նախագիծն արդեն շրջանառության մեջ է դրվել ԱԺ-ում։ Ըստ հիմնավորման՝ փորձ է արվում շտկել ՏԻՄ նախորդ ընտրություններից հետո առաջացած խնդիրները։  ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը մտահոգված է՝ նոր խնդիրներ կառաջանան։

«Ունենք բավականին շատ նորմեր, որոնք վերաբերում են ՏԻՄ ընտրություններին։ Մենք ունենք աշնանը՝ սեպտեմբերի 25-26-ին նշանակված ՏԻՄ ընտրություններ, ավելին՝ մենք արդեն ունենք համայնք, որտեղ նշանակված են այդ ընտրությունները։ Մյուսներում՝ ընտրությունների նշանակման վերջնական ժամկետը հուլիսի 15-ն է։ Միանգամից խնդիր է առաջանալու՝ արդյո՞ք այս իրավանորմերը գործելու են այդ ընտրությունների ժամանակ, թե՞ գործելու են գործող ԸՕ իրավակարգավորումները։ Գոնե տրվի որոշակի ժամանակ, որովհետև իրականում սա կարող է որոշակի բարդություններ առաջացնել»։

Թալինում, Վանաձորում և այլ խնդրահարույց համայնքներում արձանագրված խնդիրներից խուսափելու համար ԸՕ-ի փոփոխություններով անգամ սահմանվում է ավագանու առաջին նիստը գումարելու, ղեկավարին ընտրելու կարգը։ Քաղաքական «հակամարտությունը» համայնքներից որոծներում  անգամ թույլ չտվեց գումարել ավագանու առաջին նիստը։ Դա է պատճառը, որ առաջարկվում է ավագանիում կիրառել ԱԺ-ի մոդելը՝ ասում է փոփոխությունների հեղինակ Վահագն Հովակիմյանը։  

AJ Byudje

«Հիմնական խնդիրները ծագում էին այն դեպքում, երբ տվյալ ավագանիում մեծամասնություն չկար, որևէ քաղաքական ուժ չուներ 50+1, և առաջին նիստի հետ կապված տարբեր իրավիճակներ, օրենքի բացը օգտագործելու տարբեր դեպքեր եղան։ Փորձել ենք ԱԺ առաջին նստաշրջանի ինստիտուտը մոտարկելով կիրառել նաև ավագանիների դեպքում։ Ենթադրվում է, որ առավել քվե ստացած քաղաքական ուժը այդ ավագանու բնականոն գործունեության կազմակերպման հարցում պետք է առավել շահագրգիռ լինի։ Մոտեցումը դրանով է պայմանավորված»։

ԸՕ վերջին փոփոխությունների ժամանակ փոխվեց ավագանու կողմից  համայնքապետի ընտրության կարգը՝ փակ գաղտնին դարձավ բաց քվեարկություն, քայլը գնահատեց նաև Վենետիկի հանձնաժողովը, բայց տեղական ինքնակառավարման մարմիններում առաջացած խնդիրներից հետո նոր փոփոխություններով կրկին առաջարկվում է վերադառնալ հին՝ փակ գաղտնի քվեարկության կարգին։ «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ից Դանիել Իոաննիսյանը քողարկված քաղաքական նպատակ է տեսնում այստեղ․

«Քանի դեռ նախկինում փակ գաղտնի քվեարկությամբ էր, մենք տեսնում էինք, թե ինչպես է տեղի ունենում «քաղաքական առևտուր»։ Ինչպես օրինակ 2016-ին Վանաձոր համայնքում ուղղակի «քաղաքական առևտրի» արդյունքում համայնքի ընտրողների մեջքի հետևում կայացվեց որոշում, և այդպես էլ պարզ չեղավ, թե ով ում քվեարկեց։ Դրանից հետո, երբ դարձավ բաց քվեարկություն, մենք ականատես եղանք, թե ինչպես է իշխանությունը փորձում որոշ համայնքերում ՏԻՄ ընտրությունների վերջում, այն համայնքներում, որտեղ ընդդիմությունը գումարային առումով հաղթել էր և իշխանությունը չուներ մեծամասնություն, իշխանությունը փորձում էր ճնշում գործադրել կամ տարբեր կերպերով համոզել, առնել՝ պարտադիր չէ փողով, ինչ-որ պաշտոն խոստանալով, ինչպես Մեղրիում փորձեցիք անել, որպօեսզի այդ ընդդիմադիրները քվեարկեն ՔՊ-ի օգտին։ բայց շատ ընդդիմադիրներ չքվեարկեցին ՔՊ-ի օգտին այն պատճառով, որ պետք է բաց, իրենց քաղաքական ուժին ընտրած ընտրողների առջև ձայն բարձրացնեին այլ քաղաքական ուժի թեկնածուի օգտին»։  

Վահագն Հովակիմյանի հիմնավորմամբ՝ նպատակը քաղաքական դաշտում իրական կոալիցիաների և քննարկումների խրախուսումն ու զարգացումն է։

Մինչդեռ արմատական ընդդիմությունը թեև «վրանային» պայքարից հրաժարվել է, բայց օրակարգը թողել է նույնը․ նպատակը նոր ընտրություններն են, բայց՝ ոչ տեղական ինքնակառավարման մարմինների։

Back to top button