ԿարևորՎերլուծական

Արդյո՞ք ՄԱԿ-ի Միջազգային դատարանը ճանաչել է ԼՂ անկախությունը Ադրբեջանից

Անի Աբաղյան

Արցախի Հանրային ռադիո

Օրերս Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որը հայկական տարբեր լրատվամիջոցներ տարածել են «ՄԱԿ-ի Միջազգային դատարանը ճանաչել է ԼՂ անկախությունն Ադրբեջանից» վերնագրով: Հոդվածում նշվում է, որ պետք է օգտագործել Կոսովոյի անկախության ճանաչման նախադեպն ու համանախագահներին ներկայացնել բանակցային նոր օրակարգ։ Կուսակցությունը հիշեցնում է, որ քննարկելով Կոսովոյին վերաբերող գործը՝ դատարանը վճիռ է կայացրել՝ սահմանելով ընդհանրական իրավական եզրույթներ։ Այն է՝ երբ որևէ տարածք իր բնակչության կամքով առանձնանում է պետությունից, համաձայն ՄԱԿ-ի Կանոնադրության, կենտրոնական իշխանությունից թույլտվություն ստանալու անհրաժեշտություն չի պահանջվում։

Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունն առաջարկում է համանախագահներին ներկայացնել նոր օրակարգ՝ բանակցային գործընթացի հիմնաքարը դարձնելով ՄԱԿ-ի Միջազգային դատարանի նախադեպային որոշումը, որով, ըստ Դեմոկրատական կուսակցության, անուղղակի ճանաչվել է նաև Արցախի Հանրապետության անկախությունն Ադրբեջանից։ Դրա համար բավական են Ադրբեջանի նախագահի անընդունելի, հարձակողական, սպառնալի կեցվածքը, և, ամենակարևորը, Մինսկի խմբի համանախագահների արդեն իսկ դրսևորած պատրաստակամությունը՝ շարունակել համագործակցությունը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելու հարցում։ «Հայաստանի դեմոկրատական կուսակցության» հայտարարության մեջ որևէ նորություն ասված չէ՝ նկատում է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Դեմոկրատական կուսակցությունը հայտնագործություն չի արել, դա նույնիսկ ՔՊ-ի նախընտրական ծրագրում էր ընդգրկված. խոսքը «Անջատում հանուն փրկության» կոնցեպցիայի մասին է, բայց ՀՀ-ի և ԱՀ-ի արտաքին գործերի նախարարությունները պարտավոր են մշակել այդ իրավաքաղաքական «քեյս»-ը, որպեսզի կարողանան հիմնավորել, որ Արցախի ժողովրդի անվտանգությունը չի ապահովվում Ադրբեջանի կազմում կամ Ադրբեջանը վարում է էթնիկ զտման քաղաքականություն»:

Սա հարցի իրավական կողմն է: Քաղաքագետը կարծում է, որ պետք չէ միամիտ գտնվել ու մտածել, որ Կոսովոյի նախադեպը միանգամայն կիրառելի կլինի Արցախի հարցում. Արցախը Կոսովո չէ, Հարավային Կովկասն էլ՝ նախկին Հարավսլավիան չէ և երբ հակամարտությունները քաղաքական կարգավորումներ են ստանում, հաճախ ոչ միայն իրավական բաղադրիչները, այլև պետության, աշխարհաքաղաքական շահերն են տեղ գտնում դիվանագիտական սեղանին:

«Օրինակ Կոսովոյի հարցում Ռուսաստանը ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշմանը հակադրվում է և չի ճանաչում Կոսովոյի անկախությունը, բայց հենց Ռուսաստանին պետք է լինում այդ նախադեպն օգտագործել, օգտագործում է․ օրինակ Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների անկախության ճանաչման հարցում և հակառակը՝ ԱՄՆ-ն և աշխարհի մի շարք երկրներ ճանաչել են Կոսովոյի անկախությունը, բայց չեն ուզում այն կիրառելի դարձնել օրինակ Ղրիմի և Դոնբասի հարցում»:

Թե ինչու է «Հայաստանի դեմոկրատական կուսակցություն»-ը բանակցային նոր օրակարգի ձևավորման հարցով դիմում հենց Արցախի իշխանություններին, Սուրեն Սուրենյանցի համար անհասկանալի է․ Արցախի անկախության ճանաչման հարցում նույնիսկ Հայաստանը մենակ գործել չի կարող, պետք է դաշնակիցներ ունենա։ Բայց անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստ չեն լրջորեն քննարկել հարցը՝ ասում է Սուրենյանցը։

«Հայաստանն արդեն մեծ դերակատարություն չունի Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործում, էլ ուր մնաց Արցախի իշխանություններն ունենան։ Իհարկե, Արցախի իշխանությունը պետք է ակտիվ լինի, բայց պատկերացնել, որ պաշտոնական Ստեփանակերտին շատ մեծ դերակատարություն է վերապահված այդ փուլում, այդքան էլ իրատեսական չէ»։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը համաձայն չէ այն մտքին, թե Հայաստանն այլևս մեծ դերակատարություն չունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում։

«Արցախի հարցի կարգավորման բանալին Հայաստանում է։ Եթե մենք թիկունքում ունենանք հզոր Հայաստան, աշխարհի գերտերությունները մեզ հետ հաշվի կնստեն»։

Թշնամի պետության հետ հարաբերությունները չվատացնելու, նավթադոլարներից չհրաժարվելու համար պետությունները հրաժարվում են ընդունել Արցախի անկախությունը, անկախ նրանից, թե ինչ փաստաթուղթ է դրված դիվանագիտական սեղանին։

«Այս հանգամանքներից ելնելով՝ միջազգային կառույցները հրաժարվում են Արցախի անկախությունը ճանաչելուց, իսկ ինչ վերաբերում է նոր օրակարգին, մենք տարբերակներ ենք որոնում մեր արդար դատը առաջ տանելու, այսինքն փորձում ենք հասնել մեր նպատակին»։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի խոսքով՝ 44-օրյա պատերազմից հետո դժվար է Հայաստանը կոչել Արցախի անվտանգության երաշխավոր։ Հակամարտության կարգավորումը, այդ թվում, կարգավիճակի հարցի հստակեցումը, քաղաքագետը տեսնում է փուլային տարբերակով։

«Առաջին փուլում առանց Արցախի հարցը շոշափելու պետք է քննարկվի Հայաստանի և Ադրբեջանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցը, կոմունիկացիաների ապաշրջափակման հարցերը, հետո անդրադարձ կատարվի ԼՂ-ի կարգավիճակի խնդրին, որովհետև այս պահին հայկական կողմին ձեռնտու չէ կարգավիճակի հարցի քննարկումը»։

Դառնալով հոդվածի վերնագրին, որով նյութը կայծակնորեն տարածվեց հայկական մեդիայում, զրուցակիցներս նշում են՝ ՄԱԿ-ի Միջազգային դատարանն, իհարկե, չի ճանաչել ԼՂ անկախությունն Ադրբեջանից։ Բայց ինչպես Հայաստանը չունի դաշնակիցներ Արցախի Հանրապետության ճանաչման հարցում, նույնպես և Ադրբեջանը չունի դաշնակինցներ՝ «Չկա այլևս Ղարաբաղի հարց, այդ հարցն արդեն լուծված է» թեզում։ Եվ հենց այստեղ է Հայաստանի մանևրելու հնարավորությունը։ Ի վերջո, 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ամրագրված է Լեռնային Ղարաբաղ աշխարհաքաղաքական միավորը և այդ փաստաթղթի տակ, ուզի, թե չուզի, առկա է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրությունը։

Back to top button