ԿարևորՔաղաքական

ԱՄՆ-ն կշարունակի ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին՝ շրջանցելով 907-րդ բանաձևը

ԱՄՆ-ն կշարունակի ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին՝ շրջանցելով  907-րդ բանաձևը։ Բայդենի վարչակազմի որոշումը հիասթափեցնող է  հայ համայնքի ներկայացուցիչների, ոչ անսպասելի՝  վերլուծական շրջանակների համար։ Քաղաքագետները նկատում են, որ 2002 թվականից ի վեր այս ճանապարհով են գնացել ԱՄՆ բոլոր նախագահները, սակայն  կար ակնկալիք, որ գործընթացի տրամաբանությունը կփոխվի 44-օրյա պատերազմից հետո։

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի հաղորդմամբ` չնայած Հայաստանի Հանրապետության ու Արցախի նկատմամբ ադրբեջանական շարունակական ագրեսիային, նախագահ Ջո Բայդենը կրկին հրաժարվել է 907-րդ բանաձևի սահմանափակումների կիրառումից և ճանապարհ բացել Ալիևի հակահայկական ու կոռումպացված ռեժիմին ամերիկյան օգնություն տրամադրելու համար։

Հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի կարծիքով՝  Բայդենի որոշումը «կանաչ լույս» է Ադրբեջանի համար և քաջալերում է Ալիևին շարունակել Արցախի ու Հայաստանի նկատմամբ ոտնձգությունները, անօրինական պահել հայ ռազմագերիներին։

907-րդ բանաձևն ուժի մեջ է մտել 1992 թվականին և նախատեսում է կանոնադրական սահմանափակումներ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի կառավարությանը տրամադրվող օգնությանը, քանի դեռ Ադրբեջանի կառավարությունը կոնկրետ քայլեր չի ձեռնարկում դադարեցնելու Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ շրջափակումն ու հարձակումները։ 2002թ․ Կոնգրեսը ԱՄՆ նախագահին հնարավորություն տվեց ամեն տարի հրաժարվել «Ազատության աջակցության ակտի մասին» 907-րդ բանաձևի սահմանափակումների կիրառումից։ Այս հնարավորությունից ամերիկյան նախագահներն ամեն տարի օգտվում են։

2002 թվականից ի վեր ԱՄՆ բոլոր նախագահները ռազմական օգնություն են տրամադրում Ադրբեջանին՝ ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում ՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նկատում է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

«Պատերազմից հետո մի փոքր հնարավորություն կար, որ 907 բանաձևի գործողությունը վերականգնվեր, այսինքն՝ նախագահն այլևս չշրջանցեր 907 բանաձևը, քանի որ պատերազմից հետո իրավիճակն էապես փոխվել էր, և բոլորը տեսան, որ Ադրբեջանը ագրեսիվ գործողություններ է իրականացնում Հայաստանի ու Արցախի դեմ։ Ամերիկայի հայ համայնքն ու լոբբիստական կազմակերպությունները փորձում էին այս հնարավորությունից օգտվել, սակայն միայնակ էին իրենց այս պայքարում»։

Մինչդեռ Բայդենը մինչև նախագահի  պաշտոնը ստանձնելը այլ խոստում էր տվել՝ 2020թ․ հոկտեմբերի 14-ին հայտարարելով, թե «Միացյալ Նահանգները պետք է ամբողջությամբ իրականացնի և չհրաժարվի «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի պահանջներից և դադարեցնի ռազմական տեխնիկայի հոսքը դեպի Ադրբեջան»: Բայդենն իր դիրքորոշումից սակայն հրաժարվեց 2021թ․ ապրիլի 23-ին։

Եթե ամերիկյան ռազմական այս օգնությունը Ադրբեջանին տրամադրվում է ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում, ապա պետք է հաշվի առնվեր, որ 44-օրյա պատերազմի ժամանակ հենց Ադրբեջանն էր մեծ թվով ահաբեկիչների ներգրավել, ինչը, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի կարծիքով, հիմք էր որպեսզի ԱՄն-ը դադարեցներ Բաքվին ռազմական աջակցության տրամադրումը։

«Եթե արձանագրենք, որ 44-օրյա պատերազմում Ադրբեջանի կողմից մասնակցել են առնվազն մի քանի հազար ահաբեկչական խմբավորման անդամներ, որի մասին հրապարակավ բարձրաձայնել են նվազագույնը երկու պետություն՝ ՌԴ և Իրանը, ապա դրանից կարելի է գնահատել, թե այդ գումարները, որոնք հոսում են Ադրբեջան, որքանով են  արդյունավետ հակաահաբեկչական կառույցների դեմ կառույցներ ստեղծելու կամ կատարելագործելու տեսանկյունից»։ 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, մի կողմից, իր խոսքում օգտագործում է այդքան սպասված ցեղասպանություն ձևակերպումը, մյուս կողմից՝ 44-օրյա պատերազմից հետո ագրեսոր Ադրբեջանին ռազմական օգնություն է տրամադրում։ Փորձագետի համոզմամբ՝ «ցեղասպանություն» ձևակերպման կիրառումը ապրիլ 24-յան ելույթում պետք է բարոյական հարթության մեջ դիտարկել, իսկ այն, ինչ տեսնում ենք այսօր, ամերիկյան շահերը սպասարկող դիրքորոշման շրջանակում  է։

«Որևէ իրավական կամ քաղաքական գնահատական չտրվեց ԱՄՆ-ի կողմից, երբ արձանագրվեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ մեծ թվով ահաբեկիչներ են ներգրավված եղել Ադրբեջանի կաողմից։ Ուստի՝ գնահատելիս, թե Ջո Բայդենն ինչու է օգնում Ադրբեջանին, պետք է հաշվի առնել, որ կան պետական շահեր, որոնց համատեքստում հավաքական Արևմուտքին ձեռնտու է, որպեսզի Ադրբեջան պետությունը տարածաշրջանում լինի ուժեղագույններից մեկը, ներառյալ ռազմական առումով»։

907-րդ բանաձևի պահանջների կատարումից այս հրաժարմանը նախորդել էր տարեսկզբին ԱՄՆ կառավարության հաղորդումն այն մասին, որ ամերիկյան ռազմական օժանդակությունն Ադրբեջանին հաշվի չի առել Հարավային Կովկասում ուժի հավասարակշռության խախտման հավանականությունը, որի վերաբերյալ Պետդեպարտամենտը պատշաճ կերպով չի զեկուցել Կոնգրեսին։ Համաձայն զեկույցի՝ 2002-ից 2020թթ․ ընթացքում Ադրբեջանը ստացել է 808 մլն դոլարի ամերիկյան օգնություն։

Ընդ որում՝ տրամադրվող աջակցության ծավալների տարբերությունը զգալիորեն մեծացել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք (2017-2021թթ․)՝  Հայաստանը ստացել է 16.1 մլն, իսկ Ադրբեջանը՝ 105 մլն դոլար օգնություն:

Back to top button