ԿարևորՀասարակություն

Գյուղը՝ մի քանի ճանապարհի խաչմերուկում․ Նալբանդյանում տարբեր խնդիրներ են խաչվում

Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի խմելու ջրագծերը հիմնանորոգման կարիք ունեն: Դարն ապրած չուգունե խողովակները հաճախ վնասվում են, ու բնակչին հասնում է խմելու համար ոչ պիտանի ջուր: Վթարների  ժամանակ մոտ 10 կմ չուգունե խողովակ փոխարինվել է պլաստմասե խողովակով: Բայց լուծումը մասնակի է,  իսկ ջրի մասնակի լուծմամբ գյուղացին հողից մասնակի էլ արդյունք է ստանում։ 

Նալբանդյան գյուղի խմելաջրի ներքին ցանցի քայքայվածության պատճառով վթարներն անխուսափելի են: Դարն ապրած չուգունե խողովակները հաճախ չեն դիմանում ջրի ճնշմանն ու վնասվում են, ու մարդկանց հասնում է վատորակ խմելու ջուր: Հարցը մտահոգում է գյուղացիներին.

«Խմելու ջուրը շատ վատ է: Մեր գյուղում ջրից աղիքային ինֆեկցիաներ են լինում, որովհետև խողովակները ծակծկված են: Անասունները առվից ջուր են խմում կամ անձրև է գալիս, այդ ջրերը ներթափանցում են խմելու ջրագծերի մեջ, մատակարարվում մեզ, մենք էլ խմում ենք: Բավականին երկար ժամանակ փոսեր էին փորել ու չէին կարողանում վթարները վերացնել, որ փոսերը փակեին»:

Նալբանդյանի՝ խորհրդային տարիներին կառուցված խմելու ջրագծերն այդ տարիներից ի վեր չեն փոխվել: Խմելաջրի ներքին ցանցը 30 կմ է: Բնակավայրի վարչական ղեկավար Գրիգոր Մկրտչյանն ասում է՝ ընթացքում մասնակի լուծումներ են տրվել։ Վթարների ընթացքում մոտ 10 կմ չուգունե խողովակ փոխարինվել է պլաստմասեով:

«Մի պահ վիճակը շատ ծանր էր, վթարները շատացել էին: Դա հիմնականում լինում է գարնան շրջանում, երբ ընդերքը սկսում է խաղալ: Մեր խողովակները չուգունից են և ճկվելու հնարավորություն չունեն, սկսում են կոտրվել: 20-ից ավելի վթարներ ունեինք։ Հիմա դրանք մասամբ փոխվել են ու լավ վիճակում են»:

Նալբանդյանում խմում են արտեզյան 7 հորերից եկող ջուրը։ Հորերի խորությունը 100 մետրից ավելի է, ջրի որակը՝ լավ, բայց վնասված խողովակների պատճառով հաճախ մինչ գյուղացուն հասնելը որակազրկվում է: Վարչական ղեկավար Գրիգոր Մկրտչյանն ասում է, որ խմելու ջրի ներքին ցանցն ամբողջությամբ հիմնանորոգման կարիք ունի.

«Մեծամոր խոշորացված համայնքը նախատեսել է մեր գյուղի խմելու ջրագծի 1 կմ 200 գծմ հատվածը փոխարինել պլաստամասե խողովակներով: Մեր ջրի որակը լավն է՝ խմելու պիտանի, բարձրորակ ու քաղցրահամ: Ջուրը պարբերաբար լաբորատոր հետազոտության է ենթարկվում, որի համար համայնքը վճարում է»:

Գյուղում ոռոգումն ինքնահոս է՝ Արաքս գետից ու Ախուրյանի ջրամբարից: Թեպետ Նալբանդյան գյուղի վարչական ղեկավարն ասում է՝ գյուղը ոռոգման խնդիր չունի, քանի որ ջրատարն իրենց տարածքով է անցնում, բայց գյուղացիները հակառակն են պնդում՝ ոռոգման պիկ շրջանում ջրի խնդիր միշտ կա, երբեմն այլ միջոցների են դիմում.

«Տարվա կեսից լավ չի ջրերի վիճակը: Եթե Ախուրյանի պես մի հատ էլ ջրամբար լիներ, կուտակեին՝ լավ կլիներ, թե չէ՝ կռվով-դավով մի կերպ ջրում ենք: Հիմա ով հորեր ունի, պոմպերով մի կերպ կարողանում է ջրել»:

«Դրանք հիմնական խորքային հորերի ջրեր չեն, այլ մակերեսային թափառող ջրեր են, որոնք 10-15մ խորքից են հանում, որպեսզի կարողանան բույսերը պաշտպանեն չորանալուց»:

Գյուղում խաղողի այգիները շատ են, իսկ բանջարեղենի մշակությունը պակասել է, փոխարինվել պտղատու այգիներով: Նորայր Գևորգյանը 2.5 հա հողում անցած տարի այգի է հիմնել, բացատրում է՝ ինչու՞.

«Նորատունկ ծառեր են բոլորը՝ դեղձ ու ծիրան: Ծիրանը 2 հա է, մինչ այդ վարելահող էր. սեխ, ձմերուկ ու լոլիկ էի մշակում, հարմար էր, ուղղակի ջրի խնդիրն է. հուլիսից հետո այդ խնդիրն ամեն տարի կա: Գալիս, հասնում է բերքի ժամանակը՝ ջուր չի լինում, բերքը չորանում է, լավ որակի բերք չի ստացվում: Այսօր գյուղացու հիմնական խնդիրը ոռոգման ջուրն է»:

Նորատունկ այգում Նորայրն այս տարի դեռ բանջարեղեն կմշակի՝ դարձյալ սեխ ու ձմերուկ: Ասում է՝ այնպիսի մշակաբույս է դրել, որ մինչև օգոստոս հասցնի հավաքել,  ոռոգման խնդիր չունենա: Պտղատու այգիներ հիմնելու այլ պատճառներ էլ կան.

«Հիմա շատերն արդեն ծառ են տնկում, քանի որ խաղողից շատ օգուտ չեն ստանում: Անցյալ տարի ի՞նչ էր խաղողի վիճակը: Մթերողները խաղող չէին ընդունում, բերքը մնացել էր դաշտերում։ Դրա համար հիասթափվում են, չեն ուզում մշակել. աշխատողին այդքան փող են տալիս՝ 7000 դրամ, թունաքիմիկատներ ու պարարտանյութ են առնում, ծախսերը հանած՝ իրենց ոչինչ չի մնում»:

Ոռոգման ջուր չլինելու դեպքում օգնության են հասնում խմելաջրի արտեզյան հորերը: Գրիգոր Մկրտչյան.

 «Մեր գյուղում չունենք այնպիսի տարածք, որտեղ ոռոգման ջուր չհասնի: Միայն աշնանը, երբ ջուրը պակասում է, ծայրամասում ջուրը քիչ է տեղ հասնում: Այդ դեպքում արտեզյան հորերն ենք միացնում ու ջուր տալիս, որի դիմաց գյուղացիները վճարում են էլեկտրաէներգիայի ծախսը»:

Նալբանդյան գյուղը մի քանի գյուղերի խաչմերուկում է, որտեղից 4 ուղղությամբ ճանապարհներ կան: Այս խաչմերուկում ավարտվում են ջրի խնդիրներն ու սկսվում ճանապարհներինը։

Back to top button